կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-20 17:53
Մշակույթ

Մհեր Մկրտչյան. հավերժական մենախոսություն. մաս 12

Մհեր Մկրտչյան. հավերժական մենախոսություն. մաս 12

… 1955-ին ինստիտուտում պիես պատրաստեցի ըստ Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի»-ի,բեմադրեցի եւ խաղացի Աղասու դերը… Նույն թվականին տարան,ինչպես ընդունված էր ասել,հրավիրեցին Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոն… Առաջին դերերս՝ Հայրապետ «Նամուս» ներկայացման մեջ, Մերկուցիո՝ «Ռոմեո եւ Ջուլիետ»-ում… Ինստիտուտի ավարտական վկայականը ստանալու քննություններին չեմ մասնակցել։ Ժամանակ չունեի,այդ օրերին Մայր թատրոնի հետ Մոսկվայում էի,որտեղ մասնակցում էի արվեստի տասնօրյակին…

Մայր թատրոնը… Ստեղծագործական ինչ բարձր վերելք էր ապրում նա,ի՞նչ անմոռանալի ներկայացումներ… Սքանչելի դերասաններ… Փափազյանը… Ներսիսյանը… Ի՞նչ սեր ու հավատք նրանք ունեին իրար հանդեպ։ Մի օր Ներսիսյանին հարցրեցի,թե ինչ կարծիքի է ինքը Փափազյանի մասին։ Նա ասաց,որ Փափազյանը մեծերից ամենամեծն է։ Նույնն էր Փափազյանի կարծիքը Ներսիսյանի մասին։ Հիմա,տարիների հեռվից,երբ մտածում եմ միմյանց նկատմամբ նրանց այդ անսքող հիասցմունքի մասին,հասկանում եմ,որ պատճառը նրանց մեծությունն էր եւ ստեղծագործական սրբազան երկունքը,որ ապրում էին երկուսն  էլ։ Ու նրանց կողքին ես անում էին իմ առաջին քայլերը Մեծ բեմում,ես տեսնում էի այս հսկաներին,խոսում,լսում … Լուրջ ու կատակով լի հանդիպումներ… Փափազյանի մասին շատ պատմեցի,բայց ինչպես չհիշեմ նրա սրամտությունը,երբ որ թատրոնի ազդագրի վրա կարդաց ներկայացման անունը՝ «Գիշատիչ կինը»,հարցրեց. «Այս ի՞նչ ներկայացում է՝ «Գիշատիչ կինը» ,-  նայեց,նայեց ազդին,- ինձ թվում է՝գիշատիչը ավելորդ է։ Եթե կին է,ուրեմն գիշատիչ է»։

Իսկ իմ առաջին հանդիպումը Հրաչյա Ներսիսյանի հետ…Ես իմ անունի ձեռը կրակն եմ ընկել՝ Ֆրունզիկ,հա Ֆրունզիկ։ Եկել եմ Սունդուկյանի թատրոն։ «Պեպո» ֆիլմը իհարկե տեսել էի… Հիմա եկել եմ թատրոն… Առաջին անգամ էի Երեւանում… Տրամվայից էի վախենում:  Ինձ համար ամեն ինչ անսովոր էր՝ մեծ քաղաք,անսովոր միջավայր ու Մայր թատրոն։ Թատրոնի ետեւի մուտքից ներս մտա։ Միջանցքում եմ,ու մեկ էլ այս շոգ կչակին մեկն ասաց. «С новым годом»։ Ինչպես թե՝«Շնորհավոր Նոր տարի»,ի՞նչ կապ ունի … Նայեմ տեսնեմ Հրաչյա Ներսիսյանն է։ «Դղա…շշշը…,- մի քիչ գինովցած էր,- դու անուն ունի՞ս»։ Պատասխանեցի «Ունիմ,ընկեր Ներսիսյան»։ «Ի՞նչ է անունդ»։ Ասացի. «Ֆրունզիկ»։ Հետո զգացի,որ «իկ»-ը շատ է փոքրացնում ինձ՝ Ֆրունզիկ,ու ուղղումով կրկնեցի «Ֆրունզե՛»։ Ասաց. «Бивает»: Թե ինչ է,որ պատահում է,չհասկացա։ Իսկ նա շարունակեց. «Նայե, այսօր ի՞նչ ներկայացում է»։ «Օթելլո է»։ «Վո՞վ կխաղա»։ Փափազյանը, ինքը, Ջանիբեկյանը Օթելլոյի դերում փոխնակներ էին։ Ազդագրի վրա կարդացի. «Ներսիսյան… Հա,Դուք կխաղաք…»։ «Бивает»,- շրջվեց ու գնաց,քթի տակ իր սիրած երգը երգելով՝

Sul mare luccica, l’astro d’argento,

Placida l’onda, prospero il vento,

Venite all’ agilebarchetta mia

Santa Lucia, santa Lucia…

Քիչ առաջ անցավ,հետո շրջվեց՝ ինձ նայեց,չրքկացրեց մատներով ու… «Լսիր, դու, Կոտովսկի…»։

Այս պատմածս դեպքից հետո շատ ու շատ առիթներ եմ ունեցել շփվելու Հրաչյա Ներսիսյանի հետ։ Մենք աշխատում էինք մի թատրոնում,ինքն էլ անչափ սիրում էր երիտասարդներին ու միշտ գալիս էր մեզ մոտ… Մինչեւ օրս հիշում եմ այն հանդիպումներից ամեն մեկը,լուսավորված Հրաչյա դերասանի եւ մարդու մեծագույն տաղանդով… Իսկ որ բեմ էր բարձրանում,կարծես ամբողջ աշխարհը ենթարկվում էր նրան… Ինչպես ասացի, Սունդուկյանի թատրոնը մասնակցեց Մոսկվայում անցկացված Հայ արվեստի տասնօրյակին,հաջողությունը մեծ էր։ Մայր թատրոնը անմիջապես պաշտոնական հրավերներ ստացավ մի շարք հյուրախաղերի, ընդ որում՝ նախ Բաքվում։ Պատրաստությունը սկսվեց գեղարվեստական խորհրդի նիստով։ Ամեն մեկը մի բան էր առաջարկում,պնդում էր,որ իր պիեսը տանեն։ Վերջը որոշեցին՝ հյուրախաղերի բացումը պետք է լինի «Պաղտասար ախբարը»-ը՝ Հրաչյա Ներսիսյանը գլխավոր դերում։

Այսպիսով՝ Բաքվում ենք,առաջին օրն է,ժամը յոթն անց կես  պետք է սկսվի ներկայացումը։ Ըստ թատրոնի օրենքների՝ դերասանները պարտավոր են ներկայացումից 45 րոպե շուտ գալ թատրոն։ Բոլորը եկան,պատրաստվում են,չկա միայն գլխավոր դերակատարը… Սկսելուն մնում է 40 րոպե,հետո՝ 30,հետո՝ 10, իսկ հետո՝ Հրաչյան չկա ու չկա…Մեծ իրադարձություն էր, Բաքու էր եկել հարեւան եղբայրական հանրապետության Մայր թատրոնը։ Շենքը,որտեղ պետք է կայանար ներկայացումը,շրջապատված էր հսկողներով։ Բաղիրովը՝ Ադրբեջանի կենտկոմի առաջին քարտուղարը,Ալիեւը՝  ԿԳԲ-ի պետը, ամբողջ կառավարությունը եկել էր դիտելու ներկայացումը։ Դահլիճը լեփ-լեցուն էր ադրբեջանցիներով եւ Բաքվում ապրող հայերով…

Ներկայացման սկզբին մնում է 5 րոպե, անցնում է եւս 10… 15… Հրաչյան չկա… Հանդիսատեսները արդեն դահլիճում զբաղեցրել են իրենց աթոռները,կառավարությունը տեղավորվել օթյակում… Իսկ սունդուկյանականները,խառնված իրար,փնտրում են Հրաչյային՝ ո՞ւր է,ի՞նչ եղավ,ի՞նչ է պատահել… Ո՞ւր է… Զանգահարում են հերթով բոլոր հյուրանոցները,ռեստորանները,ծովափնյա սրճարանները,էլ ո՞ւր ասես… Շուտով Հրաչյայի չլինելու լուրը տարածվեց՝ իմացավ ամբողջ սրահը,կառավարությունը նրանց՝ ադրբեջանական,իմացավ… Բաղիրովն էլ՝ ոնց որ մեռածի տանը կմխիթարեն. «Ну ничего наш народ очень гостеприимный. Это наш Пепо»,այսինքն՝ ադրբեջանցիները հյուրասեր ժողովուրդ են,երեւի իրենց սիրած դերասանին՝ Պեպոյի խաղացողին տարել են հյուրասիրելու։ Մի խոսքով,ամեն ինչ պատահում է,հյուրախաղերի բացումը հետաձգվեց։ Ամենածանրն էր տեղացի հայերի վիճակը,հուզված գալիս էին բեմի հետեւը,խնդրում էին՝ մի բան արեք,ամոթ է,խայտառակ եղանք։ Թուրքերն էլ քմծիծաղում են,թե հայ են,էլի՛,ո՛չ կարգ կա,ո՛չ կանոն… Հանկարծ այս շփոթության մեջ մեկը ասաց՝  բերին։ Ու իսկապես երկու թուրք բերում էին մի պարկ չգիտեմ թե ինչ։ Աչքերը, այս կապույտ աչքերը չկան,երեսը՝սպիտակ,մարմինը՝ ծանրացած,միայն շրթունքներն են շարժվում,ու այս շոգ ամառվա օրով,լսվում է ծանոթ՝ «С Новым годом»։ Մերոնք՝ թատրոնի ղեկավարությունը՝ Վարդան Աճեմյանը,տնօրենը՝ Ղազարոս Մանուկիչը, դերասանները… Բոլորս խառնվել էինք։ Մեկը նայում էր ափսոսանքով,մյուսը՝ նեղացած,ուրիշը՝զզվանքով, թե՝ այս ինչ արեց։ Հրաչյային տարան, գցեցին իր «գրիմի» սենյակը: Հիմա խաղա՞նք,թե չխաղանք… Վերջը որոշեցին՝ թող լվացվի, ու խաղացեք։ Հագցրեցին Հրաչյային,ֆեսը դրեցին,բեղերը կպցրեցին։ Աճեմյանը կարգադրեց՝ նստեցրեք նրան բազաթոռի մեջ ու նրա տեղը խոսացեք, հարցն էլ կտաք, ինքներդ նրա տեղը պատասխանեք… Ու սկսվեց խայտառակությունը… Հրաչյան՝ անշարժ նստած բեմի վրա, մեկ էլ կխոսեր. «Վա՛, մի տեսեք ով կխաղա… Արուսին նայեք…»։ Արուս Ասրյանը նրա կնոջ՝ Անուշի դերում էր… Ի՛նչ էր կատարվում դահլիճում,հայերը խռոված,թուրքերը՝ մի տեսակ ներողամիտ, թե՝ հայեր եք,եկել եք՝ խաղացեք,այսինքն՝ հայ են, եզդի են,ինչ են,եկել են… Ինչպես կարող են՝ թող խաղան։