Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Գ. Սունդուկյանի «Խաթաբալայի» մեջ տարբեր ժամանակ տարբեր դերեր եմ խաղացել։ Յուրի Երզնկյանի ֆիլմում՝ Իսայի՝ 1972թ.։ 1981 –ին ես նորից խաղում էի այս կատակերգության մեջ, այս անգամ` Զամբախով,ու հասկացա,որ Սունդուկյանը մեծ դրամատուրգ է։ Նախքան այս դերը մեղավոր մտքեր եմ ունեցել,ինձ թվում էր,որ Սունդուկյանը իր դարն ապրած հեղինակ է,եւ հազիվ թե հնչի մեր ժամանակներում։ Բայց ես ստանձնեցի դերը, սկսեցի սուզվել Սունդուկյանի աշխարհը, ինձ համար պարզ դարձավ,որ Սունդուկյանը այսօր էլ նույն զորությամբ խոսում է ժամանակների հետ։ Ես պարզապես կարողացա տեսնել Զամբախովի՝ այդ հարուստ վաճառականի ողբերգությունը։ Նախքան վաճառականը, նրա մեջ տեսա հայր,որի սիրտը կտրատվում էր այն գիտակցությունից,որ անչափ շատ դրամ ունենալով հանդերձ չի կարողանում ամունացնել իր աղջկան՝ Մարգարիտին,որովհետեւ հրաշալի հոգով այդ աղջիկը տգեղ է։ Վաճառական գործերում կոփված մեծ խաբեբա իմ հերոսը դիմակ է հագնում՝ դիմակավոր աշխարհում ապրելու,այլեւ իշխանավորի իր իրավունքները պահելու համար։ Զամբախովը սարսափելի է,իբրեւ խաբեբա,բայց սիրող ու հոգատար հայր է,բոլոր հայերի նման։
Ես գտա Զամբախովի կերպարի մեջ այս պարադոքսը,որը փնտրում էի։ Ես աշխատել եմ ամեն ինչ անել,համոզված լինել իմ դերի մեջ,այն չափ անկեղծ,որքան որ անկեղծ են լինում իսկական ստողները։
Համաշխարհային դրամատուրգիայի մեջ ամենաֆանտաստիկ ստողի կերպարը Յագոն է,ես տեսել եմ տարբեր Յագոների,նաեւ նրանց,որոնք թափանցիկ, խեղճ ու անհմայք խորամանկի տեսքով էին ստում. դա այսօր ծիծաղելի է թվում։ Իմ Զամբախովը իր բարության մեջ ուզում է համոզել ոչ միայն փեսային,այլեւ հանդիսատեսին։ Ասելիքը ավելի է ընդհանրանում,կարեւորը եզրակացությունն է՝ ճիշտ է,սիրում է,բայց խաբելով ։ Զամբախովի արտաքինը ոչ մեկս չգիտենք,բայց գիտենք,որ նա խոշոր խաբեբա է,իսկ առանց հմայքի մեծ խաբող չի լինում,ավելին՝ խեղճ,անհմայք՝ շիտակ խոսել էլ չի կարող։ Ուստի իմ Զամբախովը արտաքուստ բարի,մարդամոտ,հաճելի ծերուկ է,եւ այս ծերուկը հանարծ կարող է իր ուռկանի մեջ թպրտացող փեսային,դեռ չպսակած՝ նվիրել օրորոց՝ աչքերին փոշի փչելու,խաբելու համար…
Խնդիր էր նաեւ թիֆլիսահայ բարբառը,որը շատ հարուստ է գույներով,բայց այսօր՝ ոչ միշտ հասկանալի։ 80-ական թվականներին բավական հեղինակավոր մարդիկ առաջարկում էին Սունդուկյանի գործերը փոխադրել ժամանակակից գրական լեզվի։ Իմ կարծիքով՝ դա անխոհեմ բան կլիներ,դրանով Սունդուկյանի հմայքից շատ բան կկողոպտեինք։ Հասկանալի դարձնելու պարագան ինձ շատ է մտահոգում։ Ես յուրովի լուծեցի այդ խնդիրը,ինչը ինձ,իբրեւ ստեղծագործողի,ճշմարիտ է թվում։ Ես պահպանեցի Սունդուկյանի լեզվի պատրանքը,բարբառի համն ու հոտը՝ ընդգծելով թիֆլիսահայ բարբառի այն տարրերը,որոնք ինքնին հասկանալի են ծավալվող գործողությունների տրամաբանությունից,եւ խոսում եմ այնպես,որ դահլիճին հասկանալի լինի, այլ կերպ ասած՝ փորձել եմ գտնել ոսկե միջինը։ Վերջապես, մարդկանց հասկանալի դառնալը թատրոնում ավելի կարեւոր է։
Նույն մոտեցումը ցուցաբերելով,ինձ թվում է,Սունդուկյանին կարելի է դարձնել հասկանալի նաեւ սփյուռքահայությանը։ Կարծում եմ,որ Սունդուկյանը ինձ վրա չի բարկանա,որ ես «Խաթաբալա» պիեսի լեզվի փոխադրություն եմ արել՝ մատչելի դարձնելով սփյուռքահայությանը։ Արեւմտահայերենով «Խաթաբալա» բեմադրել ես առաջարկեցի 1983 թվականին, Բեյրութից դեռ ինձ ծանոթ,այսօր Կանադայում ապրող տաղանդավոր դերասան,բեմադրիչ Պերճ Ֆազլյանին։ Նրա ղեկավարած Մոնրեալի «Թեքեյան» մշակութային միության «Հայ բեմ» թատերախմբի հետ խաղացել եմ Պաղտասար աղբար եւ շրջագայել եմ Հյուսիսային Ամերիկայով։ Շնորհալի դերասաններ են։ Լեզվի փոխադրությունից Սունդուկյանի «Խաթաբալայի» հմայքը չի կորչի,եթե խնամքով ու սիրով պահպանվի թիֆլիսահայերենի պատրանքը խոսքի,խաղի եւ,վերջապես,կերպարների հոգեբանության մեջ։ Սունդուկյանի գործերը անկասկած կհարստացնեն սփյուռքահայ թատերախմբերի խաղացանկը։
Ես շատ շփվել ու աշխատել եմ հայ դերասանների հետ ե՛ւ Լիբանանում, ե՛ւ Ամերիկայում,ե՛ւ Ֆրանսիայում։ Տաղանդավոր մարդիկ են…Լոս Անջելեսում մենք ունենք 13 թատերախումբ,Մոնրեալում՝ 5,Փարիզում՝4,եւ այսպես ամբողջ աշխարհով մեկ … Ու ամեն տեղ ես հարց եմ առաջադրել գաղութում հայկական պրոֆեսիոնալ թատրոն ստեղծելու։ Այս թատրոնները,հայրենիքի օգնությամբ,իրենց հատուկ տեղը կզբաղեցնեն մեր ընդհանուր համահայկական մշակույթում։ Սփյուռքահայ արվեստագետների եռանդը անհրաժեշտ է այս գործի դրականլուծման համար…
Գտնել բեմում լեզվի օգտագործման այն հեշտ ձեւը,որը բացահայտի կերպարը եւ հասկանալի լինի հանդիսատեսին,այս հարցը շատ է հուզում ինձ։ Վերջերս անընդհատ խոսվում է բեմից մաքուր,գեղեցիկ հայերենի մասին,եւ սկսում ես մտածել,թե ինչ եւ ինչպես են պատկերացնում այդպես ասողները։ Գրական լեզուն եւ բեմական լեզուն շատ կողմերով տարբեր հասկացություններ են։
Պատկերացրեք, թե ինչ է կատարվում գրական լեզվի հետ բեմում՝ աղետների,սպանությունների,խելակորույս սիրո,վախի,սարսափի,ցնծության,հանցագործության,հոգեկան զանազան ծանր վիճակների մեջ։ Ներկայացումը թատերական ծես է,որի ժամանակ հանդիսատեսը եւ դերասանը ինքնամոռացության մեջ են։ Խոսքս կատարյալ ներկայացման մասին է։ Բացի այս,բեմում իշխում է կերպարային մտածողությունը, ինչը նշանակում է զանազան մարդիկ, կերպարներ,գործողություններ իրենց տեղի եւ ժամանակի մեջ մարդը՝ իր կենսագրությամբ,ներկայով,իր փոքր կամ մեծ ձգտումներով։ Բեմում սուր հոգեբանական վիճակներում մարդու խոսքը կարող է աղավաղվել,գունատվել,շիկանալ,շողշողալ…Դեռ ավելին՝ բեմում կարելի է խոսել առանց խոսքի։ Գեղեցիկ լեզուն,եւ ինչու միայն լեզուն,ինչպես որ դերասանի,կոմպոզիտորի նկարչի,եւ վերջապես,ռեժիսորի բոլոր ջանքերը,ձուլված է հանդիսականին հեղինակի առաջադրած աշխարհը տեղափոխելու գործին։ Բայց սա չի նշանակում,որ կարելի է խոսել գռեհիկ։ Ամենեւի՛ն։ Սրա համար էլ գոյություն ունի դպրոց,որտեղ սովորում են լեզու,ճաշակ, չափավորություն։ Գռեհիկ խոսք ավելի հաճախ նկատվում է բեմում բարբառով խոսելու դեպքում։ Մենք ունենք հրաշալի բարբառներ,որոնք հարստացնում են մեր լեզուն,մեր դրամատուրգիան։ Բայց մեր դերասաններից քչերն են կարողանում խոսել մեկից ավելի եւ մանադանդ՝ գեղեցիկ բարբառով։ Եթե սրան ավելացնենք անտաղանդ խաղը,ինչ խոսք,կստացվի կատարյալ գռեհկություն։ Բարբառի մասին խոսելիս բավական է հիշել Սուրեն Քոչարյանին։ Ի՛նչ սքանչելի էր հնչում Թումանյանի «Սուտլիկ որսկանը»,եւ ոչ միայն դա,նրա կատարմամբ,ամեն նախադասությունը,ամեն բառը համապատասխանում էր գեղագիտության ամենաբարձր չափանիշերին եւ դահլիճը թնդում էր ծափահարություններից։ Իմ կարծիքով՝ դա իսկական գեղարվեստական սխրանք էր։
Շարունակելի