կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-09 12:20
Քաղաքական

ԱԺ-ում քննարկվող «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը հեռու է կատարյալ լինելուց. Ռուբինա Պետրոսյան

ԱԺ-ում քննարկվող «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը հեռու է կատարյալ լինելուց. Ռուբինա Պետրոսյան

Այսօր ՀՀ Ազգային ժողովի հերթական նիստերի օրակարգում է ներառված տարիներ շարունակ քննարկվող, քննադատվող և լրամշակվող «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը, որը, չնայած անցած բազմաչարչար ուղուն, այդուհանդերձ «չմաքրագործվեց» այնպիսի դրույթներից, որոնք ոտնձգում են սահմանադրական իրավունքներին, իրավական որոշակիության սկզբունքին և ոչ իրավաչափորեն սահմանափակում են անձի մի շարք իրավունքներ: Ներքոգրյալը՝ ամենաակնառուներից մեկի մասին։ 

Սահմանադրության՝ կրթության իրավունքին վերաբերող 38-րդ հոդվածում ամրագրված է. «Բարձրագույն ուսումնական հաստատություններն օրենքով սահմանված շրջանակներում ունեն ինքնակառավարման իրավունք, ներառյալ ակադեմիական և հետազոտությունների ազատությունը:»: Ուսումնական հաստատությունների ողջամիտ ինքնավարության ապահովումը որպես կրթության բնագավառում պետական  քաղաքականության սկզբունք ամրագրված է «Կրթության մասին» գործող  օրենքում: Ընդունում եմ, որ կարևորագույն այս սկզբունքը իրավական ձևակերպում է ստացել և նախատեսված է նաև քննարկվող Նախագծում՝ մասնավորապես  6-րդ հոդվածի 2-րդ մասում, համաձայն որի. «Բուհը սույն օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան ունի՝ ակադեմիական գործունեության ինքնավարություն, կազմակերպական գործունեության ինքնավարություն, մարդկային ռեսուրսների կառավարման ինքնավարություն, ֆինանսական ռեսուրսների կառավարման ինքնավարություն»: Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում բարձրագույն կրթության և գիտության համակարգի պետական քաղաքականության սկզբունք է ազդարարված ինքնավարությունը և ակադեմիական ազատությունը:

Մինչդեռ, այսպիսով  ամենևին չեն երաշխավորվում և ապահովվում այս սկզբունքի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգերը և ընթացակարգերը, քանի որ Նախագծում նախատեսվում է, որ բարձրագույն կրթության և գիտության համակարգում լիազոր մարմինը հաստատում է բուհի և գիտական կազմակերպության կառավարման խորհրդի ձևավորման կարգը և ժամկետները, կառավարման խորհրդում լիազոր մարմնի ղեկավարի կողմից առաջադրվող անդամության թեկնածուներին ներկայացվող ընդհանուր պահանջները: Ինքնակառավարման սկզբունքի ապահովման տեսանկյունից խնդրահարույց է հատկապես բուհի կառավարման մարմին հանդիսացող՝ կառավարման խորհրդի կազմի համար նախատեսված անդամային համամասնությունը, որքանով  9  հոգուց բաղկացած խորհուրդում ուսանողության և բուհի հիմնական ակադեմիական կազմի ներկայացուցիչների ընդհանուր թիվը կառավարման խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսից պակաս է՝ 5 հոգի: Այսպիսով, ամենևին չի ապահովվում ուսումնական հաստատության ողջամիտ ինքնավարությունը, չի երաշխավորվում բուհի ինքնակառավարման սահմանադրական իրավունքը:

Ուստի,  մի կողմից կարծես իմպերատիվ կերպով ամրագրելով այս սկզբունքը, մյուս կողմից չնախատեսելով դրա առավելագույնս ապահովման, անխաթար իրականացման համար անհրաժեշտ գործիքակազմ, այն դառնում է ֆունկցիոնալությունից զուրկ և ձևականԱներկբա է, որ օրենսդրությունը ստատիկ երևույթ չէ, այն կարող է և պետք է ենթարկվի դինամիկ փոփոխության՝ մշտապես կատարելագործվելով տնտեսական զարգացմանը, տեղի ունեցող միջազգային ինտեգրման գործընթացներին, հասարակական հարաբերությունների վերափոխմանն ու մի շարք այլ գործոններին համահունչ, սակայն այդ ճանապարհին պետք է ապահովվի  օրենսդրական փոփոխությունների գործընթացի կայունությունն ու ներդաշնակությունը, օրենքների փոփոխման հիմնավորվածությունն ու օբյեկտիվ անհրաժեշտությունը, անկյունաքարային սկզբունքների լիարաժեք ապահովումը՝ թույլ չտալով սուբյեկտիվիզմի դրսևորում, հայեցողության ընդլայնում և հիմնարար սկզբունքների խաթարում, ոտնահարում:

 


Ռուբինա Պետրոսյան