կարևոր
529 դիտում, 4 ժամ առաջ - 2025-08-12 15:04
Հասարակություն

Վկան, ով խոստովանել է, որ ինքն է կատարել սպանությունը ազատության մեջ է, իսկ Նարեկ Սարգսյանը 3 տարի և ավել ազատազրկված․ փաստաբան

Այսօր տեղի է ունեցել Նարեկ Սարգսյանի գործով փաստաբանների մամուլի ասուլիսը։

Հիշեցնենք, որ տուժողի՝ 35-ամյա Տաթևիկ Աբրահամյանի դին հայտնաբերվել է 2022 թ. մայիսի 5-ին՝ Երևանի բնակարաններից մեկում՝ պարանոցի և դեմքի շրջանում բռնության հետքերով։ Վերջինս ոստիկանության Կոտայքի մարզային վարչության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Ավետիք Աբրահամյանի դուստրն էր, աշխատում էր ԵՊՀ-ում՝ որպես դասախոս։ Քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել, ապա կալանավորվել է Տաթևիկի ամուսինը՝ Նարեկ Սարգսյանը։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի առաջին մասով՝ սպանության հատկանիշներով։ Նարեկ Սարգսյանը Մրգավետ համայնքի նախկին ղեկավարի որդին է, որն, ըստ մեղադրանքի, խեղդամահ է արել կնոջը։ Պաշտպանական կողմը շարունակում է պնդել, որ Նարեկ Սարգսյանն առնչություն չունի դեպքին։ 

Փաստաբան Աննա Ծառուկյանի խոսքով՝ դատարանները Նարեկ Սարգսյանի կալանքի հիմքերը շարունակում են պահպանել, թեև նախկինում արձանագրել էին, որ փախուստի կամ խոչընդոտելու ռիսկ չկա։ Նա նշեց, որ առկա ապացույցները հակասում են մեղադրանքին․ տուժողի և մեղադրյալի հեռախոսների տեղաշարժերը չեն համընկնում, իսկ սպանության մեթոդի վերաբերյալ փորձագիտական տվյալները ցույց են տալիս, որ խեղդումը արվել է պարանով կամ շորով, ոչ թե ձեռքերով։

Ծառուկյանի պնդմամբ՝ գործով չկա որևէ վկա, ով դատարանում ասել է, թե սպանությունը կատարել է Սարգսյանը, իսկ շարժառիթի բացակայությունը նույնպես կասկածներ է առաջացնում։ Նա ենթադրում է, որ գործի հիմքում կարող է լինել գույքային շահ, քանի որ տուժողն ու մեղադրյալը մեծ գույք ունեն, և որոշ կողմերին կարող է հետաքրքրել անարժան ժառանգ ճանաչելու հարցը։ Փաստաբանը հայտարարում է, որ 3 տարուց ավելի շարունակվող կալանքը և դատավորի մերժումները ապօրինի են և արդեն հասել են ՄԻԵԴ։

Մանրամասն՝ տեսանյութում։