կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-20 15:07
Արցախ

Ադրբեջանցիների ուժերի և միջոցների հրեշավոր գերազանցության պայմաններում հայերը զանգվածային հերոսական հրաշքներ են ցուցադրել. Կոնստանտին Սիվկով

Ադրբեջանցիների ուժերի և միջոցների հրեշավոր գերազանցության պայմաններում հայերը զանգվածային հերոսական հրաշքներ են ցուցադրել. Կոնստանտին Սիվկով

Խնդրում եմ կարդալ, տարածել հնարավորության սահմաններում: Սրանք արհեստավարժ ու սուպեր մասնագետի խոսքեր են: Մարդու խոսքեր, որը ռազմական գործերից շատ ավելի լավ է հասկանում, քան շատերը: Նաև՝ դա կարևոր է մեր առյուծների, մեր հերոսների ազնիվ անունը պահպանելու համար, որոնց սխրանքը ցանկանում են զրպարտել Հայաստանի և Արցախի իշխանությունները. իր թելեգրամյան էջում գրում է ռուսաստանցի լրագրող, հրապարակախոս, հրատարակիչ Արամ Գաբրելյանովը՝ անդրադառնալով ռուս հայտնի ռազմական փորձագետ Կոնստանտին Սիվկովի անդրադարձին հայկական բանակի և թուրք–ադրբեջա–ահաբեկչական խմբավորումների միջև տեղի ունեցած 44-օրյա պատերազմի վերաբերյալ։

Ռուսաստանի հրթիռահրետանային գիտությունների ակադեմիայի (РАРАН) տեղեկատվական քաղաքականության հարցերով փոխնախագահ, ռազմական գիտությունների դոկտոր Սիվկովի անդրադարձը՝ ստորև:

«Հարցի էությունը

Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի ընդհանուր ներուժը մոտ հինգ անգամ պակաս է, քան Ադրբեջանի ընդհանուր ռազմական ներուժը: Ադրբեջանցիները ռազմական գործողություններ սկսել են երկու ուղղությամբ՝ հյուսիս-արևմուտք և հարավ-արևելք: Նման գերազանցությամբ՝ նրանք պատերազմի առաջին յոթ օրվա ընթացքում կարողացան հսկայական կորուստներով հաղթահարել ընդամենը մի քանի կիլոմետր: Դեմ առնելով Լեռնային Ղարաբաղի պաշտպանության երկրորդ գծի լեռնաշղթային՝ նրանք հասկացան, որ չեն կարողանա այսպես առաջ շարժվել: Ուստի մեկ շաբաթ անց նրանք վերախմբավորեցին իրենց ուժերը՝ կենտրոնանալով հարավարևելյան ուղղությամբ: Այս ուղղությամբ 10-12 անգամ գերազանցում էին նրանց ուժերը:

Մտածեք այս թվերի մասին. այդպիսի գերազանցություն ունենալով՝ նրանք մեկ ամսվա ընթացքում անցան 30-40 կմ հեռավորություն: Երբ նրանք ճեղքեցին պաշտպանության բոլոր գծերը և դուրս եկան օպերատիվ տարածք, նրանք շարունակեցին հանդիպել հայերի կատաղի դիմադրությանը: Հայերը յուրաքանչյուր գյուղ, ամեն կիրճ, ամեն արահետ վերածեցին հենակետի:

Նման գերազանցությամբ՝ ադրբեջանցիները 3 օր գրավում էին Շուշի քաղաքը: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչքան ջանք պետք է թափեին Ստեփանակերտի վրա: Այնքան դիակներ կլինեին, որ մտածելն անգամ սարսափելի է: Նույնիսկ այս ցուցանիշները ցույց են տալիս, որ ադրբեջանցիները մեծ վնասներ են կրել, նրանց ռեսուրսները, մասնավորապես՝ զինամթերքի պաշարները, առաջին հերթին՝ հրետանու, հիմնականում սպառվել էին:

Եվ հիմա՝ ռազմավարական նրբություններ:

Ադրբեջանը զինված էր մեծ քանակությամբ 50-90 կմ համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով և հրետանիով: Հայերի դաշտային հրետանու առավելագույն հեռահարությունը 15-20 կմ էր:

Ադրբեջանցիներն ունեցել են մոտ 50-70 անօդաչու թռչող սարք, որոնք գնել են արտասահմանում: Այս անօդաչու թռչող սարքերը կրակի թիրախներ են տվել հրետանու համար: Հայերը չունեին անօդաչու թռչող սարքեր: Նրանք կիրառել են կրակոցից հետո մարտկոցի հայտնաբերման ցածր ճշգրտությամբ համակարգեր: Այսպես կոչված՝ հրետանային հետախուզական համակարգեր:

Ադրբեջանցիները կարող էին խորքային կրակային հարվածներ հասցնել, իսկ հայերը չէին կարող պատասխանել: Նրանք կարող էին թիրախավորել միայն իրենց հրետանու հասանելիության սահմաններում, բայց այդ ժամանակ էլ ստիպված էին կիրառել հետախույզների հմտությունը, որպեսզի նպատակային թիրախավորում տային հրետանուն:

Եթե առաջին օրերին ադրբեջանցիները ցույց տվեցին, թե ինչպես են աշխատում անօդաչու թռչող սարքերը, ինչպես են ոչնչացնում թիրախները, նկարում կոտրված տանկերը, ապա այս ամենը կանգ առավ, քանի որ այս անօդաչուներից ոչինչ չէր մնացել. 60-ից 46-ը ոչնչացվել էր:

Եթե ադրբեջանցիներն ունեին բավարար քանակությամբ հակաօդային պաշտպանության համակարգեր՝ անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարելու համար, ապա Լեռնային Ղարաբաղն ուներ «Շիլկա» տիպի ընդամենը վեց ինքնագնաց թնդանոթներ՝ պաշտպանության այս ամբողջ գծի համար: Գումարած դրան, իմ ենթադրությունների համաձայն, հայերը ևս մեկ տասնյակ են գործի դրել: Եվ այդ կայանքները՝ 2-2,5 կմ կրակով, ոչնչացրել են ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի երեք քառորդը: Դրանից հետո անօդաչու թռչող սարքերի գործողությունները դադարեցին:

Ադրբեջանցիներն ունեին 100 ժամանակակից T-90 տանկ, իսկ Հայաստանը՝ մեկը: Մնացածը արդիականացված T-72 տանկեր էին, որոնք կարող էին T-90- ի դեմ պայքարել միայն շատ բարենպաստ պայմաններում:

Տանկերի ընդհանուր քանակի առումով՝ հայերը՝ 200, իսկ ադրբեջանցիները՝ 444: Պարզապես համեմատեք այս փաստերը:

Ես կարող եմ միայն մեկ բան ասել՝ Լեռնային Ղարաբաղի զորքերի հրամանատարական կազմի թե՛ օպերատիվ արվեստը, թե՛ մարտավարական պատրաստությունը ամենաբարձրն են: Քաջությունն ամենաբարձրն է: Այն պայմաններում, որոնցում նրանք կռվում էին, ադրբեջանցիների ունեցած ուժերի և միջոցների հրեշավոր գերազանցության պայմաններում, հայերը զանգվածային հերոսական հրաշքներ են ցուցադրել: Այլ բան չեմ կարող ասել:

Թուրք զինվորականները գրոհայինների էին ուղարկել Սիրիայում գտնվող Իդլիբյան կաթսայից, որպեսզի նրանք կարողանան հավասար պայմաններով դիմակայել Լեռնային Ղարաբաղի մարտիկներին: