կարևոր
3157 դիտում, 1 տարի առաջ - 2023-08-03 16:20
Քաղաքական

«Գաղտնի» եկեղեցիներ Վանում․ քրիստոնյաներին թաղում են մուսուլմանական գերեզմանոցում

«Գաղտնի» եկեղեցիներ Վանում․ քրիստոնյաներին թաղում են մուսուլմանական գերեզմանոցում

Վանում գործող 4 բողոքական եկեղեցի կա։ Սակայն եկեղեցիներն ստիպված են լինում թաքցնել՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Մեծ խնդիր է նաև այն, որ շրջանում քրիստոնյա գերեզմանոց չկա։

Քադիր Ջեսուր

Վանը, պատմական և մշակութային հարստություններով հայտնի քաղաք լինելուց բացի, նաև տարբեր հավատքների բնօրրան է։ Սակայն քաղաքում թաքնվել հարկադրված 3 բողոքական եկեղեցիները և սակավաթիվ քրիստոնյա բնակչությունը հանդիպում են հասարակական ճնշման ու դժվարությունների։ Այն, որ Վանի եկեղեցիները հարկադրված են լինում թաքնվել, և որ վախճանված քրիստոնյաների համար անհնար է գերեզմանոց գտնել, մեկ անգամ ևս օրակարգ է բերում քաղաքում բնակվող ու զանազան հավատքներ դավանող մարդկանց կյանքի բնական ընթացքում ի հայտ եկած խնդիրները։

Վանում գտնվող 3 բողոքական եկեղեցիներն օգտագործվում են տեղի բնակիչ հանդիսացող քրիստոնյաների, Իրանից ժամանած զբոսաշրջիկների և միջազգային կրոնական արարողությունների համար։ Սակայն ընդհանուր 250-300 հոգանոց ծուխ ունեցող այդ եկեղեցիների հոգևոր առաջնորդները հայտնում են, որ ստիպված են թաքնվել՝ հասարակական ճնշումների պատճառով։ Երբ դրսից են եկեղեցիներին նայում, չի հասկացվում, որ դրանք եկեղեցի են․ ո՛չ խաչ կա, ո՛չ զանգ, ո՛չ էլ եկեղեցու անունը կրող որևէ ցուցանակ։ Վանի Փրկություն (Kurtuluş) եկեղեցին անգամ ներկա պահին պատսպարված է մի բնակարանի պատերում։

Անցյալում հոծ հայ բնակչություն ունեցած Վանում այսօր գործող քրիստոնյա գերեզմանոց չկա։ Առաջ գոյություն ունեցած հայկական գերեզմանոցներն էլ կա՛մ ոչնչացվել են, կա՛մ էլ դրանց վրա նոր շենքեր են կառուցվել։ Ասվածի ամենավերջին օրինակներից մեկն էլ տեղի ունեցավ Վանի կենտրոնական գավառներից մեկը եղող Իփեքյոլուում։ Անցած ապրիլ ամսին Հյուսրև փաշայի անվան տարրական և միջնակարգ դպրոցի նոր շենքի հիմնարկեքի համար հորատումներ էին արվել, որի հետևանքով գտնվել էին մարդկային ոսկորներ։ Հետագայում կատարված ուսումնասիրություններում բացահայտվել էր, որ այդ տարածքում հայկական գերեզմանոց է եղել։ Սակայն շարունակել էին դպրոցի շենքի կառուցումը։

Քանի որ քաղաքում ոչ մի քրիստոնյա գերեզմանոց չկա, ստիպված են լինում վախճանված քրիստոնյաներին թաղել մուսուլմանական գերեզմանոցում։ Ավելին, թաղման արարողության ժամանակ քրիստոնեության ծեսերը ևս չեն արվում, և գերեզմանների վրա խաչ չի տեղադրվում՝ այն վախով, թե հակառակ դեպքում գերեզմանը կավիրվի։

«Մի՞թե չենք կարող եղբայրաբար համատեղ ապրել»

Վանի Փրկություն եկեղեցու քահանա Վահիթ Յըլդըզը եկեղեցիներում անվտանգության հետ կապված մտահոգությունների մասին նշելով՝ հայտնեց․ «Ինչպես գիտենք, Վանի հասարակության մեծ մասը հարգանք է տածում մեր նկատմամբ։ Սակայն հանդիպում են նաև մեզ ատողներ։ Դրա ամենամեծ պատճառը նրանց կանխակալ կարծիքն է, սխալ տեղեկություններն ու քաղաքական դրդապատճառները։ Խաչը մեր սրբությունն է։ Մենք խաչ չենք տեղադրում մեր սրբավայրի վրա,  ինչ է թե  մարդիկ այն նկատեն և եկեղեցի գան։ Ձգտում ենք իմաստուն մոտենալ այդ հարցին։ Սակայն վատ չէր լինի, եթե խաչ լիներ եկեղեցու վրա, և այստեղ նույնպես զանգի ձայն լսվեր։ Մի՞թե չենք կարող եղբայրաբար համատեղ ապրել։ Իհարկե կարող ենք։ Մենք շատ բարեկամներ, ընկերներ և մուսուլման եղբայրներ ունենք։ Սակայն հանդիպում են նաև հետին միտք ունեցող խավեր։ Մինչ այս, Ջումհուրիյեթ թաղամասում մեր եկեղեցին մի քանի անգամ քարկոծվել է։ Կոտրել են եկեղեցու ապակիները։ Չենք ուզում հասարակության հանգիստը խաթարել։ Ցանկանում ենք, որ մարդիկ հանգիստ լինեն այստեղ»։

«Ամանորյա տոնակատարությունները մեզ հետո ոչ մի կապ չունեն դա անտեղյակություն է»

Յըլդըզն ընդգծեց նաև, որ սոցիալական հարթակներում քրիստոնեության դեմ տարածվող ատելության արտահայտությունների ազդեցության տակ հատկապես ամանորյա տոնակատարությունների ժամանակ տարածվող սխալ տեղեկատվության հետևանքով իրենք նույնպես վտանգի առաջ են կանգնում։ Յըլդըզը նշելով, որ ամանորյա տոնակատարություններից առաջ մի կազմակերպություն քաղաքում հակաքրիստոնեական քարոզչություն էր տարածում, հավելեց․ «Ոչ ոք ոչ մեկին բռնի ուժով չի պարտադրում, որ Ամանորը տոնեն։ Նոր տարին արդեն իսկ տիեզերական օր է։  Այն երկրներում, որտեղ օգտագործվում է հուլյան օրացույցը, մարդիկ նշում են Նոր տարին։ Սակայն ամանորյա տոնակատարությունները ոչ մի կապ չունեն մեզ հետ։ Դա անտեղյակություն է։ Մենք Սուրբ Ծնունդը տոնում ենք դեկտեմբերի 25-ին, որովհետև այն համարվում է Հիսուս Քրիստոսի ծննդյան օրը։ «Նոելն» արդեն իսկ «ծնունդ» է նշոնակում։ Ես գնացել, «Ամանորը քրիստոնյաների տոնն է» ասելով՝ հակաքրիստոնյա քարոզչություն տարածող միության հետ էլ եմ խոսել։ Նրանք կարծում են, թե մենք Նոր տարին նշելիս խմիչք ենք օգտագործում, հարբում ու զվարճանում։ Այնինչ, ես նման բան չեմ անում։ Դու ես դա անում։ Այդ ամենը ոչ մի կապ չունեն իմ հավատքի հետ։ Հիսուս Քրիստոսի ծնունդը համայն աշխարհն ընդունել է որպես տարեսկիզբ։ Ես հպարտանում եմ դրանով»։

«Եթե ես հարևանիս ինձ նման չսիրեմ, չեմ կարող բարեպաշտ լինել»

Քահանա Վահիթ Յըլդըզը հայտնելով, որ մի նեղ բնակարանում ծվարած Փրկության եկեղեցին առանձին տարածքի կարիք ունի, նշեց, որ եթե անգամ եկեղեցին առանձնատուն տեղափոխվի, դարձյալ ստիպված կլինի իր շուրջը պարսպատել, և հավելեց․ «Մեր վերաբերյալ հետին միտք ունեցողներն ասում են, թե իբր մենք աչքերով ենք հարձակվում նրանց վրա։ Երբեք այս հասարակության որևէ ներկայացուցչի փնովելու մտադրություն չունեմ, բայց ցավոք նման մարդիկ էլ են հանդիպում մեր շրջապատում։ Դա էլ ոչ ճիշտ տեղեկություններից բխող հետին միտք է։ Մենք սիրում ենք բոլորին։ Ես, իմ իսկ հավատքի պահանջով, պարտավոր եմ բոլորին սիրել։ Դա է Հիսուս Քրիստոսի պատվիրանը։ Իմ Սուրբ գրքի ամենամեծ պատվիրանը սիրելն է։ Ինձ համար Աստված սեր է։ Այդ դեպքում ես ինչպե՞ս կարող եմ իմ հարևանին վատ աչքով նայել։ Ամենամեծ պատվիրաններից մեկն էլ՝ «Սիրիր մերձավորիդ, ինչպես՝ ինքդ քեզ»-ն է։ Արդեն իսկ եթե ես հարևանիս չսիրեմ, չեմ կարող հավատավոր լինել»։ 

«Եկեղեցում գերեզմանոցի համար տարածք չկա, որպեսզի քրիստոնյաները կարողանան թաղվել»

Մյուս կողմից, այն փաստը, որ Վանում ոչ մի քրիստոնյա գերեզմանոց չկա, ինքնին խնդիր է քրիստոնյաների համար։ Վախճանված քրիստոնյաներին ստիպված են լինում թաղել մահմեդական գերեզմանոցում։ Յըլդըզը հայտնելով, որ թեև նախկինում բազմիցս այս խնդիրը բարձրաձայնել են քաղաքի իշխանությունների առաջ, սակայն չեն կարողացել ոչ մի լուծում գտնել, նշեց․ «Քաղաքում գերեզմանոցի որևէ տարածք չկա, որտեղ հնարավոր լինի քրիստոնյաներին թաղել։ Այն փաստը, որ ինձանից պահանջում են, որ հանգուցյալի աճյունը տարվի ու թաղվի մուսուլմանական գերեզնանոցում, ցույց է տալիս, որ թե՛ ինձ չեն արժևորում և թե՛ անհարգալից են մահմեդականների հանդեպ։ Ինչպես որ ես, որպես քրիստոնյա, չեմ կարող հանգիստ հանգչել մուսուլմանական գերեզմանոցում, մահմեդականներն էլ հանգստություն չեն կաչող գտնել այնտեղ, երբ կողքին քրիստոնյա է թաղված։ Քանզի ես նույնպես կրոնական արարողություններ ունեմ։ Մինչև իսկ դիակը թաղելու ձևն անգամ տարբեր է։ Ես չեմ կարող իմ հանգուցյալին տանել և մահմեդական ավանդույթներով թաղել»։

«Աղթամար եկեղեցի ոտք դնելու համար մենք անգամ 300 թուրքական լիրա ենք վճարում»

Վանա լճի Կտուց, Լիմ և Աղթամար կղզիներում եկեղեցիներ ու վանքեր են գտնվում։ Նրանցից աշխարհին ամենահայտնի կղզին Աղթամարն է, ինչպես նաև՝ այստեղ գտնվող Սուրբ Խաչ հայկական եկեղեցին ու վանքը։ Եկեղեցում տարեկան ընդամենը մեկ անգամ է պատարագ մատուցվում։ Քահանա Վահիթ Յըլդըզը կարծում է, թե Աղթամար եկեղեցին պետք է հատկապես հայերի կողմից ակտիվ վիճակի բերվի։ Յըլդըզը թեմայի վերաբերյալ նշեց․ «Աղթամարը հայկական եկեղեցի է։ Բնականաբար, ինչպես որ ասորական որևէ եկեղեցի ղեկավարվում է ասորիների կողմից, նույն կերպ էլ Աղթամար եկեղեցին պետք է լինի։ Սակայն Աղթամարը ներկա պահին թանգարան է համարվում։ Մենք՝ հոգևորականներս անգամ, երբ այն այցելեցինք, ստիպված եղանք 300 թուրքական լիրա վճարել։ Եկեղեցին վերածվում է առևտրի տան։ Թողեք՝ մարդիկ ճանաչեն իրենց մշակույթը և իրենց։ Մի՞թե վատ կլինի՝ եթե Աղթամար եկեղեցին հայերը ղեկավարեն, այնտեղի շրջակայքի կարգավորումներով ևս նրանք զբաղվեն։ Տեսեք՝ հարավ-արևելքում ասորական եկեղեցիների մասին ինչ լավ են հոգ տանում։ Թե՛ վերականգնում են և թե կրոնական արարողություններ անում, մեր ժողովուրդն էլ գնում և այցելում է դրանք»։

https://www.gazeteduvar.com.tr/vanda-gizli-kiliseler-hiristiyanlar-musluman-mezarina-defnediliyor-haber-1630940

Թարգմանեց Մելինե Անումյանը

Akunq.net