Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայտնի ճշմարտությունը կրկին հաստատվեց՝ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՎԱՆԴԱՆՈՒՄ Է, ԲԱՅՑ ՉԻ ՄԱՀԱՆՈՒՄ:
Երեկ Սահմանադրական դատարանը մնաց բարձրունքում. կոչումով իրավաբաններն ու դատավորները՝ հավատարիմ իրենց առաքելությանը, իսկ իրավունքի և օրենքի վերջնական տապալմանն ու աղավաղմանը ձգտողներն ու ջատագովները՝ կրկին ձեռնունայն և կոտրված: Մոտ երեք տարի պահանջվեց, որպեսզի Քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածը՝ Սահմանադրության՝ համաչափության և որոշակիության սկզբունքներին հակասելու հիմքով ճանաչվի հակասահմանադրական, որը, սակայն, անձին 537 օր ապօրինի կերպով ազատությունից զրկելու առանցքային հիմքն էր համարվել: Հարգանքներս Սահմանադրական դատարանի կոչումով դատավորներին, որոնք հավատարիմ մնացին իրենց երդմանն ու առաքելությանը: Սահմանադրական դատարանն ապացուցեց իր անկախությունը և միայն Սահմանադրությանը ենթարկվելու իր պարտականությունը՝ այդպիսով առացքային դերակատարում ստանձնելով իրավական պետութան վերստեղծման դժվարին գործում:
Հույս ունեմ, որ ՀՀ նախագահի կողմից կիրացվի Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու համար Սահմանադրական դատարան դիմելու իր լիազորությունը, որի դեպքում առաջիկայում Սահմանադրական դատարանի քննության առարկա կդառնա Ազգային ժողովի կողմից 2021 թվականի մարտի 19-ի արտահերթ նիստում ընդունված ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքը: Այս օրենքում ամրագրված մի շարք դրույթներ հակասում են Սահմանադրությանը, խարխլում դատական համակարգի միասնականությունը: Մասնավորապես, Նախագծի հեղինակները «առանձնակի բարդություն ունեցող գործ» ձևակերպմամբ ցանկանում են Բարձրագույն դատական խորհուրդին լիազորելու վարչական, քաղաքացիական և քրեական մասնագիտացման դատավորներից ընտրել դատավորներ, որոնք կքննեն առանձին տեսակի կամ բարդության գործեր։ Այսպիսով նախատեսվում է առանձնացնել դատավորների որոշակի խումբ՝ «պատիվ անելով» նրանց քննելու «առանձնակի բարդություն ունեցող գործեր», օժտել առավել բարձր «հանրային վստահությամբ», սակայն իրականում նպատակը նրանց հարկ եղած դեպքերում առանձին անձանց կամ մարմինների ճնշմանը ենթարկեցնելը, անօրինական հրամանները կատարելուն հարկադրելն է, քանի որ նրանք միանշանակ մասնագիտացված դատարաններ չեն, որոնց ստեղծումը Սահմանադրությամբ արգելված չէ, իսկ «գործի առանձնակի բարդություն» եզրույթը նեղ մասնագիտական գիտելիքներ պահանջող մասնագիտացված դատարանի ստեղծման հիմնավորում չի կարող լինել: Հատկապես, երբ Նախագծից պարզ չէ, թե որ հանգամանքների միաժամանակյա առկայությունն է վկայում «գործի առանձնակի բարդություն» ունենալու մասին։ Այս կարգավորումը հանգեցնելու է դատավորների միջև գործերի կամայական բաշխման, միևնույն ժամանակ հակասում է Սահմանադրությամբ ամրագրված՝ Բարձրագույն դատական խորհրդի՝ դատական իշխանության անկախության ապահովման երաշխավորի սահմանադրական բացառիկ կարգավիճակի էությանը՝ վերջինիս ըստ էության պատվիրակելով դատական իշխանության նկատմամբ վերահսկողական գործառույթների իրականացման լիազորություն և գործառույթ:
Հույս ունեմ՝ այս սահմանադրական օրենքը կենթարկվի սահմանադրական վերահսկողության և կկանխվի դատական համակարգի միասնականության խարխլումը՝ այդպիսով կրկին բացառելով իշխանությունների կողմից «Ուժն է ծնում իրավունք» սկզբունքի անհաջող փոխակերպում դարձած «Իշխանությունն է ծնում իրավունք» սկզբունքի կիրառումը:
Ռուբինա Պետրոսյան