Փոխարժեքներ
11 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.15 |
EUR | ⚊ | € 423.5 |
RUB | ⚊ | ₽ 3.97 |
GBP | ⚊ | £ 506.82 |
GEL | ⚊ | ₾ 142.07 |
Ուղիղ 33 տարի առաջ այս օրը Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի անկախության մասին հռչակագիրը, որով ոչ միայն պաշտոնապես սկսվեց անկախ պետականության կայացման գործընթացի սկիզբը, այլև սահմանվեցին պետականության զարգացման ուղենիշները։
1990թ․ օգոստոսի 23-ի փաստաթուղթը հիրավի պատմական է։ Նրանում գրված ամեն մի տող ազգային պետականություն բուրում՝ ինքնիշխանություն, ժողովրդավարություն, իրավունքի գերակայություն, ազգային բանակ, խոսքի, մամուլի, խղճի ազատություն, օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների իրավահավասարություն, իրավապահ մարմինների և զինված ուժերի ապաքաղաքականացում, կրթության, գիտության և մշակույթի սեփական համակարգ։ Շատ կարևոր է 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին պետության սարատ կանգնելու պատրաստակամությունը։
Ժամանակակից Հայաստանի պատմությունը պետք է կառուցվեր և պետք է կառուցվի Անկախության մասին հռչակագրի հիման վրա։ Այսօրվա մեր ծանր վիճակը պայմանավորված է ոչ թե հռչակագրի դրույթներով, այլ այդ դրույթներին մինչև վերջ հետամուտ չլինելով։
Յուրաքանչյուր պետություն, ազգ ինքն է որոշում իր հավակնությունների սահմանները, դրանք պայմանավորում է իր անվտանգության, հարատևության, ինքնության պահմանման պատկերացումներով։
Մենք չենք կարող հարևանների պատկերացումներով կառուցել մեր ապագան, առավել ևս որ մեր հարևանները մեզ համար որևէ ապագա չեն պատկերացնում։
Տեր կանգնենք Անկախության մասին հռչակագրի յուրաքանչյուր դրույթին, հետամուտ լինենք դրանց իրագործմանը։ Նախ պետք է ունենալ լիարժեք անկախություն, որ հետո նոր լինի խաղաղություն։
Խաչատուր Ստեփանյան
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Համաշխարհային պատմության ամբիոնի վարիչ, պ.գ.դ., պրոֆեսոր