կարևոր
829 դիտում, 3 ժամ առաջ - 2025-08-12 21:30
Քաղաքական

Այսպիսի ընթացքը չի կարող մոտեցնել սպասված խաղաղությանը․ Արցախի ԱԺ հայտարարությունը Վաշինգտոնյան բանակցությունների կապակցությամբ

Այսպիսի ընթացքը չի կարող մոտեցնել սպասված խաղաղությանը․ Արցախի ԱԺ հայտարարությունը Վաշինգտոնյան բանակցությունների կապակցությամբ

Արցախի ԱԺ խմբակցությունները հայտարարություն են տարածել Հայաստանի, Ադրբեջանի և Միացյալ նահանգների ղեկավարների միջև Վաշինգտոնում կայացած հանդիպման արդյունքների կապակցությամբ։

«Արցախի Հանրապետության Ազգային ժողովը բարձր է գնահատում միջազգային հանրության կողմից Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդման ուղղությամբ տարվող բազմամյա ջանքերը։ Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ ԱՄՆ-ը կարևոր դեր է ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում, ինչը ըստ արժանվույնս է գնահատվել Արցախի ժողովրդի ու նրա իշխանությունների կողմից:

Տարիների ընթացքում և հետևողական ու համբերատար աշխատանքի արդյունքում Ամերիկայի Միացյալ Նահանգները մյուս երկու համանախագահ երկրների՝ Ֆրանսիայի և Ռուսաստանի հետ միասին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին ներկայացրել են միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխանող կարգավորման մի բանաձև՝ Մադրիդյան սկզբունքներ անունով, որի առանցքում եղել են ուժի և ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիությունը, ինքնորոշման իրավունքը և տարածքային ամբողջականությունը։ Մինչև 2020թ. Մինսկի խմբի համանախագահ երեք երկրները ամենաբարձր՝ նախագահների մակարդակով վստահեցրել են Արցախի ժողովրդին, որ հիմնախնդիրն ունի միայն խաղաղ լուծում և այն իրականացվելու է վերոնշյալ սկզբունքների հիման վրա:

Ամեն ինչ փլուզվեց 2020թ. սեպտեմբերի 27-ի ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով, իսկ դրա դատապարտաման բացակայությունը հանգեցրեց ավելի մեծ ողբերգության, երբ հազարամյա հայկական Արցախի 150 հազար բնակչությունը, ցեղասպանվելու սպառնալիքի տակ, տեղահանվեց իր հայրենիքից և ապաստան գտավ Հայաստանի Հանրապետությունում:

Ակնկալվում էր, որ գոնե այդ մեծ արհավիրքից հետո միջազգային ազդեցիկ կենտրոնները և, իհարկե, առաջին հերթին ՄԽ համանախագահ երկրները պարտավոր էին արագ արձագանքել՝ փակուղուց դուրս գալու ելքեր առաջարկելով: Սակայն, ցավով պետք է նշենք, որ ՄԽ համանախագահ երկրները ընտրեցին «ամենահեշտ» ճանապարհը՝ տարբեր պատրվակներով հրաժարվեցին միջնորդ-խաղաղարարի իրենց պարտավորություններից և նույնիսկ, փաստացի քաջալերելով մարդկության դեմ հանցագործությունը, անտեսեցին Արդարադատության միջազգային դատարանի՝ իր պատմական հայրենիք անվտանգ և երաշխավորված վերադառնալու Արցախի ժողովրդի իրավունքը վերահաստատող պարտադիր որոշումը:

Խաղաղության և կայուն զարգացման նշանակությունը ոչ ոք ավելի լավ չգիտի, քան Արցախի ժողովուրդը, որ իր իրավունքների պաշտպանության համար անցել է բազում զրկանքների ու զոհողությունների միջով, դիմակայել է Ադրբեջանի կազմակերպած մոտ տասը ամսվա համատարած շրջափակմանը, բայց այսպիսի ընթացքը չի կարող մոտեցնել այն սպասված խաղաղությանը, որի կարիքն ունեն տարածաշրջանի բոլոր ժողովուրդները:

Հավատացած ենք, որ Հայաստանի իշխանությունների կեցվածքը Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների անտեսման հարցում միայն թվացյալ հաջողության պատրանք կարող է առաջացնել միջազգային անվտանգային օրակարգում և առաջիկայում խորը հիասթափության առիթ է դառնալու իրական խաղաղությամբ շահագրգիռ դերակատարների համար:

Համոզված ենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման փաթեթն անպայման պետք է ներառի.

— Արցախի ժողովրդի անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավունքն իր պատմական հայրենիք և մշտական բնակության վայրեր,

— Արցախի ժողովրդի հոգևոր-մշակութային ժառանգության պաշտպանության հարցը, որն արդեն խիստ վտանգված է ադրբեջանական օկուպացիայի հետևանքով,

— Հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի չլուծված հարցերը, որոնք հանգեցնում են Բաքվի բանտերում նրանց իրավունքների ոտնահարման և անօրեն դատական գործընթացների:

Նման իրավիճակում ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման գործընթացի սկիզբը բացահայտում է համանախագահ երկրների վարած արտաքին քաղաքականության ոչ հետևողական լինելը, խաթարում է նրանց հեղինակությունը և ստանձնած պարտավորությունների հանդեպ առաջացնում անվստահություն և փաստում, որ փոքր կամ «նվազ ռազմավարական» տարածաշրջանները շարունակում են որպես մանրադրամ օգտագործվել քաղաքական մեծ խաղերի համար:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը ահազանգում է խաղաղարարության առաքելությունը տապալած դերակատարների պատասխանատվությունը քողարկելու փորձերի մասին և վերահաստատում է իր հավատարմությունը իրական խաղաղության գաղափարին՝ հիմնված արդարության, իրավունքի և փոխվստահության վրա»։