կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-14 15:08
Հասարակություն

Իրավական, բարոյական և այլ ճգնաժամեր բերած «թավիշը». Ռուբինա Պետրոսյան

 Իրավական, բարոյական և այլ ճգնաժամեր բերած «թավիշը». Ռուբինա Պետրոսյան

2018թ. ոչ բռնի, թավշյա հեղափոխությամբ մեկնարկված «սիրով», «հանդուրժողականությամբ» մեր պետության 2.5 տարվա կառավարումը ճգնաժամ առաջացրեց բոլոր ոլորտներում, իսկ թե ինչ եղավ վերջում՝ ամենավատ երազում անգամ ոչ ոք չէր ուզի տեսնել: Հակադրվելով այս 2,5 տարվա կառավարման ընթացքում իշխանության որդեգրած «խոսել-չհասկացածից», «կարևորը ձևն է` ոչ բովանադակությունը», «քայլած և ոչ պրոֆեսիոնալ» մոտեցումներից` կանդրադառնամ միայն ԻՐԱՎԱԿԱՆ, ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ և որ ամենից ծանրն է՝ ստեղծված ԲԱՐՈՅԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԵՐԻՆ՝ մնացածի բարձրաձայնումը թողնելով ոլորտի գիտակներին: 2018թ. հեղափոխությունից հետո ՀՀ նոր իշխանությունների վարած քաղաքականության բացասական հետևանքներն, իհարկե, ուշացնել չտվեցին նաև իրավական, օրենսդրական դաշտում: Հիմա` ամենից ակնառուների մասին, քանի որ, ցավոք, ցանկը շատ ընդարձակ է...

Ոլորտում «բարեփոխումների» ազդակը տրվեց ՀՀ կառավարության 2019թ. հոկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» որոշման ընդունմամբ, որին հաջորդեցին մի շարք օրենքների նախագծեր, որոնցում առանցքայինը Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող զարգացումներն էին, դատական համակարգում «վեթինգի» կամ ինչպես իրավական ակտերի նախագծերում էր նշվում «դատավորների բարեվարքության գնահատման» իրականացումը և այլն: Նշված իրավական ակտերի նախագծերը ի սկզբանե միանշանակ չընդունվեցին թե մասնագիտական, թե քաղաքական, թե հասարակական լայն շրջանակների կողմից, որը բերեց տեսակետների բախումների, հակասական գնահատականների, սրեց հասարակության մեջ առկա առանց այն էլ լարված մթնոլորտը՝ խորացնելով «նախկին-ներկա», «սև ու սպիտակ» տրամադրությունները: Արդյունքում՝ ականատես եղանք նշված իրավական ակտերի դե յուրե ընդունմանը, իրավական համակարգի քայքայման «ամուր հիմքերի» դե ֆակտո ստեղծմանը: Դատական իշխանությունում չկատարվեց «վեթինգ», ընդհակառակը` շատ դեպքերում դատավորի՝ արդարադատության իրականացնողի վեհ կոչումը վերափոխվեց սոսկ քաղաքական պատվիրատուի՝ հնազանդ կատարածուի կոչմանը (hարգանքներ բոլոր նրանց, ովքեր հավատարիմ մնացին իրենց կոչմանը, իսկ նրանք քիչ չեն): Մինչդեռ դրանց մշակման, ընդունման համար ծախսվել էին մարդկային և ֆինանսական զգալի միջոցներ և բոլոր ամբիոններից հնչում էին բարձրագոչ ելույթներ՝ օրենսդրական բարեփոխումների հիմքում՝ ազգային շահի, խտրականության բացառման, իրապես անկախ, արդյունավետ, կոռուպցիայից և հովանավորչությունից զերծ դատական իշխանություն ունենալու բացարձակ առաջնահերթության և ոչ միայն դատարանների, այլև դատախազական ու քննչական մարմինների և արդարադատության արդյունավետությունն ապահովող այլ մարմիններում անհրաժեշտ արմատական փոփոխությունների մասին:

 

Դրանցից առավել «արդյունավետ», «ստացվածներից» մի քանիսի մասին` համառոտ:

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» oրենք. սահմանադրականության հետ ակնհայտ խնդիր ունեցող այս օրենքը եկավ ոտնահարելու քաղաքացու հիմնարար իրավունքները, խարխլելու պետության իրավական, տնտեսական, սոցիալական և այլ հիմքերը: Ոտնձգվեց անձի՝ նոտարական, բանկային, ապահովագրական կամ առևտրային գաղտնիք կազմող տեղեկությունների, «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքով սահմանված` Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից արժեթղթերի հետ կատարված գործարքների վերաբերյալ տեղեկությունների դեմ, որին հետևեց մեկ այլ՝ կամայական, իրավազուրկ փոփոխություն «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում, որով բանկերը դատարանի որոշման դեպքում պարտավորվեցին տրամադրել այդ տեղեկություններն իրենց հաճախորդների վերաբերյալ։ Մինչդեռ, բանկային գաղտնիքին առնչվող՝ նախկին կարգավորումների պայմաններում վերջին տարիներին ՀՀ բանկային համակարգը կարողացել էր ներգրավել մեծ ծավալի ակտիվներ, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիներից: Դատախազության համակարգում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով զբաղվող նոր հաստիքների ստեղծումը և տարբերակված վարձատրության կիրառումը ևս կրում են կոռուպցիոն ռիսկեր։ Այդ ամենը անխուսափելիորեն հանգեցնում է կապիտալի հնարավոր արտահոսքի, խոչընդոտում է հայրենադարձության ծրագրերի իրականացումը, գործարար միջավայրում ձևավորում է անվստահության մթնոլորտ՝ հաշվի առնելով երկրում ձևավորված միջանձնային փոխկապակցված հարաբերությունները և սփյուռքի գործոնը:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենք. արդարադատություն իրականացնելու, մարդկանց ճակատագրեր վճռելու հնարավորություն ընձեռվեց ընդամենը 2-3 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող անձանց՝ դատավորի թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկվելու համար որակավորման ստուգմանը մասնակցելու տարիքային նվազագույն շեմը 28-ից իջեցնելով 25-ի, հիմքեր ստեղծվեցին դատական համակարգի պրոֆեսիոնալիզմի անկման համար՝ նպատակ ունենալով հակաիրավական վերահսկողություն ապահովելու դատական համակարգի նկատմամբ:

«Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենք (04.09.2020թ.). իբրև կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով ընդունված՝ երկրում կարանտին սահմանելու կամայական հիմքեր նախատեսող այս օրենքի նպատակն իրականում արտակարգ դրության իրավական ռեժիմի անժամկետ պահպանման իրավական նախադրյալների ստեղծումն էր՝ հավաքների ազատության սահմանափակումը, որը, ինչպես տեսանք գործնականում, որևէ դրական ազդեցություն չունեցավ համավարակի տարածումը կանխելու առումով: Հակառակը՝ արձանագրվեց վարակակիրների թվի աննախադեպ աճ՝ մահացության մակարդակի բարձր ցուցանիշով:

 

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենք (31.03.2020թ.). կրկին համավարակի կանխման քողի տակ ընդունվեց մեկ այլ, այս անգամ անձանց անձնական տվյալների պաշտպանությունը, մասնավոր և անձնական կյանքի անձեռնխելիությունը խախտող օրենք: Ինչպես տեսանք, «օրենսդրական այս բարեփոխումը» ամենևին չհանգեցրեց համավարակի դեպքերի նվազեցմանը և նպատակը միայն քաղաքացիների նկատմամբ տոտալ հակաիրավական վերահսկողության իրականացումն էր:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենք (09.10.2020թ.). այս օրենքով երկրում հայտարարված ռազմական դրությունը օգտագործվեց՝ ճնշելու համար լրատվական գործունեություն իրականացնող անձանց կողմից տեղեկությունների հրապարակումը՝ այդպիսով թույլ չտալով ժողովրդին իրազեկ լինելու ռազմաճակատում տիրող իրական վիճակի մասին: Ոտնահարվեց նաև լրատվական գործունեություն չիրականացնող անձանց կողմից կարծիքի արտահայտման ազատությունը: Երկու դեպքում էլ նախատեսվեց ոչ իրավաչափ վարչական պատասխանատվություն:

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենք (09.10.2020թ.). հավաստի լրատվության տրամադրումը կանխելու նպատակով քրեականացվեց ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնների խախտումը:

Շարունակելի...

 

Ահա, բարոյական ճգնաժամը հաստատուն հիմքերի վրա դնելու համար «թավշյա հեղափոխության» իրականցնողներն ու ջատագովները կրկին ոչինչ չխնայեցին: Ամբոխավարությունը ներկայացվեց ժողովրդավարություն, քաղաքական և այլ հետապնդումները՝ կորսված արդարության վերականգնում, առանց բավարար հիմքերի ձերբակալությունները՝ թալանածը վերադարձնելու փորձեր և այլն: «Թավիշը», «Սերն» ու «Հանդուրժողականությունը» մտան արյունով կերտված Հայրենիք, դժվարությունների հաղթահարմամբ կայացած Ինքնիշխան Պետություն, սիրով ստեղծված Ընտանիքներ, փորձություններ անցած Ընկերություններ ու շատ արագ գրանցեցին «աննախադեպ արդյունքներ»... Թավշյա հեղափոխության փոխարեն ունեցանք ոչ թավշյա քաղաքական քաոս՝ պետականության համար անդառնալի ցնցումներով:

ԻՍԿ ԹԵ ԻՆՉ ԵՂԱՎ ԱՅԴ ԱՄԵՆԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ, ԶԳԱՑ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ, ՏԵՍԱՎ ՈՂՋ ԱՇԽԱՐՀԸ, ԵՎ ՇԱՀԵՑ 1994-ԻՆ ՀԱՂԹԱԾ ԺՈՂՈՎՐԴԻՑ ԶԻՆԱԴԱԴԱՐ ԱՂԵՐՍԱԾ ԹՇՆԱՄԻՆ: Հիմա, առավել քան երբևէ, հրատապ է այս ճգնաժամերի հաղթահարումը. մի կողմից՝ օրենսդրական դաշտում համապատասխան իրավական ակտերն ուժը կորցրած ճանաչելու կամ հիմնարար փոփոխություններ կատարելու ճանապարհով, մյուս կողմից՝ բարոյական ճգնաժամի վերջնական հաղթահարմամբ:

Ի ԳՈՐԾ...