Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
1980 թվականն էր։ Առաջին տպավորությունը շատ մեծ էր։ Հենց մի քիչ գիտակցեցի . լսեցի մի զարմանալի պատմություն։ Հինգ տարեկան մի փոքր երեխա սայլվորների ճանապարհով գալիս էր Վանից դեպի Արեւելյան Հայաստան։ Մտած մի քարի ետեւ տեսել էթե ինչպես բեղավոր ձիավորները հարձակվեցին սայլվորների վրա, ծեծո՞ւմ էին,խփո՞ւմ,թե՞ մորթում,թե՞ ինչ էին անում… Հետո գնացին… Իսկ պապը,հայրը,մայրը,եղբայրներն ու քույրերը-բոլորը երկար ժամանակ քնած են մնացել… Իսկ հետո ինչ է լինում՝ նա չի իմանում։ Հայտնվում է որբանոցում՝ Ալեքպոլի որբանոցում։ Այստեղ ճաշարանի աման լվացող է դառնում… Երբ ես մի քիչ մեծացա, հասկացա, որ այդ ամենը զարմանալի մի բառով նշանակում է եղեռն։
Այդ աղջիկը, փոքրիկ մարմնով եւ բավականին անհրապույր, ունեցել է գեղեցիկ ընկերուհի։ Սառան,իսկ փոքրիկի անունը ոչ ոք թե՛ որբանոցում,թե՛ դուրսը,չի հիշել։ Սանամ են ասել, ազգանունը անընդհատ պրպտել են,թե՝ Մելիքի աղջիկն է,թե՝ Մելիքի թոռն է,հասկանալի չէ։ Գրել են Մելիքյան։ Հայտնվել է նաեւ մեկը,որ ասել է Բաղդասարյան։ Մեկը տարիքը տասը թվի ծնված,մեկ ուրիշը ասել է՝ ո՛չ,ավելի շուտ։ Ոչ մի հարազատ չի ունեցել։ Երբ բացվում է տեքստիլ կոմբինատը,աշխատում է ճաշարանում։ Սառային իզուր չհիշեցի։ Սառան գեղեցիկ էր, ու աղջիկների հանրակացարանի դիմացի տղաների հանրակացարանի ամենագեղեցիկ Մուշեղը,որին գեղեցիկ էին ասում,որովհետեւ սպիտակ գլխարկ էր դնում, Սառային սիրել է։ Հետո մի օր եկել է տուն,տեսել է Սառան ամուսնացել է եւ,առանց դես դենի, ամուսնանում է Սանամի հետ. 9 ամիս 9 օր 9 ժամ անց ծնվում է մի սեւ փոքրիկ երեխա՝բավականին ոչ սիրուն,որը հետագայում պարզեցի,որ ես եմ։ Մուշեղը շուտ պատերազմ գնաց. Սանամը մնաց իր չորս երեխաների հետ՝ Կլարայի, Ալբերտի,Ռուզանի եւ ինձ հետ։ Ինքը ճաշարանում աման լվացող էր,ճաշարանը մի հարկանի էր,ճաշարանի պատուհանին երկաթյա ցանց կար,որի մի անկյունը պատռված էր։ Պատերազմի տարիներին կարտոֆիլ էր թռցնում,գցում ջեռոցի մեջ,եփում եւ գաղտնի այդ անցքից մեզ տալիս։ Ես,որ ավագն էի,մեծ ճիգերով բարձրանում է պատուհանին ու առաջինը ես էի կարտոֆիլը խփշտում եւ կշտանալուց հետո միայն տալիս քրոջս,հետո՝ եղբորս,հետո՝ մյուս քրոջս։ Եվ այսպես մայրս պահեց մեզ մոտավորապես երեք-չորս տարի…
45 տարի անց մի անգամ Լենինականում էի …Իմ ընկերները եւ երկրպագուները հրավիրեցին ճաշկերույթի։ Ասացի,որ շտապ գործ ունեմ,ուշ կգամ։ Մեքենա նստեցի ու քշեցի դեպի… մանկությունս… Ճաշարանը նույնն էր մնացել՝ ցանցը,պատռվածքը,նույն հարկի պատուհանի գոգն էր,բայց արդեն մաշված։ Ապշելու բան,տեսա պատուհանը,ուր ես բարձրանում էի,եւ ես՝ արդեն հայտնի դերասան ծեծեցի ապակին։ Հրավիրեցին ներս,չէ՝ ասացի, ձեռքս խոթեցի անցքից ու հարցրեցի. «Կճեպով կարտոֆիլ ունե՞ք»։ Եվ,զարմանալի բան,բերեցին։ Վերջին տարիներիս ամենահամով ուտելիքն էր։ Երբ միացա ընկերներիս հավաքած ճաշատեսակներով լի սեղանի շուրջը, մտածեցի՝ «Այսքան էլ անհամ կլինեն ուտելիքները»։
Եթե փոքր եղբայրս, ես տասնյոթ էի, նա՝ տասը,ինձ ոտքով խփում էր,մորս սիրտը ճաքում էր,հարձակվում էր փոքր եղբորս վրա,թե՝ տղիս ձեռք չտաս։ Ասում եմ՝ «մամա,ես եմ մեծը»,նա մեծ չէր հասկանում՝ մեծ-փոքր չկա, իմ երեխեն է։ Պստիկ էի,լողացնելիս որ ջուրը գլխիս էր լցնում,միշտ ասում էր՝ «Հիսուս Քրիստոս»,որ երեխան չվախենա։ 40 տարեկան է, լողանում էի,եկավ, որ լողացնի, ջուրը որ բացեց,ասաց. «Հիսուս Քրիստոս»,որ ես չվախենամ։ Նրա համար երեխան միշտ երեխա էր։
Հետաքրքիր կին էր։ Նոր բնակարան էի ստացել Երեւանում, եկել էր Երեւան ու ճանապարհին երեւանցիներին ում հանդիպել՝ հարցրել էր. «Երեւանի թազա տունը որտե՞ղ է»։ «Ո՞ր տունը։ Որտեղ իմ տղեն կապրի»։ Երեւանում լսեց իմ ժողովրդայնության մասին, շատ-շատ ուրախացել էր, զսպում էր իրեն, բայց կողքից թվացյալ գոռոզությամբ էր նայում մարդկանց։ Երբ տեսնում էր իր կարծիքը լսող չկա, հասցնում էր անմիջապես ականջներին ասել. «Ես Ֆրունզիկ Մկրտչյանի մայրն եմ»։
Երբ սկսում էին նկարահանումները, մորս խնդրում էի, որ ինձ առավոտը 8-ին արթնացներ։ Ասում էր. «Հա,բալես,անպայման»։ Մյուս օրը առավոտյան արթնանում էի լավ քնից ու հարցնում. «Ժամը քանի՞սն է մա»։ «Տասնմեկը»։ «Այ մեր, ես քեզ խնդրեցի,որ ժամը 8-ին ինձ իմաց անեիր»։ «Ես ուղիղ 8-ից քեզ իմաց էի տալիս, բայց չելար»։ Քույրս մի օր ինձ ասաց. «Ապեր,- ինձ ապեր էին ասում,- գիտե՞ս ինչպես է քեզ իմաց տալիս,նստում է կողքիդ ու երգ է հորինում՝ ելի գնա,աշխատանքից կուշանաս, հերիք քնես, վեր գնա…»։ Պարզ չէ՞, որ մոր երգից մարդը ավելի լավ է քնում։
Երբ ետեւիցս գալիս էր դերասաններով լցված ավտոբուսը, որ պիտի մեզ տաներ նկարահանման,մայրս իջնում էր ինձ ճանապարհ դնելու։ Բոլոր դերասանները՝ բարեւ, Սանամ մայրիկ, ինքը՝ բոլորին՝բարեւ, բալիկ ջան,բարեւ,բալիկ ջան… Ու ավելացնում էր՝հաջողություն բոլորիդ,մանավանդ իմ տղին։ Նա չէր քաշվում ասելու՝ թե իմ տղեն բոլորից լավն է,թեպետ ինձանից լավերը կային։ Եթե մեր տունը հյուր գար… Կարգն այն էր,որ առաջինը հյուրին են հրամցնում… Այդ կարգը իր համար ոչինչ էր, ասում էր. «Առաջին ամենալավ թիքեն իմ տղին»։ Գունատվում էի,նոր էի եկել մայրաքաղաք,անհարմար էր. «Մամա,դա անքաղաքավարի է»։ Չէր ուզում հասկանալ՝ էս՝իմ տղին,մնացածն էլ լավն են,բայց առաջինը իմ տղեն է։ Եվ, պատկերացրեք, ոչ ոք չէր նեղանում։
Շատ բարի էր,անչափ բարի։ Մի օր իմացա,որ իր ընկերուհիներին,ծանոթներին խոստումներ էր տալիս իմ անունից . «Իմ տղին կասեմ՝ քեզ բնակարան կտա,իմ տղին կասեմ՝քու երեխեքին ինստիտուտ կընդունի,իմ տղին կասեմ…»։ Նրանք էլ մորս նման ազնիվ ու հասարակ կանայք էին,ասում էին. «Սանամ,տղիդ ասա էս մեր դիմացի բանը քանդել տա,էս բանը սարքի…»։ Պատասխանում էր. «Հա,խոստացել է՛ կքանդեն,իմ տղեն կքանդի…»։
Երբ առաջին անգամ ակումբի բեմն եմ բարձրացել,երեխա էի՝ 13-14 տարեկան։ «Նամուս» ներկայացման մեջ Ռոստոմի ծառայի փոքրիկ դեր ունեի՝պիտի մտնեի բեմ, նայեի չորս կողմ,տերս կանչեր ու գնայի։ Երբ ներս մտա,ժողովուրդը ծիծաղեց,չգիտեմ՝ ինչու ծիծաղեց, մինչեւ հիմա էլ չգիտեմ՝ ինչի համար էր ծիծաղում։ Աշխատում եմ ինքս իմաստավորել այդ ծիծաղը։ Երբ ծիծաղը կտրվեց,լռության մեջ լսեցի բարձր մի ձայն. «Վայ, աման էդ իմ տղեն է»։ Տարիներ անցան,արդեն մեծ էի,փոքր եղբորս հետ «Գիքոր» ներկայացման մեջ էինք խաղում։ Ես՝ Բազազ Արտեմ,ինքը՝ Գիքոր։ Երբ սկսեցի Գիքորին ծեծել, տեսնեիք մորս. մի վեց հոգի հազիվ էին բռնել. «Անպետք ինչի ես էդ երեխուն ծեծում,բաց թող երեխին». Ասին՝ Սանամ,էն էլ է քո տղեն,հանգստացավ՝ աման,էդ իմ Ֆրունզն է, թող ծեծի։
Ճիշտ է,տարրական էր կրթությունը, բայց շատ իմաստուն էր,երբեմն մի աչքը,որ կկոցում էր,զգացվում էր, թե ինչ մեծ խելքի տեր էր։ Հումորը անպակաս էր,հրաշալի ծիծաղել գիտեր, բայց «խորամանկություն» կար։ Մի օր հարցրեց. «Ո՞ւր ես գնում», պատասխանեցի՝ բանկետի։ «Բալա,բանկետն ի՞նչ բան ա»։ Բանկետը,մամա էն է,որ գնում ենք՝ նստում ենք,կարդում ենք,մտքեր ենք փոխանակում՛ վիճում ենք,սկսում ենք գրել,մտածում ենք»,- չէի ուզում մորս ասել,որ ճաշկերույթի եմ հրավիրված։ Հավատացել էր,բայց ասաց. «Հա,հա բալա ջան,գնա, բայց շատ չխմես»։
Մի օր Մոսկվայից զանգահարեցի,ասացի. «Մամա ջան,ներիր,որ այսքան ժամանակ նամակ չեմ գրել,հենց այսօր կնստեմ նամակ կգրեմ», պատասխանեց. «Լավ,էլ ինչի՞ ես գրում,ասա էլի»։ Շատ էր աշխատում ե՛ւ գործի տեղը, ե՛ւ տանը։ Մի օր,հիշում եմ Լենինականում,կարծես,դեր էի պատրաստում,ինքն էլ հետեւում էր եւ ճաշին, եւ փոքր քրոջս՝ օրորոցի մեջ, որ հանկարծ չլինի՝ընկնի։ Գնաց խոհանոց,եկավ. Գնաց, մեկ էլ երեխան գլորվեց,ընկավ բարձի տակ. «Վայ աման,երեխան ելավ-թափավ»։
Շարունակելի