Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսաստանը Հարավային Կովկասի տարածաշրջանի հարևանն է, ուստի հայտարարություններն այն մասին, թե Ռուսաստանը երես է թեքում տարածաշրջանից, Հայաստանից, ոչ այլ ինչ է, քան շահարկումներ` հայտարարում եմ միանգամայն պաշտոնապես և հաստատապես։ Այս մասին հոկտեմբերի 5-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ շարունակելով՝ Ռուսաստանի համար շատ կարևոր է, որպեսզի այս տարածաշրջանը լինի խաղաղ, առանց առանցքների, տարածաշրջան, որը կնպաստի տարածաշրջանային և միջազգային տնտեսական գործընթացներին։ «Ռուսաստանի համար դա շատ, շատ կարևոր, կենսական նշանակություն ունի»,- ասել է Հայաստանում ՌԴ դեսպանը։
Նշենք, որ Ռուսաստանի՝ Հայաստանից երես թեքելու համատեքստում երեկ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանն էր լրագրողների հետ զրույցում կրկնել Նիկոլ Փաշինյանի այն ձևակերպումը, թե, հնարավոր է՝ ոչ թե Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, այլ՝ ՀԱՊԿ-ը որոշում կայացնի դուրս գալ Հայաստանից։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Խաչատուր Ստեփանյանն աշխարհաքաղաքական տեկտոնիկ այս փուլում խիստ վտանգավոր համարեց ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին խոսակցություններն անգամ, որոնք, ըստ նրա, միայն խոսակցություններով չեն ավարտվում։
«Այս իշխանությունների կողմից այս պահին ՀԱՊԿ-ից դուրս գալու ուղղությամբ գործնական քայլերը սպասելի են, իսկ դա կլինի շատ վտանգավոր»,- ասաց Ստեփանյանը։
Այդ վտանգների մասին միտումնավոր չբարձրաձայնող և արևմտյան տարատեսակ դրամաշնորհային ծրագրերով ֆինանսավորվողների կողմից ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց սկսողների համար Խաչատուր Ստեփանյանն առավել առարկայական ներկայացրեց այն, թե ինչ կկատարվի Հայաստանում՝ նրանց ուրվագծած սցենարի իրականացման դեպքում։
«ՀԱՊԿ-ից դուրս գալուց հետո ամբողջ Հայաստանը կվերածվի Ջերմուկի. կունենանք ավերակներ, գերիներ, անմարդկային սպանություններ, իհարկե, հետո ներողություն կխնդրեն, բայց այդ ժամանակ Հայաստան չի լինի, ուստի, հիմա մեր գերխնդիրը պետք է լինի ոչ թե ժողովրդավարություն ասվածը, այլ մեր պետության և մեր քաղաքացու անվտանգության ապահովումը, ինչի համար կա երկու երաշխիք. առաջինը՝ ՀՀ Զինված ուժերի դերակատարումն է, երկրորդ՝ ՀԱՊԿ-ի զսպող ազդեցությունը. շեշտում եմ՝ ՀԱՊԿ-ի, հատկապես, որ ՆԱՏՕ-ում Հայաստանին չեն սպասում։ Հիշեք, թե քանի տարի է հերթ կանգնած Վրաստանը, որն այդպես էլ չի կարողանում անդամագրվել ՆԱՏՕ-ին»,- ասաց պատմական գիտությունների պրոֆեսորը։
Անվտանգային նկատառումներից ելնելով ՀԱՊԿ-ից դուրս գալը որպես միակ աշխատող մեխանիզմ դիտարկողներին պատմաբանը նաև հիշեցրեց՝ ՆԱՏՕ–ի անդամ Թուրքիան ցանկանում է Հայաստանը ոչնչացնել, իսկ հային ոչնչացնող Թուրքիային Արևմուտքը հետո կների, մի տեղ մի բան կտա, մի այլ տեղ՝ մի բան կստանա. օրինակ՝ առևտուր կանի Սիրիայում կամ Լիբիայում։
«Արևմուտքն օգնում է Ուկրաինային, որի ժողովրդին ոչնչացնելու ցանկություն Ռուսաստանը չունի, իսկ մեզ չի օգնի, երբ Թուրքիան ի ցույց դնի մեզ ոչնչացնելու իր ցանկությունը և գործի անցնի։ Արևմուտքը Թուրքիային կների Հայաստանը ոչնչացնելու համար, կամ, այլ կերպ ասած, Թուրքիան Հայաստանը կմարսի, չէ՞ որ նրանց 3 ժամ է պետք, որ Սյունիքը կտրեն Հայաստանից, իսկ այդ ժամանակ կստանանք ոչ թե մեր աջակցությանը միտված գործնական քայլեր, այլ ընդամենը հայտարարություններ, ինչպիսիք ստացել ենք ցեղասպանվելուց հետո»,- ասաց Ստեփանյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում