Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսաստանցի քաղաքագետ Բորիս Ջերելիևսկին Сегодня.ру կայքում հրապարակել է ««Անտեսանելի խալիֆայությունը» նյութականանում է» վերնագրով հոդվածը, որում ուշագրավ մանրամասներ է ներկայացնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ նոր մուսուլմանական գերտերություն ստեղծելուն ուղղված քայլերի մասին։
«Մինչև վերջերս Էրդողանն ընկալվում էր մեծամասնության կողմից որպես տարածաշրջանային գործիչ, որը խաղում է գերտերությունների հակասությունների վրա... Սակայն այսօր կարելի է վստահաբար ասել, որ լոլիկներ իրացնելու կարողությունն այն հարցը չէ, որն իրականում մտահոգում է թուրք առաջնորդին»,– գրում է քաղաքագետը։
Ըստ Ջերելիևսկիի՝ հիմա, երբ Փարիզում բարձրացվել է արտակարգ դրություն և պարեկային ժամ հաստատելու հարցը, իսկ ԵՄ-ի ամբողջ ոստիկանությունը բերված է բարձր պատրաստության, շատերը հիշել են, որ դեռևս 2017 թ. Էրդողանը սպառնում էր, որ եվրոպացիները չեն կարողանալու անվտանգ քայլել փողոցներում, եթե Թուրքիայի նկատմամբ քաղաքականությունը չփոխվի:
Քանի որ թուրքական հետքը տեղի ունեցող իրադարձություններում ակներև է, կարող ենք ասել, որ Էրդողանն խոսքերը քամուն չի տալիս։
«Շատերը հակված են իրենց հանգստացնել այն մտքով, որ Անկարան, մասնակցելով միաժամանակ մի քանի հակամարտությունների, չի կարողանա դրա տակից դուրս գալ։ Եվ, իրոք, Էրդողանը կարողացել է փչացնել իր հարաբերությունները գրեթե բոլոր հարևանների հետ՝ բացառությամբ Ադրբեջանի, և գրեթե բոլոր գերտերությունների հետ։ Թուրքական տնտեսությունն անկում է ապրում, ոսկու պահուստը նվազում է, գնաճն ավելանում է։ Համավարակը հարվածել է զբոսաշրջությանը, նվազել է բնակչության կենսամակարդակը։ Իսկ ԱՄՆ–ի և ԵՄ–ի պատժամիջոցների հնարավորությունն ավելանում է, որոնք ունակ են պարալիզացնել երկրի տնտեսական կյանքը»,– գրում է Ջերելիևսկին։
Քաղաքագետն իրավացիորեն կարծում է, որ Էրդողանի մշակած խաղում կենսամակարդակի նվազումը կխթանի աղքատացած հասարակության մոբիլիզացիան ինչպես արտաքին թշնամու դեմ պայքարում, այնպես էլ «բարու և չարի» մենամարտում՝ հանուն նոր աշխարհի կառուցման՝ եղբայրության և արդարության հիմքով, իսկ հարուստ և անկախ միջին խավը միայն խոտան են նման մենամարտերում։
Ըստ Ջերելիևսկիի՝ Էրդողանի մտահղացման մասին կարել է իմանալ նրա համախոհ՝ պաշտոնաթող գեներալ Ադնան Թանրըվերդիի ելույթներից։ Թանրըվերդին թուրքական էլիտար մասնավոր ռազմական ընկերության՝ SADAT–ի հիմնադիրն է, որը ներկայումս գործում է Լիբիայում։ Ըստ Թանրըվերդիի՝ իրենց նպատակը իսլամական գերտերության հիմքեր ստեղծելն է, որը կներառի 61 պետություն, իսկ կենտրոնը կլինի Ստամբուլը։ Եվ սա ծերունի գեներալի երևակայությունը չէ. նա ոչ միայն նախատեսում է նման պետության ստեղծումը, այլև լուրջ քայլեր է իրականացնում այդ ուղղությամբ։
«Արդարության պաշտպանների ռազմավարական հետազոտության կենտրոնը (ASSAM), որի նախագահը նույն Թանրըվերդին է, ամենամյա «ժողովներ» է անցկացնում տեխնիկական խնդիրների լուծման համար՝ կապված «իսլամական միության» ձևավորման ու ղեկավարման հետ։ Այդ ժողովներից մեկի ժամանակ Թանրըվերդին կոչ էր արել իսլամական պետությունների մասնակցությամբ կոորդինացնել զենքի և սպառազինության համատեղ արտադրությունը՝ հայտարարելով. «Պետությունները չեն կարող հակազդել երկրներին, որոնց զենքն օգտագործում են»։ ASSAM–ը նաև հրապարակել է սահմանադրության 69 էջանոց նախագիծ՝ իսլամական պետությունների կոնֆեդերացիայի համար։ Ըստ այդ սահմանադրության՝ «ինքնիշխանությունը պատկանում է շարիաթին, իսկ միությունը կոչվում է Ասրիկա (Ասիա և Աֆրիկա)»»,– գրում է Ջերելիևսկին՝ ընդգծելով, որ Էրդողանի քաղաքականությունը կարելի է դիտարկել որպես այս ծրագրերի իրականացմանն ուղղված քայլեր։
Քաղաքագետը նշում է, որ 60-ից ավելի մուսուլմանական պետություններ Ստամբուլի դրոշի տակ հավաքելը բավական բարդ է, քանի որ շատերը գնահատում են իրենց ինքնիշխանությունը։ Դրա համար Էրդողանն ունի հզոր գործիք՝ ջիհադիստների կառույցները, որոնք դավանում են իսլամի ծայրահեղական հոսանքները և հակված են ահաբեկչության։
Ջիհադիստներն առաջացել են առանց Թուրքիայի մասնակցության. դեռևս 20-րդ դարի երկրորդ կեսին ԱՄՆ–ի, Մեծ Բրիտանիայի և Իսրայելի հատուկ ծառայությունները աշխատում էին դրանց ստեղծման ուղղությամբ, իսկ այսօր Անկարային է անցել դրանց նկատմամբ վերահսկողությունը (կամ փոխանցվել է)։ Էրդողանի կողմից զինվող այդ ուժերը կիրառվում են Սիրիայի կառավարության, քրդերի դեմ և Լիբիայում, իսկ այժմ էլ արդեն՝ Արցախում։
«Մինչև վերջերս որոշ մասնագետներ հակված էին մտածելու, որ այդ զորակազմը Էրդողանի կողմից օգտագործվում է որպես թնդանոթի միս։ Սակայն դա ճշմարիտ է միայն մասամբ։ Արցախում մարտերը ցույց տվեցին, որ վարձկան–ահաբեկիչները պատրաստված են ոչ պակաս, քան ադրբեջանական բանակի զինվորները, և զգալիորեն ավելի մարտունակ են, քան նրանք։ Բացի դրանից՝ այն փաստը, որ, երբ ադրբեջանցիների սպանված դիերը շաբաթներով մնում են դաշտերում, իսկ «ավազակների» դիակներն ամեն գնով փորձում են հանել և ուղարկել հայրենիք, շատ բանի մասին է խոսում։
Կա նաև ջիհադիստների «էլիտա»՝ զինյալներ Կենտրոնական Ասիայից, Կովկասից, Պովոլժիեից, Ուրալից և Չինաստանից։ Նրանց մանրամասն պատրաստում և պահում են...
Հերթական ծաղրանկարային սկանդալից հետո պարզվեց, որ Էրդողանը վերահսկում է ոչ միայն «հետևակին», այլև բազմաթիվ բջիջների՝ արտասահմանում։ Թուրք առաջնորդն ուղղակիորեն իր համացեղակիցներին և նույնադավաններին Եվրոպայում անվանեց «իր զինվորներ»...
Էրդողանի ելույթը Արևմուտքի դեմ, որը ումմայի (մուսուլմանական համայնք) վրա զգալի տպավորություն է թողել, մուսուլմանական պետություններին երկընտրանքի առաջ է կանգնեցնում, որոնք համարվում են «Ասրիկա»–ի պոտենցիալ նահանգներ. նրանք պետք է կա՛մ համերաշխություն հայտնեն Էրդողանին, կա՛մ իրենց համայնքի կողմից մեղադրվեն քաֆիրների (անհավատ) նկատմամբ սիրո մեջ։
Երկրորդ դեպքում Էրդողանի տրամադրության տակ կան ջիհադիստների տվյալ երկրներից, որոնք անհրաժեշտության դեպքում կուղղվեն սեփական երկրի դեմ՝ «Արաբական գարուն – 2» կազմակերպելու համար։ Թուրք առաջնորդը նրանց ընտրություն է առաջարկում՝ հետևել իրեն ինքնակամ կամ ստիպողաբար։
Էրդողանը չի պատրաստվում սահմանափակվել «Մեծ Թուրանով»։ Նա ցանկանում է ստեղծել «անտեսանլի խալիֆայություն»՝ ստեղծված արևմուտքի ջանքերով...», – եզրափակել է Ջերելիևսկին։