կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-08 14:34
Քաղաքական

Արցախի ամբողջականության վերականգնումը ռազմավարական խնդիր է․ Խաչատուր Ստեփանյան

Արցախի ամբողջականության վերականգնումը ռազմավարական խնդիր է․ Խաչատուր Ստեփանյան

Արցախը պատմականորեն, աշխարհագրորեն, քաղաքակրթական ընդգրկմամբ հնագույն ժամանակներից ի վեր եղել է Հայաստանի անբաժանելի մասը: Արցախում պահպանված տարբեր դարերի մշակութային հուշարձանները փաստում են, որ հայն է եղել այս հողի իրական և մշտական տերը:

Արցախի պատմությունը հայոց պատմության մի մասն է: Առանց Արցախի պատմության` հայոց ամբողջական պատմությունը թերի է: 

Վանի թագավորության շրջանում (Ք. ա. 9-6-րդ դդ.), ըստ մեզ հասած տեղեկությունների, Արցախը ներառված է եղել հայկական միասնական պետության կազմում: Երվանդունիների գահակալման տարիներին (Ք. ա. 6-3-րդ դդ.) Հայոց Արևելից նահանգները կարևոր մասնակցություն են ունեցել պետականության կայացման ու հզորացման գործում: Ք. ա. 6-րդ դ. կեսերին Մարաստանի Աժդահակ թագավորի դեմ ապստամբած հայոց Երվանդ Սակավակյացի զորքի մեջ զգալի թիվ են կազմել արցախցի զորականները:

Ք. ա. 2-րդ դ. Արտաշես I-ի առաջնահերթ խնդիրներից էր վերամիավորել Մեծ Հայքից բռնի առանձնացված հողերը: Հույն պատմիչ և աշխարհագիր Ստրաբոնի վկայությամբ` արևելքում Արտաշեսը հասավ մինչև Կասպից ծով և վերադարձրեց Փայտակարանն ու Պարսպատունիքը: Այս երկրամասերը հեշտությամբ Մեծ Հայքի թագավորությանը միավորելը փաստում է այն մասին, որ դրանք գերազանցապես բնակեցված են եղել հայերով և լուրջ դիմադրություն ցույց չեն տվել Արտաշեսին: Իսկ Արտաշեսի այս նվաճումներն ունեցել են վերամիավորման նշանակություն: Նկարագրելով Ք. ա. 1-ին դարավերջի Հայաստանը՝ Ստրաբոնը Արցախը և Ուտիքը ներկայացնում է որպես Մեծ Հայքի բուն նահանգներ: Արտաշեսյան ամենահզոր արքա Տիգրան Մեծի (Ք. ա. 95-55 թթ.) կառուցած Տիգրանակերտ անունով չորս քաղաքներից մեկը գտնվում է Արցախում: Սա ևս փաստում է Արցախի՝ համահայկական պետության կազմում լինելու մասին:

Հայաստանի դեմ պատերազմ մղած հռոմեական Ներոն կայսրը 64 թ. ճանաչեց Տրդատ Ա Արշակունու գահակալությունը: Ներոնի ժամանակներից Հռոմում պահպանված` պատի վրա փորագրված աշխարհի քարտեզում Արցախն ընդգրկված է Հայաստանի կազմում: Արշակունիների գահակալման ողջ ընթացքում (1-5-րդ դդ.) Արցախը ոչ միայն շարունակում էր մնալ հայկական թագավորության կազմում, այլև երկրում քրիստոնեության, ապա նաև հայ գրերի տարածման գլխավոր կենտրոններից մեկն էր (Ամարասի վանքը):

Արցախն իր ծանրակշիռ մասնակցությունն է ունեցել 5-րդ դարում հայ ժողովրդի մղած ազատագրական պատերազմներում:
Ավելին` 5-րդ դ. երկրորդ կեսին և 6-րդ դ. առաջին կեսին Արցախում բացարձակ իշխանության հասած Առանշահիկները ստեղծեցին ինքնուրույն հայկական թագավորություն: Թագավորության տարածքն ընդգրկում էր Մեծ Հայքի Արցախ և Ուտիք նահանգները: Որոշ ժամանակ Առանշահիկների իշխանությունը տարածվել է նաև հարևան Աղվանքի վրա:

Հայաստանում արաբական տիրապետության հաստատումից հետո Արցախում ևս կազմակերպված պայքար սկսվեց օտարի լուծը թոթափելու համար: Իսկ 9-րդ դարից սկիզբ առած Բագրատունիների թագավորության գոյության շրջանում Արցախում ձևավորվեցին ինքնուրույն իշխանություններ և մանր թագավորություններ (Խաչենի իշխանությունը, Փառիսոսի թագավորությունը, Դիզակի իշխանությունը), որոնք, ընդունելով Բագրատունիների գերակայությունը, Արցախում պահպանում էին հայկական իշխանական ավանդույթները:

13-15-րդ դարերում օտարների արշավանքների պատճառով Հայաստանում մեծ չափերի էր հասել հայ բնակչության արտագաղթը: Արցախն այն եզակի երկրամասերից էր, որոնք տեղի իշխանական տների՝ մելիքությունների շնորհիվ զերծ մնացին այդ վտանգավոր երևույթից:

Ավելի ուշ՝ 18-րդ դ. սկզբին, Արցախի մելիքական տները ղեկավարեցին հայոց պատմության ամենահայտնի ազգային-ազատագրական շարժումներից մեկը: 1722-1730 թթ. հատկապես Արցախում կազմակերպված ազգային-ազատագրական պայքարը ցույց տվեց, որ հայերը կարող են առանց արտաքին օգնության երկարատև դիմադրություն ցույց տալ այնպիսի հզոր պետությունների, ինչպիսիք էին Իրանն ու Թուրքիան: 

Ցավոք, այս ազատագրական շարժման ավարտից հետո ի հայտ եկան նաև բացասական երևույթներ: Արցախցի բազմաթիվ զորականներ հեռացան երկրից և անցան Ռուսաստան, Վրաստան, Կուրի ձախափնյակ: Սկսվեց անասելի չափերի հասնող արտագաղթը Արցախից: Հատկապես ցավալի էր Ծար գավառի (Քարվաճառ) հայաթափումը: Այդ պայմաններում թուրքերին հաջողվեց գրավել Արցախի մի մասը:

Այդուհանդերձ, 1740-ական թվականներից Արցախի մելիքությունների ինքնիշխանությունը բավական բարձր էր Իրանի կազմում: Հայկական պետության բացակայության պայմաններում, փաստորեն, մելիքությունները հայոց պետականության տարրերի կրողներ էին: 

Արցախը` որպես հայկական ինքնության կրող, իր գոյությունը պահպանեց նաև Ռուսաստանին միանալուց հետո (1813 թ. Գյուլիստանի պայմանագրով): Այս ընթացքում հատկապես գնահատելի է Շուշիի դերը: Այն դարձավ Արևելյան Հայաստանի հոգևոր-մշակութային կարևոր կենտրոններից մեկը: 

1918 թ. արդեն Շուշին Հայաստանի համար ուներ ոչ միայն կրթամշակութային, այլև ռազմավարական դեր: Նոր ձևավորվող հայկական անկախ պետականության համար Արցախը և հատկապես Շուշին կարևոր հիմնասյուն էին: Պատահական չէ, որ 1918-1920 թթ. հայ-ադրբեջանական չընդհատվող պատերազմի ժամանակ թշնամու գլխավոր նպատակը Շուշին զավթելն էր: Թերևս տեղին է ասել հայ նշանավոր զորական Դրոն, որ ով տիրում է Շուշիին, նա տիրում է Արցախին:

Շուշին Արցախից կտրելու, Արցախը Հայաստանից կտրելու թշնամու միտումն առավել ակնհայտ դարձավ խորհրդային շրջանում: Բավական չէ, որ 1921 թ. Արցախը տնտեսական անհիմն պատճառաբանություններով վարչականորեն պոկվեց հայրենիքից և բռնակցվեց Խորհրդային Ադրբեջանին, այլև ամեն ինչ արվեց` վարչատարածքային առումով միմյանցից հեռացնելու Խորհրդային Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը:

1923 թ. հուլիսի 7-ին ԼՂԻՄ-ի կազմավորումից հետո մարզից անջատեցին նրա հարթավայրային շրջանը և Աղդամ ավանը։ Աղդամը դարձրին ադրբեջանական շրջկենտրոն։ Ղարաբաղի լեռնային շրջանի արևմտյան հատվածը՝ Արաքսի ափից մինչև Մռավի լեռնաշղթա, կտրեցին և ստեղծեցին «Քուրդիստանի գավառ»՝ դրանով իսկ Արցախն անջատելով մայր Հայաստանից։ Իր դիվային ծրագրերն իրականացնելուց հետո Ադրբեջանը վերացրեց Քուրդիստանի գավառը և ստեղծեց Քելբաջարի, Լաչինի, Կուբաթլիի և Զանգելանի շրջանները։ Դեռ ավելին` կարճ ժամանակահատվածում թրքացվեց վերոհիշյալ շրջանների գրեթե ողջ քուրդ ազգաբնակչությունը։ Մարզից անջատեցին ամբողջ Հյուսիսային Արցախը, Դիզակի, Վարանդայի և Ջրաբերդի արևելյան հատվածների մի շարք գյուղեր։

Փաստորեն, շուրջ 12 հազար քառ. կմ տարածք ունեցող պատմական Արցախին թողնվեց միայն 4,4 հազարը, որտեղ ընդգրկված էին Շուշի քաղաքը և շուրջ 250 բնակավայր։

Շուշիի փոխարեն այն ժամանակ փոքրիկ Ստեփանակերտը մարզի կենտրոն դարձնելը նույնպես պատահական չէր։ Դրանով, ըստ էության, ոչնչացվեց 1920 թ. ջարդերից հետո իր հայրենի քաղաքը թողած հայության՝ ծննդավայր վերադառնալու փափագը։ Խորհրդային շրջանում Շուշին վերածվեց գերազանցապես թուրք-թաթար-ադրբեջանցիներով բնակեցված քաղաքի: Շուշիի բարձունքից թշնամին հսկում էր բզկտված Արցախը:

Խորհրդային տարիներին Ադրբեջանի իշխանություններն ամեն ինչ արեցին Արցախը հայաթափելու, թուրքացնելու ուղղությամբ: Միայն արցախցիների համառ կամքի շնորհիվ հնարավոր եղավ կանխել հայկական այս կարևոր բնօրրանի վերջնական հայաթափումը: Խորհրդային իշխանության տարիներին արցախահայությունը բազմիցս փորձեց վերամիավորվել մայր հայրենիքին, բայց ապարդյուն: Այնուամենայնիվ, վերելքներով ու վայրէջքներով ընթացող պայքարը 1988 թ. փետրվարին սկսված համաժողովրդական ու համազգային ազատագրական շարժման հիմքը դարձավ։

Արցախյան ազատագրական շարժման նոր փուլը պսակվեց փայլուն հաջողությամբ: 1991 թ. հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: 1991-1994 թթ. տեղի ունեցած պատերազմական գործողությունների շնորհիվ հնարավոր եղավ ոչ միայն վերջ դնել նորանկախ ԼՂՀ-ն զավթելու Ադրբեջանի փորձերին, այլև ազատագրել դեռևս 1920-ականներին Արցախից արհեստականորեն պոկված շրջանների մեծ մասը: Ռազմավարական, բարոյահոգեբանական առումներով անչափ կարևոր էր Շուշիի ազատագրումը, որը թեև պաշտոնապես ԼՂԻՄ-ի, ապա նաև ԼՂՀ կազմում էր, բայց գտնվում էր ադրբեջանցիների վերահսկողության ներքո: Շուշիի ազատագրումով ոչ միայն վերջ դրվեց Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի և շրջակա հայկական բազմաթիվ այլ բնակավայրերի հրետակոծմանը բարձունքից, այլև ճանապարհ բացվեց մայր հայրենիքի հետ ցամաքային կապ հաստատելու համար: Շուշիի ազատագրումը բարոյական մեծ լիցքեր հաղորդեց հայկական բանակին և հաղթանակի սպասող հայ ժողովրդին: 

Ռազմավարական տեսանկյունից անհրաժեշտություն էր նաև Քարվաճառի և Քաշաթաղի ազատագրումը: Քարվաճառի շրջանը, որն արհեստականորեն առանձնացվել էր ԼՂԻՄ-ից, բնակեցված լինելով ադրբեջանցիներով, սեպի նման խրված էր ԼՂՀ-ի և ՀՀ-ի միջև: Օգտագործելով Քարվաճառի բարձր դիրքը` ադրբեջանցիները պարբերաբար հրետակոծում էին ՀՀ Գեղարքունիքի, Վայոց ձորի ու Սյունիքի մարզերի սահմանամերձ բնակավայրերը՝ կյանքը դարձնելով անտանելի: Քարվաճառի ազատագրումը, սակայն, միայն սահմանային խաղաղ կյանք ապահովելու մղումով չէր պայմանավորված: Այս շրջանից են սկիզբ առնում Արցախի ամենամեծ գետը՝ Թարթառը, Սյունիքով հոսող ամենամեծ գետը՝ Որոտանը, Վայոց ձորով հոսող ամենամեծ գետը՝ Արփան, Սևանա լիճ թափվող մի քանի գետեր: Փաստորեն, ՀՀ և ԼՂՀ ջրային ռեսուրսների մի կարևոր մասի անվտանգությունն անմիջական կապ ուներ և ունի Քարվաճառի հետ: 

Գրեթե նույն խնդիրն էր Քաշաթաղի (նախկին Ադրբեջանական ԽՍՀ Լաչինի, Կուբաթլիի և Զանգելանի շրջանները) պարագայում: ՀՀ Սյունիքի մարզի ամբողջ արևելյան սահմանը` իր սահմանամերձ բնակավայրերով, ԼՂՀ արևմտյան և հարավ արևմտյան սահմանը գտնվում էին հրետակոծման սպառնալիքի տակ: Բերձորի (Լաչին) ազատագրումով նախ ցամաքային կապը վերահաստատվեց, իսկ Քաշաթաղի ամբողջական ազատագրումը խաղաղ ապրելու հնարավորություն ընձեռեց թե՛ սյունեցիներին, թե՛ Արցախի Շուշիի ու Հադրութի շրջանների բնակչությանը:

Արցախի ամբողջական ազատագրումը լրջորեն ամրապնդեց Հայաստանի անվտանգությունը արևելքում և հարավում: Փաստենք, որ մի բան է Հայաստանի անվտանգությունը ամբողջական Արցախով, բոլորովին այլ բան էր և է Հայաստանից առանձնացված Արցախով: Սակայն Արցախի ազատագրումը հանգիստ չէր տալու ո՛չ Ադրբեջանին, ո՛չ էլ Թուրքիային: Պանթուրքիզմի իրականացման ճանապարհին գլխավոր սեպ համարվող Սյունիքի և Արցախի զավթումը առաջնային նպատակ է Ադրբեջանի և Թուրքիայի համար: Արցախի կարևոր շրջանները՝ Շուշին, Քարվաճառը և Քաշաթաղը կորցնելը նշանակում է վտանգել թե՛ Արցախը, թե՛ Սյունիքը: Իսկ առանց Արցախի և Սյունիքի` Հայաստանի Հանրապետության գոյությունն իսկ կդրվի կասկածի տակ:

Վերջին պատերազմից հետո վերոնշյալ շրջանների կորուստը, ինչպես նաև Մեղրիի շուրջ հեղհեղուկ պայմանավորվածությունները ասվածի ապացույցն են: Եվ որպեսզի վաղը չկանգնենք առավել դաժան իրողության առջև, պետք է չհամակերպվել այդ կորուստների հետ և ուժերի գերագույն լարումով աշխատել կորցրածը ետ բերելու ուղղությամբ:

Շուշիի, Քաշաթաղի և Քարվաճառի վերադարձն ու Արցախի ամբողջականության վերականգնումը ոչ միայն մեր սասանված հեղինակության վերականգնման խնդիր է, պատվի հարց, այլև ուղղակիորեն բխում է հայոց պետականության անվտանգության շահերից, եթե կուզեք՝ նաև որպես պետականություն ունեցող ժողովրդի` մեր գոյության հրամայականից:

Խաչատուր Ստեփանյան

«Դրօշակ», թիվ 12 (1646), դեկտեմբեր, 2020 թ.