կարևոր
36343 դիտում, 1 տարի առաջ - 2023-08-12 18:06
Արցախ Տարածաշրջան

Իրավապաշտպան ՀԿ-ն նամակներով ահազանգելու է Արցախի իրադրության մասին. Ռուբինա Պետրոսյան

Իրավապաշտպան ՀԿ-ն նամակներով ահազանգելու է Արցախի իրադրության մասին. Ռուբինա Պետրոսյան

Արդեն ինն ամիս է՝ Ադրբեջանը պատանդ է վերցրել Արցախի 120.000 բնակչությանը, որոնցից 30.000-ը երեխաներ են: 


Ինն ամիս ամեն օր խախտվում են 120.000 մարդու ազատ տեղաշարժվելու, բնակության վայր ընտրելու, ազատ գործելու, առողջության պահպանության կենսական իրավունքները: Երեսուն հազար երեխա զրկված է ֆիզիկական և հոգեկան զարգացման համար անհրաժեշտ սննդից: Այս ամենը ոչ միայն չի բխում միջազգային իրավական փաստաթղթերում, ՀՀ Սահմանադրության մեջ և այլ իրավական ակտերում կարմիր թելի նման անցնող  «մարդու իրավունքների պաշտպանության» կամ «երեխայի լավագույն շահի» ապահովման միջազգային իրավական սկզբունքներից, այլև ուղիղ հակադրվում է դրանց:    
120.000 մարդ միջազգային հանրության, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կառույցների  աչքի առջև, նրանց  «գործուն անգործության», «անձայն կոչերի» և «անպատասխանատու պատասխանատվության» ներքո զրկված է սննդից, առաջին բուժօգնության համար անհրաժեշտ դեղորայքից, խախտված են նրանց կենսական բոլոր իրավունքները: Սա մարդու իրավունքների խախտման կամ պաշտպանության հարց չէ միայն, այն պետք է դառնա Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտումների, մի ողջ ժողովրդի բնաջնջելու բացահայտ ծրագրի արգելակման առաջնային նպատակ:


2022 թ. դեկտեմբերի 12-ից սկսված հումանիտար աղետը շարունակվում է արդեն համընդհանուր շրջափակմամբ: Այսօր Արցախն ամբողջովին կտրված է աշխարհից: Հունվարի 9-ից Ադրբեջանն ամբողջությամբ դադարեցրել է Հայաստանից էլեկտրական էներգիայի մատակարարումը, և այն առ այսօր չի վերականգնվել: Մարտի 21-ից Ադրբեջանն ամբողջությամբ դադարեցրել է Հայաստանից Արցախ գազի մատակարարումը, որը մինչ այդ գործում էր հովհարային անջատումներով: Հունիսի 15-ից դադարեցված են բոլոր տեսակի հումանիտար (սնունդ, վառելիք, դեղորայք, հիգիենիկ պարագաներ և այլն) մատակարարումները դեպի Արցախ: Հունիսի 25-ից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով իրականացվում է միայն դեղորայքի մատակարարում, այն էլ՝ խիստ սահմանափակումներով: Հուլիսի 8-ի կեսօրին տեղեկություն տարածվեց, որ վերականգնվել է Արցախի գազամատակարարումը, սակայն հուլիսի 9-ի կեսօրից այն կրկին դադարեցվեց: Ի՞նչ է սա, եթե ոչ նորօրյա ցեղասպանություն:


Ժողովրդավարության գլոբալ ինդեքսում «ավտորիտար ռեժիմ» համարվող Ադրբեջանը (այս բնութագրի սկզբնաղբյուրը «Economist» հանդեսի վերլուծական կենտրոնի հրապարակումն է) 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում և պատերազմի ավարտից հետո անընդմեջ, բացահայտ կերպով Արցախի հայ բնակչության համար այնպիսի պայմաններ է ստեղծում, որոնք նպատակ են հետապնդում բացառել սեփական հայրենիքում ապրելու հնարավորությունը՝ կանգնեցնելով նրանց բնաջնջման վտանգի առաջ: Ադրբեջանի ղեկավարության շարունակաբար  կիրառվող ագրեսիվ, Արցախում ապրող ժողովրդին բնաջնջելու չկոդավորված, անընդունելի բառամթերքն ու հռետորաբանությունը պետք է ոչ միայն «անձայն կոչերով» սաստվեր, այլ սահմանափակող-պատժիչ այնպիսի գործիքակազմ կիրառվեր, որը դույզն-ինչ կազդեր  Ադրբեջանի վրա:


Ադրբեջանի ղեկավարն իր ագրեսիվ ելույթներում երբևէ չի խուսափել դեմ արտահայտվել Եվրոպայի վարած քաղաքականությանը և մերժել եվրոպական արժեքները՝ ուղիղ ասելով. «Մեզ նման արժեքներ պետք չեն։ Թող իրենց համար պահեն» (աղբյուրը՝ https://rg.ru/2015/09/15/aliev-site-anons.html, 15.09.2015  թվական): Նման մերժողական քաղաքականության պատճառը շատ պարզ է, որովհետև ավտորիտար Ադրբեջանին հակացուցված է ժողովրդավարությունը, ազատ ընտրությունները, օրենքի գերակայությունը, մարդու համընդհանուր իրավունքները, սոցիալական ապահովությունը:
Հետևաբար, միջազգային հանրությունը և պատասխանատու կառույցները պարտավոր են պատասխանել այն հարցին, թե որն է իրենց  և իրենց արժեքները մերժող Ադրբեջանին և ղեկավարին իրենց «գործուն անգործությամբ», «անձայն կոչերով» և «անպատասխանատու պատասխանատվությամբ» պարգևատրելու հիմնավորումը:
Հ. Գ. Առաջիկայում «Լույս ու Սեր իրավունքների պաշտպանություն» ՀԿ-ի անունից Արցախում ստեղծված ցեղասպան իրավիճակի, մարդկանց հիմնարար իրավունքների ոտնահարման և դրանց վերահաս աղետալի հետևանքների մասին նամակներ են ուղարկվելու եվրոպական իրավասու միջազգային  կառույցներին: 

Ռուբինա Պետրոսյան
Իրավաբանական գիտությունների թեկնածու
«Լույս ու Սեր իրավունքների պաշտպանություն» ՀԿ-ի նախագահ