Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուժաշխատողի օրվա կապակցությամբ։ Այս մասին Yerkir.am-ին տեղեկացնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Փաշինյանի ուղերձում ասվում է․
«Սիրելի՛ բուժաշխատողներ,
Առողջապահական համակարգի հարգելի՛ ներկայացուցիչներ,
Առանձնահատուկ ջերմությամբ շնորհավորում եմ ձեզ Բուժաշխատողի օրվա կապակցությամբ։ Այս տարի ձեր մասնագիտական տոնը մենք նշում ենք դժվարին իրավիճակում՝ պայմանավորված նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության տարածման հետ։
Չափազանցություն չէ՝ դուք կորոնավիրուսի դեմ պայքարի մեր հերոսներն եք։ Ինչպես մեր զինվորներն են անձնվիրաբար պաշտպանում հայրենիքի սահմանները, այնպես էլ դուք այս օրերին անմնացորդ նվիրումով պայքարում եք համաճարակի դեմ և փրկում մարդկային կյանքեր։ Բժշկի մասնագիտությունը կոչում է, նվիրվածություն, պատիվ ու պատասխանատվություն, և այս ծանր օրերին ձեր անձնուրացությամբ, զօրուգիշեր անտրտունջ աշխատանքով դուք հավատարիմ եք այդ բարձր առաքելությանը:
Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների անունից շնորհակալություն եմ հայտնում ձեզ կորոնավիրուսի դեմ պայքարի առաջամարտիկի աշխատանքը պատվով կատարելու համար: Հայաստանի Հանրապետության կառավարությունը որևէ միջոց չի խնայում և չի խնայի առողջապահական համակարգի կարողություններն ավելացնելու ու հզորացնելու, ձեզ համար անհրաժեշտ աշխատանքային բոլոր պայմաններն ու հնարավորությունները ստեղծելու համար:
Սիրելի՛ հայրենակիցներ,
առիթն օգտագործելով՝ կցանկանայի ևս մեկ անգամ դիմել ձեզ:
Հայաստանի առողջապահական համակարգն այսօր հրաշքներ է գործում, և բոլորիս խնդիրն է՝ աջակցել նրան մեր անհատական վարքագծով, հակահամաճարակային կանոնները պահպանելու մեր կարգապահությամբ: Բազմիցս եմ ասել և շարունակում եմ կրկնել՝ անհատական ջանքը մեր պետականության զարգացման, մեր ժողովրդի հզորացման, մեր բոլոր խնդիրների լուծման բանաձևն է, և հենց այս գիտակցումով կատարվող արդյունավետ աշխատանքով կկարողանանք միասին հաղթահարել թե՛ համաճարակային ճգնաժամը, թե՛ մեր առջև ծառացած մյուս մարտահրավերները: Յուրաքանչյուրիս պատասխանատու վարքագծով կարող ենք թեթևացնել մեր բժիշկների ծանրաբեռնվածությունը և հնարավորություն տալ նրանց վերադառնալ իրենց ընտանիքներ:
Սիրելի՛ բժիշկներ, բուժքույրեր, մայրապետներ,
ևս մեկ անգամ ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Բուժաշխատողի օրվա կապակցությամբ: Մաղթում եմ ձեզ և ձեր ընտանիքներին քաջառողջություն, համբերություն, անսպառ եռանդ, սեր ու երջանկություն: Համոզված եմ՝ այս մարտահրավերից մենք դուրս ենք գալու հաղթանակած՝ համատեղ ջանքերի արդյունքում:
Սիրում եմ ձեզ, հպարտանում եմ ձեզնով և խոնարհվում եմ ձեր առաջ»։