Փոխարժեքներ
13 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Քաղաքագետ Էլբակյան Էդգարը գրում է․
«Օգոստոսի 10-ին Սյունիքի Տեղ գյուղում տեղի է ունեցել գյուղի օրվան նվիրված տոնական միջոցառում։
Միջոցառումը մեկնարկել է գյուղի վաղմիջնադարյան Սուրբ Գևորգ եկեղեցում կատարված ժամերգությամբ, որին հաջորդել է հերոսների պուրակում Զորավար Անդրանիկի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը։ Կիսանդրու գաղափարի հեղինակն ու աշխատանքների կազմակերպիչը «Հայկական նախագիծ» գիտակրթական հասարակական կազմակերպության համահիմնադիր, քաղաքագետ Էդգար Էլբակյանն է։
Կիսանդրու ստեղծման աշխատանքները մեկնարկել են 2019 թ․-ին և հնարավոր դարձել 97 նվիրատուների միջոցներով։ Ի սկզբանե նախատեսված էր կիսանդրին տեղադրել Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Մարքիզ լեռան վրա, որը 1918 թվականի դեկտեմբերի 1-ին՝ դեպի Շուշի արշավանքի ընթացքում, ազատագրվել է Զորավար Անդրանիկի ուժերի կողմից։ Սակայն 2020 թ. Արցախյան երրորդ պատերազմից և Քաշաթաղի ժամանակավոր օկուպացիայից հետո առժամանակ անհնար է դարձել նախանշված վայրում կիսանդրու տեղադրումը։
Այս կապակցությամբ դիմելով Տեղի բնակիչներին՝ Է․ Էլբակյանն իր խոսքում ընդգծել է․ «Այս ազգային մասունքի ժամանակավոր ձեզ ի պահ հանձնվելը նաև պարտականություն է ձեզ համար՝ ձեր օրինակով՝ որպես այսօրվա դրությամբ սահմանապահ, ապացուցելու, որ մեր հերոսների պայքարն իզուր չի անցել։ Պարտականություն է Անդրանիկի անցած ճանապարհի, Արցախյան առաջին պատերազմի հաղթական ճանապարհը կերտողների առաջ առ այն, որ նրանց գործը երբեք կիսատ չի մնալու»։
Կիսանդրու քանդակագործն է գորիսաբնակ Հարություն Համբարչյանը։ Տեղադրումը հնարավոր է դարձել Տեղ համայնքի ղեկավարության ներգրավվածության շնորհիվ»։