կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-15 09:40
Իրավական

Դատական իշխանությունը կործանելուն ուղղված օրենքի նախագիծ. Ռուբինա Պետրոսյան

Դատական իշխանությունը կործանելուն ուղղված օրենքի նախագիծ.  Ռուբինա Պետրոսյան

Կառավարության՝ պրոֆեսիոնալիզմից զուրկ, սակայն բոլոր ոլորտների տոտալ ձախողման մեջ անգերազանցելի և անզուգական լինելու վերաբերյալ բոլոր կասկածները, իհարկե, վաղուց են փարատված, ուստի վերջինս շարունակում է պատվով պահպանել «Անմրցելի ձախողակ և ոչ պրոֆեսիոնալ» պատվավոր տիտղոսը:

Այսօր Կառավարության նիստում 25-րդ հարցով անհետաձգելի հրատապ ճանաչվեց  դեկտեմբերի 23-ին շրջանառության մեջ դրված օրենքի մի նախագիծ, որը, ինչպես այլ հակասահմանադրական նախագծեր, օրերս սրընթաց կերպով կհայտնվի Ազգային ժողովում: Խոսքը «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծի մասին է, որով նախատեսվում  է վերջնականապես խաթարել դատական իշխանության հիմքերը, ոչնչացնել արդարադատություն իրականացնելիս դատավորի՝ անկախության, անաչառության, միայն Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան գործելու սահմանադրական պարտականությունը: Փորձ է արվում  դատական իշխանություն ներմուծել «հլու-հնազանդ», կալանքի միջնորդությունները բավարարող, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ (անձանց նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունքի սահմանափակում) իրականացնելու թույլտվություն  տվող  նոր օղակ՝ ընդհանուր իրավասության դատարաների շրջանակներում և այդ օղակում անձնվիրաբար ծառայող, օրվա իշխանություններին երդում տված դատավորներ, որոնց առաջնորդողը կլինի  «Պատվերն ընդունված է, հարգելի Կառավարություն» սկզբունքը:

 Մինչդեռ, մշտապես անտեսված բարձրագույն օրենքի՝ Սահմանադրության 163-րդ հոդվածում ամրագրված է. «Օրենքով նախատեսված դեպքերում կարող են ստեղծվել մասնագիտացված դատարաններ: Արտակարգ դատարանների ստեղծումն արգելվում է»: Իրավաբանության այբուբենը չիմացողի համար անգամ ակնհայտ է, որ սա մասնագիտացված դատարան չէ, այլ հենց «արտակարգ դատարան», որի միակ նպատակն ու առաքելությունը ոչ այլ ինչ է, քան  կոնկրետ անձանց նկատմամբ կոնկրետ գործերով կալանքի միջնորդությունների, հեռախոսային խոսակցությունների և այլնի գաղտնիության իրավունքի սահմանափակման թույլտվությունների բավարարումը և ուրիշ ոչինչ: Թե ովքեր կլինեն «ընտրյալ դատավորները», ինչպես կընտրվեն, իրոք բարդ ընտրություն է սպասվում, և նրանք ամենևին նախանձելի դրության մեջ չեն հայտնվելու... Հասկանալի է, որ սա ենթադրում է նոր ռեսուրսներ, որը մեծ շռայլություն է հետպատերազմյան ճգնաժամում գտնվող երկրի համար, և բովանդակազուրկ են դատարանների ծանրաբեռնվածության հաղթահարման, միջնորդությունների քննության արդյունավետության բարձրացման, կոռուպցիոն հնարավոր ռիսկերի չեզոքացման և այլնի վերաբերյալ հիմնավորումները:

«Տիկնա՛յք» և «պարոնա՛յք», այս 2,5 տարվա ընթացքում մի անգամ Ձեր մտքով չանցավ, օրինակ, ընտանեկան գործեր քննող մասնագիտացված դատարանների ստեղծման ուղղությամբ ոչ թե քայլ անել (ինչը թեև միակն է, որը ձեզ հաջողվել է), այլ անգամ մտորել, երբ երեխայի շահերի պաշտպանությունը գտնվում է չափազանց ցածր մակարդակի վրա, երբ մինչ օրս դատարանում երեխայի շահերին առնչվող գործի քննությանը մասնակցում և այդ առթիվ դեկլարատիվ բնույթի եզրակացություն է տալիս ոչ մասնագիտացված խնամակալության և հոգաբարձության մարմինը, սակայն տարբեր հարթակներում վերամբարձ կերպով խոսվում է երեխային վերաբերող բոոր հարցերում «երեխայի լավագույն շահի» ապահովման սկզբունքից ելնելու մասին, իսկ թե ով և ինչպես պետք է դա անի, ամենևին կարևոր չէ: Դե իհարկե, ինչ կարիք կա, խեղճ երեխաները որևէ կերպ չեն կարող խանգարել ձեզ, հետևաբար նրանց իրավունքների իրացումն ու պաշտպանումն էլ չեն կարող հետաքրքրել...

Իրավական հանրույթ ոտքի կանգնի՛ր, հասարակություն արթնացի՛ր, այս նախագիծը աղետ է, որը գալիս է կործանելու դատական իշխանությունը, որը վերջերս ապացուցեց իր անկախությունը, և որին փաստացի դա չի ներվում...

Մի բան ուղղակի լավ հիշե՛ք. ինչպես ժողովրդական ասացվածքն է ասում. «Փոս փորողն ինքն է փոսն ընկնում»...

Ռուբինա Պետրոսյան