կարևոր
6298 դիտում, 1 տարի առաջ - 2023-09-21 12:16
Քաղաքական

Մենք թաղեցինք կամ դեռ թաղում ենք մեր երազանքն ու մսխեցինք մեր հնարավորությունը․ Խաչատուր Ստեփանյան

Մենք թաղեցինք կամ դեռ թաղում ենք մեր երազանքն ու մսխեցինք մեր հնարավորությունը․ Խաչատուր Ստեփանյան

Երկար գրելու տրամադրություն չկար, բայց երկար ստացվեց․․․

Դեռևս 1600 տարի առաջ Պատմահայրը մեր անկախ պետականության անկման հիմնական պատճառ էր համարում ուսուցիչների տխմարությունն ու ինքնահավանությունը, կրոնավորների ցուցամոլությունն ու սնափառությունը, աշակերտների ծուլությունն ու մեծամտությունը, վիճակավորների գոռոզությունն ու դատարկախոսությունը, ժողովրդականների ամբարտավանությունն ու ստահակ լինելը, զինվորականների անարիությունն ու պարծենկոտությունը, իշխանների ծառայամտությունն ու ագահությունը, դատավորների տմարդիությունն ու կաշառակերությունը։ Եվ առհասարակ անամոթութոյւնն ու սիրո բացակայությունը․․․

Առիթ եղել է գրելու, որ հայ ժողովրդի պատմությունը մեծագույն մասով եղել է անկախության վերականգնման համար պայքարի, կամ անկախության պահպանման համար պայքարի պատմություն։ Եվ դա կարծես իրար հաջորդող գործողությունների փակ շղթա լինի։ Որպեսզի հաղթահարենք մեր պատմության մեջ իրար հաջորդող փուլերի փակ շղթան և գնանք անկախության պետականության կայացման ու հզորացման հավերժական ուղիով, պետք է աոանց որևէ նախապաշարման Մովսես Խորենացու «Ողբք»-ում արձանագրված նշյալ արատավոր երևույթներն ազգովի բուժենք և հեռացնենք հայ հասարակությունից։

Քա դեռ դա չենք արել, քանի դեռ մենք տխմար ենք ու ինքնահավան, ցուցամոլ և սնափառ, ծույլ և մեծամիտ, գոռոզ ու դատարկախոս, ամբարտավան և ստահակ, ծառայամիտ և ագահ, անարի և պարծենկոտ, տմարդի և կաշառակեր, և առհասարակ անամոթ ու անսեր, փակ շղթայից դուրս չենք գալու։

32 տարի առաջ մենք նորից մտանք մեր պատմության անկախության շրջանի մեջ։ Երազանքներից սերված ապրումի և սպասումի տարիներ էին, պատերազմ, շրջափակում, բազում զրկանքներ, բայց հաղթանակ, հայրենիքի ազատագրում, հպարտության զգացում և ուժեղանալու նոր երազանք ու հնարավորություն․․․

Բայց մենք թաղեցինք կամ դեռ թաղում ենք մեր երազանքն ու մսխեցինք մեր հնարավորությունը, որովհետև մենք չուզեցինք անկախ պետականություն կերտել, հիմա էլ վախենում ենք անկախ պետականությունը փրկել։ Մենք վախկոտ ենք, որովհետև ավելի հեշտ է լինել տխմար ու ինքնահավան, ցուցամոլ և սնափառ, ծույլ և մեծամիտ, գոռոզ ու դատարկախոս, ամբարտավան և ստահակ, ծառայամիտ և ագահ, անարի և պարծենկոտ, տմարդի և կաշառակեր, և առհասարակ անամոթ ու անսեր։

Մեր այսօրվա ծանր վիճակի համար պատճառ ենք բերում թե իշխանությունների ապիկար և հակահայ կեցվածքը, թե մեզ համար աննպաստ աշխարհաքաղաքական իրողությունը։ Գալու է նաև աշխարհաքաղաքական նպաստավոր իրավիճակ, բայց մենք մեր ապիկարությամբ ու մնացած արատներով չենք կարողանալու օգտվել դրանից։

Ոչ միայն հնարավոր է, այլև անհրաժեշտ է դուրս գալ պատմության շրջապտույտի փակ շղթայից անկախ պետականությամբ, այլապես էլ դուրս կգանք, բայց առանց անկախության վերականգնման հույսի ու հնարավորության։

Անհրաժեշտ է չհուսալքվել, չվախենալ սեփական պայքարից, բուժել սեփական արատները, հավատալ սեփական հաղթանակին։

Կեցցե անկախ Հայաստանը, կեցցե հայ ժողովորդը․․․

 

Խաչատուր Ստեփանյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ,

Հայկական պետական մանկավարժական համալսարանի Համաշխարհային պատմության ամբիոնի վարիչ, պ. գ. դ., պրոֆեսոր