կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-30 17:39
Քաղաքական

ԵՊՀ-ի բռնազավթման նոր փորձ. Ռուբինա Պետրոսյան

ԵՊՀ-ի բռնազավթման նոր փորձ. Ռուբինա Պետրոսյան

Ապրիլի 28-ին Կառավարությունը շրջանառության մեջ է դրել որոշման մի նախագիծ, որով փորձում է իրեն ապահովագրել հակաիրավական, հակասահմանադրական հերթական  նախաձեռնության  հնարավոր, իրականում շտապելով ասեմ, անխուսափելի տապալումից: Խոսքը բուհական համակարգի վերջնական քայքայման, Սահմանադրությամբ բուհերին վերապահված ինքնակառավարման, ակադեմիական ազատության իրավունքներից զրկող` Կառավարության որոշման նախագծի (հասանելի է հետևյալ հղմամբ https://www.e-draft.am/projects/3217/about) մասին է: Այս անգամ էլ ենթաօրենսդրական մակարդակում է փորձ արվում նոր, իհարկե, չզարմացնող և ծայր աստիճան իրավական անգրագիտությամբ զետեղել դրույթներ, որոնք ԵՊՀ-ին կզրկեն ինքնավարությունից: Մասնավորապես, ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 27-ի «Երևանի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի վերակազմավորելու և գույք տրամադրելու մասին» N 1408-Ն որոշման մեջ նախատեսվող փոփոխություններով ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի գերակշիռ մասը՝ 65 տոկոսը լինելու են Կառավարության ներկայացուցիչները:

Իրավական մտքի այս նոր փայլատակման պատճառը Ազգային ժողովի կողմից ապրիլի 2-ին  ՀՀ նախագահի ստորագրմանը ներկայացված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը նախագահի կողմից չստորագրելը և Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով Սահմանադրական դատարան դիմելն է: Ուստի, «հեռատես», «կրթության և գիտության ջատագով» Կառավարությունը չէր կարող հաշտվել այս չափազանց իրավաչափ քայլի հետ` միևնույն ժամանակ գիտակցելով Սահմանադրական դատարանի՝ իր առաքելությանը հավատարիմ գործելու նախադեպային պրակտիկան, ինքն էլ հավատարիմ մնաց իր որդեգրած՝ գործելաոճին և ԵՊՀ-ին ինքնավարությունից զրկող նույն դրույթները ամրագրեց  այս անգամ ԵՊՀ Կանոնադրության մեջ:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Կանոնադրությունում սահմանված այժմյան՝ հավասար համամասնությունը բացասաբար է անդրադառնում հոգաբարձուների խորհրդի՝ կառավարչական որոշումներ կայացնելու օպերատիվության վրա, որոշ դեպքերում հանգեցնում խորհուրդների նախագահների և ռեկտորների ընտրության գործընթացի արգելափակմանը՝ տարբեր բուհերում խորհուրդները դարձնելով խմբային շահերի հակամարտության հարթակ՝ փաստացի կաթվածահար անելով հաստատության բնականոն գործունեությունը։ Այդպիսով, Նախագծի հեղինակը «ազնվորեն» ընդունում է իր՝ այժմյան, բուհը սեփական շահերին համահունչ կառավարելու լիազորությունից զրկված լինելը, միևնույն ժամանակ «քայլ է անում» (քանի որ միայն դա են դեռևս հաջող իրականացրել)՝ ինքն իրեն օժտելու այդ համակարգը ևս քայքայելու լիազորությամբ:

   Մարգարեություն չեմ անի ասելով, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի առանձին դրույթներ կճանաչվեն  հակասահմանադրական, որքանով  չեն ապահովվում ուսումնական հաստատության ողջամիտ ինքնավարությունը չեն երաշխավորվում  բուհի ինքնակառավարման սահմանադրական իրավունքը:

Հետևաբար, Կառավարությանը «ցավով» պետք է տեղեկացնել, որ այս Նախագիծը ևս ինքնաբերաբար կճանաչվի հակասահմանադրական, որքանով Սահմանադրության  5-րդ հոդվածով ամրագրված իրավական նորմերի աստիճանակարգությանը համապատասխան՝ օրենքները պետք է համապատասխանեն սահմանադրական օրենքներին, իսկ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը՝ սահմանադրական օրենքներին և օրենքներին:

  

  Ռուբինա Պետրոսյան