կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-18 18:48
Քաղաքական

Տնտեսվարող սուբյեկտների հիմնարար իրավունքների խախտման նոր գործիքակազմ կամ իրավական մտքի «նոր փայլատակում». Ռուբինա Պետրոսյան

Տնտեսվարող սուբյեկտների հիմնարար իրավունքների խախտման նոր  գործիքակազմ կամ իրավական մտքի «նոր փայլատակում». Ռուբինա Պետրոսյան

Հայրենիքի կորստի, 5000 զոհերի, համատարած սգի ու վշտի մեջ գտնվող հանրությունը բնական է, որ այլևս Կառավարության գործունեությանը, առավել ևս տապալված նիստերին հետևելու որևէ մտադրություն չունի: Ինչը կրկին շատ լավ օգտագործվում է՝ իշխանությունը պահելու, օրենսդրական դաշտի խեղաթյուրումը  խորացնելու, հիմնարար իրավունքների խախտման նոր «օրենսդրական հիմքերի» ապահովան և բռնաճնշումների հանգիստ իրականացման համար:

Երեկ` դեկտեմբերի 17-ին, Կառավարության նիստի օրակարգում թիվ 58-րդ հարցով որպես չզեկուցվող և անհետաձգելի հրատապ ճանաչված՝ քննարկվել է օրենքների նախագծերի փաթեթ, որով, իրենց կարծիքով, «հմտորեն» և «արդար մղումով» փորձել են ապահովել «իրավունքի և օրենքի գերակայություն», վերականգնել «արդարությունը»:

Այսպես, ի թիվս այլնի, նախագծերի փաթեթում «ամենակարևորը» տեղ է գտել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և դրա հետ սերտորեն աղերսված «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը: Մասնավորապես, «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 8-րդ հոդվածով նախատեսվում է, որ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտի իրավախախտումների կանխման կամ բացահայտման նպատակով իրավունք ունեն իրականացնելու՝ համեմատական հետազոտումների նմուշների հավաքում,  վերահսկելի մատակարարում և գնում, ներքին դիտում, անձի նույնացում, շենքերի, կառույցների, տեղանքի, շինությունների և տրանսպորտային միջոցների հետազոտում, նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների, հեռախոսային խոսակցությունների վերահսկում, օպերատիվ ներդրում: Այսպիսով, հիանալի նախադրյալներ են ստեղծվում տնտեսվարող սուբյկետին՝ անընդհատյա ոչ իրավաչափ վերահսկողության և ճնշումների տակ պահելու համար՝ ամեն վայրկյան սպառնալով խուզարկությամբ, առգրավումներով, գաղտնալսումներով:  ԹԵ ԻՆՉ ՆՊԱՏԱԿՈՎ, ՎՍՏԱՀ ԵՄ՝ ԿԱՐԻՔ ՉԿԱ ԱՍԵԼՈՒ...

Մի հարց էլի ուղղակի. «Գիտե՞ք, որ կրկին խախտում եք Սահմանադրությունը, մասնավորապես 78-րդ հոդվածում ամրագրված և իրավունքի ընդհանուր սկզբունք հանդիսացող համաչափության սկզբունքը, որի համաձայն՝   հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը»: Եթե չգիտեք, ասեմ՝ համաչափության սկզբունքը ենթադրում է, որ սահմանափակումը կարող է իրականացվել՝ երաշխավորելով համաչափությունը, չաղավաղելով իրավունքի էությունը, սահմանափակման հետևանքով իրավունքը չպետք է զրկվի բովանդակությունից, չպետք է չվտանգվի դրա գոյությունը: Ուստի, առաջարկվող «բարեփոխումը» ակնհայտորեն չի համապատասխանում համաչափության սահմանադրական սկզբունքին: «Իրավաչափ նպատակին» հնարավոր էր հասնել նաև առանց այս սահմանափակման՝ չխաթարելով ողջամիտ հավասարակշռությունը հետապնդվող նպատակի և այդ նպատակին հասնելու համար սահմանված միջոցի միջև: Ցավոք, դա հնարավոր է նորմալ, ճիշտ զարգացում ապրող իրավական, օրենսդրական դաշտի  պարագայում, բայց ոչ մեր՝ այժմյան...

ՀԻՇԵ՛Ք, ՆՊԱՏԱԿԸ ՉԻ ԱՐԴԱՐԱՑՆՈՒՄ ՄԻՋՈՑՆԵՐԸ, ԻՍԿ ԲՈՒՄԵՐԱՆԳԻ ՍԿԶԲՈՒՆՔԸ ԱՆԽԱՓԱՆ ԳՈՐԾՈՒՄ Է...

Ռուբինա Պետրոսյան