կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-06 16:56
Տարածաշրջան

Թուրքական ԶԼՄ-ները ցուցադրել են Էրդողանի ամառային պալատը՝ երկրում զանգվածային աղքատության ֆոնին

Թուրքական ԶԼՄ-ները ցուցադրել են Էրդողանի ամառային պալատը՝ երկրում զանգվածային աղքատության ֆոնին

Թուրքիայի նախագահի տներից մեկի ճարտարապետ Շեֆիք Բիրքիյեն հրապարակել է Էգեյան ծովի ափին գտնվող Մարմարիս քաղաքում պետության ղեկավարի՝  «ամառային պալատ» կոչվող շքեղ նստավայրի լուսանկարները․ հայտնում է Sözcü ընդդիմադիր թերթը:

Նկարները նախկինում թաքցնում էին լայն հասարակությունից։ Դրանցում պատկերված է բնակելի համալիր՝ 300 սենյակով, մասնավոր լողափով և լողավազանով, մինչդեռ երկրում ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակ է: 2019 թվականից նստավայրի լուսանկարները հասարակությունից գաղտնի էին պահվում, մինչ տեղական դիզայնի ստուդիան դրանք չհրապարակեց:

Ամառային պալատի շինարարությունը պետության վրա նստել է 640 միլիոն լիրա (շուրջ 74 միլիոն դոլար՝ ընթացիկ փոխարժեքով):

Հաշվարկված է, որ համալիրը կառուցվել է մոտավորապես 90,000 քառակուսի մետր տարածքում: Ամառանոցը ներառում է մեծ լողավազան և տներ՝ դեպի ծով ելքով:

Բնակավայրի օդային տեսանկարահանումը ցույց է տվել նաև, որ շինարարություն իրականացնելու համար զանգվածային անտառահատումներ են եղել:

2020-ի ամռանը Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մարմարիսում գտնվող իր «ամառային պալատում» ընդունել էր Ալբանիայի վարչապետ Էդի Ռամային և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: