Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր, Ազգային ժողովում քննարկվում է գործող իշխանության կողմից ներկայացվող Կառավարության ծրագիրը: Այս երկարաշունչ փաստաթուղթը (ավելի քան 106 էջ) հաճախ են համեմատում այս կամ այն հեղինակի հեքիաթների հետ, բայց ես չեմ համեմատել՝ մի պարզ պատճառով: Հեքիաթը, լինելով ոչ իրական, արտացոլելով մտացածին կերպարներ ու պատկերներ ունի, շատ կարևոր ու արժեքավոր հատկանիշներ՝ գեղարվեստական արժեք, հայրենիքի, արժանապատվության, լավի, գեղեցիկի, բարու, այդ թվում նաև վատի, տգեղի, դավաճանի նկատմամբ ճիշտ ընկալումների ձևավորում ու ներկայացում: Իսկ սույն կառավարության ծրագիրը թերևս կարելի է բնորոշել անհայրենիք, անգրագետ թամադայի բաժակաճառ... Ոչ ավելին...
Այդուհանդերձ, մի քանի բովանդակային անդրադարձ:
Նախ, ամենից նենգի ու անհայրենիքի մասին:
Այս ծրագրի էջերից ոչ մեկում նշված չէ «ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ», փոխարենը գրել են՝ «Ղարաբաղյան հիմնախնդիր», «Արցախի իշխանություն», «Արցախի ժողովուրդ»: Սրանով արդեն իսկ ամեն ինչ պարզ է, չէ՞.....
Միևնույն ժամանակ, նշվում է, որ. «Արցախի և Արցախի ժողովրդի անվտանգությունը կշարունակի ապահովել Պաշտպանության բանակը»: Մի հարց. «Դա ո՞ր պաշտպանության բանակն է....»:
Այժմ իրավական հատվածի մի քանի ակնառու տապալումների մասին:
«5.3 Դատաիրավական բարեփոխումներ» բաժնում կրկին առաջ է քաշվում դատավորների բարեվարքության ստուգման գաղափարը: Դա ոչ այլ ինչ է, քան ՀՀ կառավարության 2019թ. հոկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» որոշմամբ ընդունված և չիրագործված «վեթինգը», որի մշակման, իրագործման համար ծախսվում էին մարդկային և ֆինանսական ռեսուրսներ: Ինչպես տեսնում ենք, այն դեռևս «պահպանել է ակտուալությունը» և կրկին տեղ գտել այս «ծրագրում», բայց թե ինչպես է նախատեսվում իրականացնել, ինչ գործիքակազմով և ինչ նպատակով, չի նշվում: Նպատակը, իհարկե, վաղուց է պարզ՝ «անհնազանդ դատավորների հնազանդեցում» օպերացիայի կատարում, որն այդպես էլ ողջ ծավալով և ընդգրկումով չեն կարողանում իրականացնել, քանի որ իրական պրոֆեսիոնալներն ու արժանապատիվ դատավորները քիչ չեն:
Հաջորդը, նշվում է՝ դատական համակարգ նոր, արհեստավարժ կադրերի, դատական համակարգ ոլորտի առաջատար ու հեղինակավոր մասնագետների մուտքը խթանելու մասին: Նշված հատկանիշներն ուղիղ հակադրության մեջ են գտնվում ոչ վաղ անցյալում «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում կատարված այն փոփոխության հետ, որը դատավորի թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկվելու հնարավորություն է տվել ընդամենը 2-3 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող անձանց: Վստահաբար կարող եմ ասել, որ 2-3 տարում հնարավոր չէ դառնալ առաջատար ու հեղինակավոր մասնագետ, թերևս առաջատար հնարավոր է դառնալ «քաղաքական պատվերներ կատարելու» հարցում:
Մեկ այլ դեպքում, Կառավարության «բարեփոխման» «անկեղծ մղումը» դրսևորվում է Փաստաբանների պալատում և Փաստաբանական դպրոցում: Ինչպես նշում են. «Կառավարությունը նաև միջոցներ է ձեռնարկելու փաստաբանության ոլորտի զարգացման ուղղությամբ, այդ թվում՝ փաստաբանական դպրոցում ուսուցման և ընդունելության կառուցակարգերի վերաիմաստավորման, Փաստաբանների պալատի կառավարման արդյունավետության և ներառականության վերափոխման շրջանակներում»: Հարկ է նշել, «Փաստաբանության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ փաստաբանությունը գործում է անկախության, օրինապահության, ինքնակառավարման և փաստաբանների իրավահավասարության սկզբունքների հիման վրա։ Հիշյալ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը փաստաբանների մասնագիտական, անկախ, ինքնակառավարվող ոչ առևտրային կազմակերպություն է: Այսպիսով, պարզ է, որ Փաստաբանների պալատին չի ներվել դրսևորած սկզբունքայնությունն ու որոշում է կայացվել անտեսելով օրենքով վերջինիս վերապահված ինքնակառավարման իրավունքը և գործունեության հիմնարար սկզբունքները, զավթել այս կառույցը ևս: Իրավիճակը շատ նման է ԵՊՀ-ում շուրջ երեք տարի ծավալված ու իրականցվող բռնազավթման գործընթացի մեկնարկին:
«5.5 Կոռուպցիայի դեմ պայքար» բաժնում (որը կոռուպցիան դրոշակ դարձրած ու դրա դեմ պայքարի իմիտացիա ստեղծած այս իշխանությունների ծրագրում ազնիվ չէր լինի, ինչ խոսք, եթե չլիներ) խոսվում է Հակակոռուպցիոն դատարանի գործարկման մասին: Եթե այսպիսի նախաձեռնողականություն ու ջանասիրություն դրսևորվեր նաև մասնագիտացված այլ դատարաններ (օրինակ՝ աշխատանքային, ընտանեկան վեճեր քննող) ստեղծելու ուղղությամբ, գուցե Հակակոռուպցիոն դատարանի ստեղծման գաղափարը հատուկ ուշադրության չարժանանար: Մինչդեռ, պարզվում է նաև, որ ՀՀ Կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1332-Ն որոշման 1-ին կետով հաստատված N 1 հավելվածի 189-րդ կետում՝ Հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանի դատավորին վճարվող աշխատավարձի չափ նախատեսվում է սահմանել մոտ 1.500.000 ՀՀ դրամ: Այսպիսով, առաջ է բերվում միասնական դատական համակարգում տարբերակված վարձատրության գաղափարը, ինչի հնարավորության վերաբերյալ որևէ դրույթ ամրագրված չէ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և ինչը հակասում է նաև միջազգային իրավական փաստաթղթերին: Մասնավորապես, Եվրոպայի խորհրդի շրջանակներում 1998 թվականին ընդունված «Դատավորների կարգավիճակի մասին» եվրոպական խարտիայի 6.2-րդ կետի համաձայն՝ դատավորի վարձատրության չափը մյուս դատավորի վարձատրության համեմատությամբ կարող է փոփոխվել կախված ծառայության տևողությունից, իրենց կողմից կատարվող պարտականությունների բնույթից և իրենց վրա դրված առաջադրանքների կարևորությունից: Այնուհետև, կարևորվում է նման առաջադրանքների գնահատման չափորոշիչների թափանցիկությունը՝ խուսափելու այնպիսի տարբերակումներից, որոնք կապված չեն կատարված աշխատանքի կամ դրա պիտանիության հետ: Պետք է նշել, որ տվյալ դեպքում աշխատանքի բնույթի տարբերություն չկա, ինչպես մյուս դեպքերում այս դեպքում ևս դատարանը հետապնդում է միևնույն նպատակը և կատարում միևնույն աշխատանքը: Ուստի, ինչ հիմնավորմամբ է նախատեսված այս չափ տարբերակված վարձատրություն պարզ չէ և հմտորեն շրջանցվել է:
ԱՅ ԹԵ ԻՆՉ ՆՊԱՏԱԿՈՎ, ԴԱ ՄԻԱՆՇԱՆԱԿ Է ՈՒ ԱԿՆՀԱՅՏ Է…
Ռուբինա Պետրոսյան