Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Փաստ» օրաթերթը գրում է․
Ադրբեջանը հայկական պետականությունը վերացնելու քաղաքականություն է վարում, և Արցախի հայաթափումը, Արցախը Հայաստանից ու հայկական պետականությունից կտրելն այդ քաղաքականության մի մասն է: «Փաստի» հետ զրույցում, անդրադառնալով այս փուլում Ադրբեջանի կողմից նոր տարածքային առաջխաղացումներին, նոր սադրանքներին հատկապես նաև խաղաղ բնակչության նկատմամբ, նման կարծիք է հայտնել պատմաբան Խաչատուր Ստեփանյանը:
«Արցախին Հայաստանից կտրելը և Արցախի հայաթափումն իրական և լուրջ սպառնալիք է լինելու հայկական պետականության անվտանգության և անգամ գոյության համար, ինչը ֆանտազիայի ժանրից չէ: Պետք է կանխել հավանական աղետը, և դրա համար պետք է ամեն ինչ անել: Դիվանագիտական, համաժողովրդական, ռազմական ռեսուրսները պետք է օգտագործել՝ կանխելու Արցախի հայաթափումն ու շուտափույթ վերականգնել Արցախի հետ ցամաքային կապը»,-ասաց մեր զրուցակիցը՝ միաժամանակ ընդգծելով, որ Հայաստանի իշխանությունները նշված ուղղություններով ոչինչ չեն անում:
«Իշխանությունները ոչինչ չեն անում, բայց հասարակությունը պետք է երկու իրողություն գիտակցի. կա՛մ պետք է ճնշում գործադրի իշխանության վրա, կա՛մ փոխի իշխանությանը: Խնդիրը, որի առջև կանգնած ենք, շատ մեծ տարողականություն ունի, մենք պետությունը կորցնելու վտանգի առաջ ենք, և միայն իշխանություն պահել-չպահելու ամբիցիայով տարվելն այս դեպքում անընդունելի է»,-հավելեց պատմաբանը:
Նա շեշտեց, որ ակնհայտ է՝ Ադրբեջանն անընդհատ պատրաստվում է պատերազմի: «Անընդհատ փորձում է հաղթանակը բոնուսավորել նոր տարածքների գրավմամբ, իսկ մեզ մոտ ամեն գնով խաղաղություն են ուզում, բայց այդ խաղաղության համար, բացի հայտարարություններից, որևէ քայլ իշխանությունը չի ձեռնարկում: Մեծ հաշվով, մենք ոչինչ չանելով՝ պատրաստվում ենք խաղաղության, Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, ինչպես նաև առանց պատերազմի, առանց մեծ պատերազմի հայկական տարածքներ գրավելու: Մեզ մոտ ժողովրդին վախեցնում են էսկալացիայով, բայց Ադրբեջանը նույն այդ էսկալացիայի իմիտացիան ցուցաբերելով՝ տարածքներ է կորզում՝ ավելի սպառնալով տարածաշրջանային խաղաղությանը»,-նկատեց Խ. Ստեփանյանը:
Մեթոդաբանական առումով, նրա խոսքով, պաշտոնական Երևանն ու պաշտոնական Բաքուն տարբեր հարթություններում են գործում: «Եթե գործողությունների տրամաբանությունը բխում է ամեն գնով խաղաղություն հաստատելու սկզբունքից, պետք է ցույց տալ հասարակությանը, որ նշվածին հասնելու համար խաղաղության մասին ոչ միայն պետք է խոսել, այլ պատրաստվել այդ խաղաղությանը սեփական ուժերով: Խաղաղության հասնելու համար մեր պետությունն ինքը պետք է ի զորու լինի խաղաղություն թելադրել, ինչի համար պետք է բավարար չափով կարողություններ ունենալ: Հայտնի խոսք կա՝ «ուզում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի»:
Եթե մենք խաղաղության մասին միայն խոսում ենք, իսկ Ադրբեջանն անընդհատ փորձում է նոր տարածքներ գրավել ու սպառնում մեզ պատերազմով, ուրեմն Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը սխալ է: Կարծում եմ՝ Ադրբեջանն ամեն գնով ուզում է Հայաստանից անընդհատ տարածքներ գրավել ու վերջում կործանել մեր պետականությունը, իսկ Հայաստանի իշխանությունն ամեն գնով փորձում է պաշտպանել իր իշխանությունը՝ «տարածք տանք, Արցախը տանք, զիջումների գնանք, միայն թե մեր իշխանությունը մնա» սկզբունքով»,- ասաց պատմաբանը՝ նշելով, որ, իր տպավորությամբ, ամեն ինչ հենց այս տրամաբանության մեջ է:
Նրա խոսքով, պատմության ընթացքում նման բարդ և ծանր իրադրության առջև մեր ժողովուրդն էլի է կանգնել: «Մեր ժողովուրդը կարողացել է հաղթահարել այդ իրադրությունները, փրկվել վերջնական կործանումից, դարերի ընթացքում նորից անկախ պետականություն վերականգնել: Բայց ամեն անգամ պատմությունը կարող է և չկրկնվել: Այսինքն, մենք չպետք է ապրենք հույսով, որ եթե ոչինչ չանենք, միևնույնն է, օրերից մի օր ոտքի ենք կանգնելու: Մենք ոտքի ենք կանգնելու միայն հստակ գործողություններ, քայլեր անելու դեպքում: Սպասել, որ պատմությունը մեզ պետք է նվեր մատուցի, ճիշտ չէ: Ավելին՝ անգամ հակառակը կարող է լինել:
Պատմությունը կարող է մեզ դառն անակնկալ մատուցել: Այսինքն, այս ծանր իրավիճակում մեր մխիթարանքը չպետք է պատմության նախկին փորձը լինի, ըստ որի՝ կարող է մի օր լավ լինել: Առաջ ժողովուրդը տրամադրվել է, համապատասխան էլիտա է ի հայտ եկել, որը կարևոր է համարել անկախ պետության ստեղծումը, վերականգնումը, ուժեղ պետության կայացումը: Պատեհ առիթի սպասելով՝ կարող է ուժերն այնքան սպառվեն, որ ներկա իրավիճակը մեզ երազանք թվա: Չպետք է խնդրի լուծումը թողնել պատմությանը, ինքներս պետք է ուղղորդենք պատմությանը»,-եզրափակեց մեր զրուցակիցը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում