կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-05 18:09
Մշակույթ

Մհեր Մկրտչյան. հավերժական մենախոսություն. մաս 3

Մհեր Մկրտչյան. հավերժական մենախոսություն. մաս 3

Ինձ նման քիչ հումոր, մի քիչ էլ թախիծ կար մեջը։ Երբեք չհիվանդացավ։ Երբեք էլ,անկողին ընկնել չեմ ասում,նույնիսկ գլուխ ցավել չունեցավ։ Հետաքրքիր է՝ նրան մազերն արձակած չեմ հիշում,միշտ գլխաշորով էր,չեմ հիշում նաեւ նրան ուտելուց,այնպես էր ստացվել,որ մի սեղանի շուրջ նստել չկար՝ իմ նկարահանումները լինում էին տարբեր ժամանակ տարբեր քաղաքներում…

Մի օր հոգնած եկա տուն,գիշերը ժամը 3-ին արթնացրեց ինձ,ապշեցի. մայրս,որ առավոտ 8-ին չէր ուզում արթնացնել,ասաց. «Ինձ տար»։ «Ո՞ւր»։ «Հիվանդանոց»։ Գնացինք։ Առավոտյան մատից արյուն պիտի վերցնեին։ Նստել էր տարիքով մեծ հիվանդի կողքին ժպիտը դեմքին եւ կամաց-կամաց իրեն հրում էր դեպի այդ մարդը։ Տեսնեմ՝ ականջին ասում է. «Դու գիտե՞ս ես Ֆրունզիկ Մկրտչյանի մաման եմ»։ Քույրը (բուժքույրը) եկավ մատից արյուն վերցնելու,ասաց. «Մի րոպե,աղջիկ ջան,դու գիտե՞ս ես ով եմ,Ֆրունզիկ Մկրտչյանի մաման եմ»,«Գիտեմ ոնց չգիտեմ»։ Դե,որ գիտես նայի։ Քննելուց բժիշկը կրկնում էր՝ ի՛նչ լավ է,այ ինչ լավ է, որ ինքը հասկանա,որ ամեն ինչ լավ է… Պարզվեց,որ ուռուցք ունի։

Հիվանդանոցում ասացին,որ պիտի վիրահատեն։ Վիրաբույժին հարցրեց. «Դուք գիտեք ես ով եմ,ես Ֆրունզիկ Մկրտչյանի …»։ «Գիտենք, գիտենք»։ Վիրահատեցին։ Մի օր միջանցքում կանգնած եղբայրս բղավեց. «Ապեր,արի,մաման հայացքով քեզ է փնտրում»։ Ես գնացի ու առաջին անգամ տեսա նրա մազերը արձակած, պարզվեց՝մազերը գանգուր են։Մաշկը ավելի էր սպիտակել,շատ շատ գեղեցիկ էր։

Փնտրեց ինձ տեսավ,նայեց երկար,բազմիմաստ ծպծպացրեց ու աչքերը փակեց։ Ինձ թվաց, թե միտքն այն էր,թե առանց ինձ ինչ պետք է անես։ Մի քիչ էլ վատ բան մտածեցի. «Այ տղա, բա ես կարծում էի՝ դու ամենազոր ես,ես գնում եմ»։ Ու գնաց։ Հիշեցի,որ մորս երբեք չեմ համբուրել, ում ասես համբուրել եմ,իսկ մորս՝ ոչ…

Երբ մայրս հեռացավ, եկանք տուն,ես սգում էի,Պարույր Սեւակն էլ միշտ հետս էր, ինչ-որ բանի վրա ես սկսեցի արտասվել. Պարույրը ականջիս ասաց. «Մի արա»։ «Ինչո՞ւ»։ «Ամբողջ կյանքդ հուզվելու ես»։ Մայրն այնպիսի բան է,որ մինչեւ կյանքիդ վերջը հիշելուց պիտի հուզվես։ Հիմա,երբ ինձ մի վատ բան է լինում,մի բան չի ստացվում՝ անհաջողություն,դժբախտություն,ես գիտեմ,որ ինքը տեսնում է,ու անմիջապես մի ուրիշ լավ բան է լինում։ Ես գիտեմ,որ նա միշտ ինձ հետ է, մենք միշտ միասին ենք։

Ամեն անգամ, երբ բեմ եմ բարձրացել Երեւանում,այլ քաղաքներում,երկրներում,որտեղ ներկայացրել եմ Հայաստանը, պրեմիերաների,ծափահարությունների, ամենամեծ հաջողությունների, մրցանակներ ստանալու ժամանակ,երբ խոնարհվել եմ, ժպտացել,միակ միտքս եղել է,թե՝ ինչու մայրս չլիներ,ինչու հայրս չլիներ։ Ես կարծես հիմա շատ բաներ հասկանում եմ,ծառերը պիտի ծաղկեն,արեւը պիտի դուրս գա,հետո պիտի իջնի,պիտի աշուն գա,ձմեռ,հեռուստացույց,ինքնաթիռ կա,բոլորը ինձ հետաքրքիր են,հասկանալի,բայց բնության մեջ այդպիսի կատարելություն՝ իր առեղծվածով,իր ամեն ինչով,ինչպիսին կինն է,ոչինչ գոյություն չունի։ Ես նկատել եմ,որ կինը ապրում է չորս շրջան,որը ոչ մի տղամարդ չի ապրում։ Ճիշտ է, ինքը անցնում է կնոջ հետ այդ բոլոր շրջանները,բայց զարմանալիորեն իր բնավորությամբ,խառնվածքով բոլորովին չի փոխվում։ Պատկերացրեք,ժապավենով մի երեխա աղջիկ չարաճճի տղաներին դպրոցում ոտքով է խփում։ Չունի իր սեռի գիտակցությունը,ու հանկարծ ինչ-որ տարիքում ժապավենը գլխի վրա կախվում է։ Ի՞նչ է պատահել։ Մամա,սեր… էն չարաճճի երեխան,աղջիկը,ու հանկարծ՝ մամա,սեր։ Ժապավենը իջնում է գլխից։ Անցնում է ինչ-որ ժամանակ, ու հանկարծ՝ մամա, ի՞նչ է,- հղիություն։ Քիչ անցնում է՝ մամա, ես մամա եմ։ Էն ժապավենով աղջիկը, էն հասուն աղջիկը տարբեր էին էությամբ, ամեն ինչով էին տարբեր։ Հետո… բոլորովին ուրիշ, անճանաչելի է դառնում,ի՞նչ խոհուն աչքեր,ինչպիսի՛ մեծ բարձրությունից է նայում, ներողամիտ է, սիրել գիտի,զգույշ է՝ հարվածները երեխային ցավ չեն պատճառում,ինչքան էլ ուժեղ է հարվածում։ Մայրս փոքր քրոջս կերակրելիս,երբ գդալը բերանն էր տանում,ինքը առաջինն էր բերանը բացում,որ օգնի նրան իր բերանը բացել… Անցնում է ժամանակը,ասում է՝ մամա,- ի՞նչ է,- ես տատիկ եմ։ Մոր անմատչելիությունը ու տատիկի իմաստությունը։ Չկա բնության մեջ ավելի բարձր,ավելի գեղեցիկ սիմֆոնիա,քան կինը։

Եղբայրս ֆիլմ է նկարահանել՝  «Մեր մանկության տանգոն»։ Հայ կնոջ մասին է,պատերազմից հետո։ Մեր տան պատմությունն է,մայրս,իմ թատրոն գնալը,հորս պատմությունը,հորս դերն եմ խաղում։

Երբ ես տեղափոխվում եմ Երեւան,մորս հարցնում են. «Սանամ (ֆիլմում անունը Սաթենիկ է),տղեդ ո՞ւր գնաց», ասում է. «Էստեղի ակումբը իմ տղին լավ միզանսցեններ չտվեց,ասում են Երեւանում լավ միզանսցեններ կան»։ Ֆիլմում իր երիտասարդ շրջանն է,ամուսնու հեռանալը, տղայի գնալն է,աղջկա ամուսնանալն է,իր մենակությունն է։ Մեծանում է, ժամանակները փոխվում են,ու ինքը անցնում է ժողովրդի միջով մի տոնակատարության օր,մարդիկ փոխվել են,ոչ մի հարազատ չի մնացել,հարեւաններն էլ չեն մնացել,նոր սերունդ,նոր մարդիկ,ու ինքը այգու մեջ հրավառության ժամանակ մոտենում է ամեն մեկին ու ասում. «Դուք գիտե՞ք՝ ես ում մայրն եմ»։ Բայց ոչ ոք ուշադրություն չի դարձնում … Տղաներից մեկը պարահրապարակում հրավիրում է. «Մայրիկ,արի պարենք»… Մի չնաշխարհիկ պար է պարում։ Ե՛վ հումոր,ե՛ւ ողբերգություն,ե՛ւ դրամա,ե՛ւ քնարերգություն. ամեն ինչ կա այդ կնոջ մեջ։ Հայ կնոջ կերպարն է՝ մորիցս վերցրած։   

Շարունակելի