կարևոր
934 դիտում, 2 ժամ առաջ - 2025-08-13 17:20
Քաղաքական

Պետք է հաշվի առնել ՌԴ սահմանապահների ներկայությունը ՀՀ-ում. ՌԴ ԱԳՆ

Պետք է հաշվի առնել ՌԴ սահմանապահների ներկայությունը ՀՀ-ում. ՌԴ ԱԳՆ

«Թրամփի ուղի» նախագծի մանրամասները դեռ չեն հրապարակվել, բայց հաղորդակցությունների ապաշրջափակման դեպքում պետք է հաշվի առնել ՀՀ անդամակցությունը ԵԱՏՄ-ին և ՌԴ սահմանապահների ներկայությունը ՀՀ-ում։ Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեևը։

«Ինչ վերաբերում է «Թրամփի ուղուն», Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը կուսումնասիրի նախագծի մանրամասները, որոնք, ի դեպ, դեռևս հրապարակային չեն։ Եվ, ինչպես արդեն նշել ենք, Հարավային Կովկասում արտատարածաշրջանային ուժերի ներգրավումը այս դեպքում պետք է առաջ մղի խաղաղության օրակարգը, այլ ոչ թե ստեղծի նոր խնդիրներ և նոր բաժանարար գծեր:  Մենք նաև նշել ենք, որ անհրաժեշտ է հաշվի առնել այնպիսի գործոններ, ինչպիսիք են Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին և ռուս սահմանապահների ներկայությունը Սյունիքի մարզում։ Դրանք պետք է հաշվի առնվեն տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ որոշումներ մշակելիս։

Ռուսաստանը շարունակական կապեր է պահպանում նաև Իրանի հետ Հարավային Կովկասի անվտանգության հարցերով և ուշադիր ուսումնասիրել է Իրանի կողմից արած հայտարարությունները՝ կապված Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի առաջնորդների համաժողովի վերաբերյալ և այդ հայտարարություններում տեսնում է տարբեր նրբություններ և շեշտադրումներ»,- նշել է Ֆադեևը:

Հիշեցնենք, որ Վաշինգտոնի Հռչակագրով նախատեսված ճանապարհը, որով Ադրբեջանը ուղիղ կապ է հաստատում Նախիջևանի և Թուրքիայի հետ, հայրենական և միջազգային բազմաթիվ հեղինակավոր փորձագետներ համարում են ոչ միայն միջանցք, այլև Մեծ թուրանի ստեղծման մահաբեր ուղի։ 

Նշված ցամաքային կապի ստեղծումը արհեստածին Ադրբեջանի ստեղծման օրվանից եղել է Թուրքիայի օրակարգում, սակայն ձախողվել է 1918 թ. Մայիսյան հերոսամարտերի, Լեռնահայաստանի (Սյունիք-Զանգեզուրի) հերոսական պայքարի, Սովետական Հայաստանի ստեղծման և 1922 թ. ԽՍՀՄ-ի կազմում ներառվելու, ի վերջո, Արցախյան նորօրյա գոյապայքարի, հաղթանակի ու հայ ժողովրդի շուրջ 30-ամյա արժանապատիվ ընթացքի պայմաններում։ 

Ներկայումս ՀՀ-ում իշխող օկուպացիոն և թրքահաճ ռեժիմի գոյության և հանցավոր գործունեության պայմաններում Թուրքիան ու Ադրբեջանը փորձում են արդեն առանց զենքի, «հայկական» իշխանության ձեռքով իրագործել Թուրքիայի և Ադրբեջանի միացման ու հայկական սեպի վերացման իրենց դարավոր ծրագիրը։