Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ ԳՄ անդամ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Խաչատուր Ստեփանյանն ազգային ազատագրական նոր պայքար սկսելու անխուսափելիթյան մասին զրուցել է Մարիամ Խաթլամաջյանի հետ։
Պարոն Ստեփանյան, այսօր տիրող աշխարհաքաղաքական և հայկական պայմանների մեջ ինչպե՞ս այժմեականացնել ազգային-ազատագրական պայքարը՝ քաղաքական, ընկերային, քարոզչական, ռազմական ոլորտներում։
Համաշխարհային կան տարածաշրջանային գերիաշխանության հասնելու, կենսատարածք նվաճելու, սեփական քաղաքակրթությունը տարածելու համար ազգերը հավերժական պայքարի մեջ են։ Փոքր ազգերը, որոնք չեն ուզում դառնալ օտարին ենթակա և ցանկանում են ապրել մյուսների կողքին հավասարը հավասարի պես, ստիպված են ազգային-ազատագրական պայքար մղել։ Եվ պարտադիր չէ, որ այդ պայքարը միայն զինված դրսևորում ունենա։
Այսօր Հայաստանում հայ ժողովուրդը ստիպված է պայքարել ոչ միայն Արցախի ազատագրման համար, որը, մեր կարծիքով զինված դրսևորում է ունենալու, այլև հակահայ արշավների դեմ։ Հայկականը մերժող, ազգային արժեհամակարգը քանդող ամենատարբեր քաղաքական, քարոզչական, ընկերային դրսևորումների դեմ պետք է սկսել ազգային ազատագրական պայքար։
Չի կարելի հանդուրժել ազգային արժեքների հանդեպ ծաղրն ու դրանց նսեմացումը, չի կարելի թույլ տալ հասարակության սոցիալական ծայրահեղ բևեռացումը։ Սա անկասելի անկումի է հասցնելու, որի դեմ առնելու համար ազգային-ազատագրական պայքարն անխուսափելի է։
Ազգ-բանակ գաղափարը կարելի՞ է մեզանում իրագործել, եղե՞լ է նման երևույթ երբևե մեզանում։
Ազգ-բանակ գաղափարի արծարծումը հայ իրականության մեջ ավելի քան հարյուր տարված պատմություն ունի։ Հայ ականավոր տեսաբան, ազգային-ազատագրական շարժման գաղափարախոս Միքայել Վարանդյանը 20-րդ դրասկզբին հրատարակել է մի գրքույկ՝ «Համաժողովրդական բանակ» վերտառությամբ, որտեղ առաջ է քաշում համընդհանուր զինումի գաղափարը։ Ցավոք տարբեր հանգամանքների բերումով այդ գաղափարը մեզ մոտ լայն տարածում չգտավ։ Երրորդ հանրապետության տարիներին՝ 2010-ականներին, փորձ արվեց պետության կողմից վերախմբագրված՝ «Ազգ-բանակ» ձևով իրագործել այն։ Սակայն 2018 թվականից հետո հասկանալի պատճառներով և աններելիորն դա մոռացության տրվեց նոր իշխանությունների կողմից։
Կարծում ենք ստեղծված աշխարհաքաղաքական և ռազմական ծանր պայմաններում հայտնված հայ ժողովուրդը պարտավոր է նախ հույսն իր վրա դնել, որը ենթադրում է համընդհանուր զինում, որն էլ իր հերթին «Ազգ-բանակ» կամ «Համաժողովրդական բանակ» գաղափարի իրագործումն է։
Պարոն Ստեփանյան, այսօր ո՞ր ազգերն են մղում ազգային-ազատագրական պայքար։
Արդեն առաջին հարցին պատասխանելիս նշեցի, որ այն փոքր ազգերը, որոնք չեն ուզում դառնալ օտարին ենթակա, պատրաստ են ազգային-ազատագրական պայքարի։ Պայքար են մղում տնտեսական ոլորտում շահագործման չենթարկվելու համար։ Պայքար են մղում կրթական ոլորտում իրենց տեսակի շարունակությունն ապահովող սերունդ դաստիարակելու համար։ Շարունակվում են նաև զինված ազգային-ազատագրական պայքարի դրսևորումները՝ սեփական տեսակի ֆիզիկական գոյությունն ապահովելու և ազատ ապրելու համար։ Այդպիսի ազգեր կան և լինելու են միշտ։