կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-24 12:20
Իրավական

Հրաշքներ մի սպասեք. Ահարոն Ադիբեկյանն ընտրություններից առաջ սոցհարցում է իրականացրել

Հրաշքներ մի սպասեք. Ահարոն Ադիբեկյանն ընտրություններից առաջ սոցհարցում է իրականացրել

ԱԺ-ում ամենաշատ ներկայությունն ունենալու պայքարը քաղաքական երկու ուժերի մեջ է ընթանալու` ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի: Նման համոզմունք ունի սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, ով 3000 ընտրողների շրջանում հարցում է իրականացրել:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ սոցիոլոգը տեղեկացրեց, որ ԲՀԿ-ի խնդիրն ավելի լուրջ է, քան ՀՀԿ-ինը, քանի որ ԲՀԿ-ն կարևոր հարց ունի լուծելու` փախած առնետներին վերադարձնել:

«ԲՀԿ-ն պետք է իր` կուսակցությունը   լքած անդամներին փորձի հետ բերել, քանի որ նրանք կարող են մեծ քանակությամբ ձայներ ապահովել իրենց համար: Երկրորդ հարթակում հնաբնակներն են` ՀՅԴ-ն, ՀԱԿ-ն ու նախկին ՕԵԿ-ը, իսկ մյուս կուսակցությունները դեռ նոր-նոր պետք է կարողանան իրենց դիրքերը գրավել: ՕՐՕ դաշինքի հեղինակությունը 7 տոկոս է, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի վարկանիշը` 8 տոկոս, այսինքն` Րաֆֆին կկարողանա ձայներ բերել դաշինքին: Իսկ «Ելքը» պետք է Փաշինյանի վրա հենվի. նրանք էլ հավասար հնարավորություններ ունեն` նայած` ինչ ռեսուրսներ կծախսեն»,- ասաց Ադիբեկյանը:

Նա նշեց նաև, որ բնակչության 5,5 տոկոսն այս կամ այն կուսակցության անդամ է, և նրանց մեջ գերակշիռ` 2 տոկոսը ՀՀԿ-ականներ են: ՀՅԴ-ի ներկայացուցիչները թվով քիչ, բայց լավ կազմակերպված են: Նոր կուսակցությունները, Ադիբեկյանի բնորոշմամբ, ակումբային են, և հույս ունենալ, որ կդառնան հնաբնակների, օրինակ` ՀՅԴ-ի նման կազմակերպված, ճիշտ չէ:

Ըստ սոցիոլոգի` բնակչության 65 տոկոսն ուզում է տնտեսական խնդիրների լուծում` աշխատատեղեր ստեղծվեն, թոշակները բարձրացվեն, առողջապահական ծառայությունները մատչելի դառնան, իսկ երկրորդ տեղում սոցիալական խնդիրներն են, օրինակ` ճանապարհների հարցը: «Ընտրության գնացողների մեծ մասն իշխանամետ է, նրանք վախենում են փոփոխություններից, ուզում են իրենց ունեցածը պահպանել, և վերջ: Այնուամենայնիվ, ընտրությունների հետ կապված,` հրաշքներ մի սպասեք, պրագմատիկ եղեք»,- ասաց Ադիբեկյանը: