Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր տեղի ունեցավ ՀՀ-ում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեյիսիի մամուլի ասուլիսը, որի ընթացքում խոսվեց Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման և հայ-իրանական հարաբերությունների ընթացքի մասին:
Դեսպանը խոսեց Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի կիրառած պատժամիջոցների արդյունքում Իրանի ժողովրդի և Իրանի տնտեսության կրած վնասների մասին:
Նա նշեց նաև, որ Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունները միայն խոսքի մակարդակում չեն: «Ողջ աշխարհում չեք կարող տեսնել այնպիսի լավ հարաբերություններ, որոնք գոյություն ունեն մուսուլմանական Իրանի ու քրիստոնյա Հայաստանի միջև: Իրանի ժողովուրդը մեծ սիրով է ընդունում Հայաստանի ժողովրդին, նույնպես էլ Հայաստանի ժողովուրդը օտար չի ընդունում իրանցիներին: Մեր երկու պետությունների միջև ազգակցական պատմամշակութային կապերը դարերի խորքից են գալիս»,- ասաց դեսպանը:
Նա նշեց, որ այն դաժան պատժամիջոցները որ կիրառվեցին Իրանի դեմ, կարելի է ասել, եզակի էին, նմանը չկար աշխարհում: 40 տարի Իրանը գտնվել է էմբարգոների ներքո, և երբ Իրանի հեղափոխությունը հաղթանակեց, դեսպանի խոսքով, որոշ երկրներ փոխանակ օգնեին Իրանին, որը նոր էր այդ հեղափոխությունը արել, ընդհակառակը` խիստ սահմանափակումներ սկսեցին Իրանի դեմ, բացասական քարոզչություն սկսեցին, որն այն աստիճանի էր հասել, որ ԱՄՆ-ում սեպտեմբերի 11-ի ահաբեկչության ժամանակ փորձում էին դրա ետևում տեսնել Իրանին, այնինչ` այդ գործողությունների ետևում Սաուդյան Արաբիայի քաղաքացիներ են եղել:
Դեսպանը հավելեց, որ Իսրայելը 20 մլն դոլար էր ներդրել, որ ԱՄՆ-ը դեմ լինի այդ միջուկային համաձայնագրին, որ Իսրայելը 35 տարի է` սուտ ու կեղծիք է տարածել աշխարհում` Իրանին ներկայացնելով որպես վտանգավոր երկիր:
«Բայց աշխարհն այսօր հասկացավ, որ հենց Իսրայելն է վտանգ ներկայացնում աշխարհի համար: Նրանց նպատակն էր ծնկի բերել Իրանի ժողովրդին ու տապալել վարչակարգը: Իրանը միլիարդավոր վնասներ է կրել այս տարիների ընթացքում, բայց Իրանի ժողովրդի հետ երբեք հնարավոր չէ ուժի լեզվով խոսել: Իրանի ժողովուրդն իր 35 տարվա դիմադրությամբ ողջ աշխարհին ապացուցեց, որ բանակցությունների, խելքի ու տրամաբանության կողմնակից է»,- ասաց Ռեյիսին` հավելելով, որ մոտ 10 տարի է անհրաժեշտ, որ Իրանի տնտեսությունն ուշքի գա պատժամիջոցներից: