կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-03 18:46
Մշակույթ

Մհեր Մկրտչյան. հավերժական մենախոսություն. մաս 1

Մհեր Մկրտչյան. հավերժական մենախոսություն. մաս 1

Yerkir.am-ն առանձին շարքով ներկայացնում է մեծանուն դերասան Մհեր Մկրտչյանի «Հավերժական մենախոսություն» գիրքը (Երևան, 2013):

Այն յուրօրինակ ինքնակենսագրական է, որում սիրված արտիստն ամենայն պարզությամբ և անկեղծությամբ շարադրել է իր մանկության հուզիչ դրվագները,  առաջին քայլերը դեպի մեծ բեմ, հյութեղ պատկերներ հռչակավոր դերասանների կյանքից: Գիրքը պարունակում է նաև Մհեր Մկրտչյանի խոհերը կյանքի և ճակատագրի մասին: 

 

Սիրելի՛ բարեկամներ,Սարոյանի ասած՝ ահավասիկ սա ես եմ, սա իմ նոր տոնական զգեստն է, որը հագել եմ հատկապես ձեզ հետ հանդիպելու համար, սա էլ իմ փողկապ-ժապավենն է,որը հիմա պետք է հանեմ ու դնեմ գրպանս, որովհետեւ համոզված եմ,որ դուք իմ մտերիմ բարեկամներն եք եւ լավն եք։ Ուզում եմ ձեզ հետ կիսվել,ինչպես մերձավորի, հարազատի հետ,ուզում եմ սիրել ու փաղաքշել ձեզ,ուզում եմ ձեզ տալ այն ամեն լավը,ինչ որ ես ունեմ,ինչ որ ունեմ մարդու հանդեպ, ինչ որ ունեմ այն զուլալ ու գեղեցիկ աղբյուրի հանդեպ,որ սարերում բխում է քարերի միջից,վճիտ ու թափանցիկ, եւ որից այսօր կուզեի մի կում ջուր խմել ձեզ հետ… Եվ խոսում եմ ե՛ւ ուրախանալով, ե՛ւ տխրությամբ,քանի որ ուրախությունն ու տխրությունը,հրճվանքն ու թախիծը միմյանցից անբաժան են,ավելին,դրանք նույն բանն են…

Առանձնակի մի կենսագրություն չունեմ… Ծնվել եմ մշեցու ընտանիքում… Հայ մեծ նկարչի՝ Մարտիրոս Սարյանի մոտ էի։ Դիմանկարս նկարելիս հարցրեց. «Որտեղացի՞ ես, Մհեր»։ Պատասխանեցի. «Հայրս մշեցի է, մայրս՝ վանեցի,ես ծնվել եմ Լենինականում,որտեղացի՞ կլինեմ»։ Վարպետը մտածեց,մտածեց եւ ասաց. «Ա՛յ տղա,դու իսկական երեւանցի ես…»։

Հայ մարդու ճակատագիր է։ Հայրս ու մայրս Եղեռնից մի կերպ են փրկվել։ Որբեր են եղել՝ դաժան ու սարսափով լի մանկություն ապրած։ Մի անգամ,մի քարի ետեւում թաքնված ականատես են եղել, թե ինչպես ինչ-որ բեղավոր մարդիկ եկել ու մորթել են երկու սայլ մարդկանց,տասներկու սարվորների… Այդ վախն ու սարսափը նրանք իրենց հետ տանում էին ողջ կյանքում։   

Հայրս իսկական տղամարդ էր։ «Ես մշեցի Մուշեղն եմ- կրկնում էր նա՝աչքերը խորիմաստ կկոցելով,- որովհետեւ ազնիվ եմ,շիտակ,եւ որ գլխավորն է՝ չորս երեխա ունիմ՝ երկու մարալ աղջիկ ու երկու թառլան տղա»։

Հայրս քչախոս էր ու համբերատար։ Բայց եթե հանկարծ պայթում էր,տանը քար լռություն էր տիրում։ Մենք աշխատում էինք շարժվել անձայն՝ խոսել շշուկով… Մի անգամ էլ բարկացավ,հեռացավ տանից՝ ասելով. «Այլեւս ես էլ չպիտի գամ,երբեք չեմ գա…»։ Մենք սպասեցինք,շատ երկար սպասեցինք նրան…

Հայրս ուզում էր, որ ես նկարիչ դառնամ,իսկ ես արդեն մասնակցում էի ակումբի թատերական ներկայացումներին։ Ջղայնանում էր,պահանջում,որ թողնեմ թատրոնը։ Նա սկզբունքորեն չէր գալիս ներկայացումներին,որտեղ խաղում էի ես, Նկարչություն,միմիայն նկարչություն։ Հայրս գործվածքի գործարանի ենթավարպետ էր,պատերազմից հետո ծանր աղքատության տարիներն էին, եւ նա ինձ համար գնել էր նկարելու հատուկ տետրակ,ծայրահեղ դժվարությամբ, եւ դաժանությամբ պահանջում էր արտանկարել դասագրքից իր հանձնարարած նկարը։ Օրերից մի օր,- «դասս» զորավար Չապաեւի նկարն էր ձիու վրա- ասածը չէի կատարել,հորս ցույց տվեցի երեկվանը՝ գրող Տուրգենեւի նկարը (փոխելով տակը գրված ամսաթիվը)։ Նայեց,նայեց ու մռնչաց. «Ցեղդ կտրվի,թե մտածում ես,որ ես Չապաեւը Տուրգենեւից չե՞մ ջոկի»,- եւ մի այնպիսի ապտակ հասցրեց,որ մինչեւ օրս ականջներս զրնգում են։ Ինքը ամբողջ կյանքի ընթացքում նկարում էր մի ծաղիկ,միայն մի ծաղիկ։

Տարիներ անցան… Մի օր ինձ ասացին,որ հայրս դահլիճում է։ Ես շփոթվեցի: Դանդաղ իջավ վարագույրը… Կուլիսներն են… ես վաղուց նրան չէի տեսել։ Նա աչքիս ծերացած էր երեւում… Նա մոտեցավ ինձ. «Լաո, էս գիշեր գուզիմ իրար հետ քնինք …»։ Այսօրվա պես հիշում եմ այդ գիշերը։ Նա պատմում էր դժվար ու երկար ճանապարհների մասին,ցուրտ արշալույսների, անօթեւան մարդկանց շարանների մասին (նա,ինչպես եւ շատ-շատերը,անցել էր ռուսական Սիբիրի ճամբարների ճանապարհով)։ Այն քարի մասին,որի ետեւը թաքնվելով, երեխա,փրկվել էր թուրքից։ Ապրիլյան հեռավոր լուսաբացին հորս երգը՝ «… Ուզում էին ոչնչացնել,բայց կարողացան միայն կոտորել…»։

Մորս մասին խոսելը դժվար է,դա նույնն է,թե ինձ նկարագրեմ։ Ինչ որ լավ բան կա մեջս՝ մորս է,ինչ որ պակաս ու թերություն կա՝ նույնպես մորս է։ Ինձ համար կյանքում եղած հրաշքների,գեղեցկությունների,զանազան հիանալիքների մեջսիրելուց ու հիանալուց բարձր է Մայր երեւույթը։

Երբեմն ինձ թվացել է,երբ մտքումս փիլիսոփայել եմ կյանքի մասին,թե անկշռելիության մեջ սավառնելիս եմ եղել՝ «հավիտենականության ծննդականը» պինդ բռնած ձեռքիս,երբ լսել եմ մի հարազատ ձայն,որն Արարչի հրամանով՝ հզոր՛տիեզերական,ազատ ճամփեքով մեղմ ուղեկցել է ինձ դեպի չքնաղ պալատը Ամենազորի,որտեղ մեկը մյուսի ետեւից բացվել են հսկա դռները, ու ես սահել ու հայտնվել եմ Ամենակարողի քղանցքի առաջ։ «Որդյակ իմ,- ասաց,- հավիտյանի մեջ միայն մեկ անգամ ու մի վայրկյանով է տրվում ծնվելն ու մեռնելը,ուստի իմացիր,վայրկյանդ հասել է. Պետք է սավառնես ինչ-որ մոլորակ։ Նրանք բազում են,անթիվ,անհամար,ես քեզ ցույց կտամ,դու պետք է ընտրես,թե որտեղ կուզես վայրկյանդ ապրել։ Այնտեղ վատի հետ եւ լավ բաներ կան,այնտեղ շատի հետ կան եւ քիչ բաներ, քիչ,բայց փառահեղ։ Տե՛ս, չշփոթես իմ այս ասածը այն հազարավոր մոլորակների հետ,որ ես սփռել եմ անսահմանության մեջ, ես քեզ ցույց կտամ»։ Ու Արարիչը գրկեց ինձ թեթեւ,ու մենք սահեցինք դեպի առանձնարան,ու երկու ձեռքով դուրս հրեց հանգիստ իր պատուհանի երկու փեղկերը։ Մեղմ զեփյուռի հետ մի նուրբ  մեղեդի սողոսկեց հանկարծ երակներիս մեջ,ու ինքնամոռաց նայեցի հեռուն։ Իմ Արարիչը մատի շարժումով հազարավոր մոլորակներից մի փոքրիկ գունդ քաշեց դեպի մեզ ու պատուհանի հենց դեմ ու դիմաց սահելով եկավ մի հողեղեն գունդ… «Սա՛ է, որդյա՛կ իմ,այն փառահեղը,որ ես քեզ ասացի։ Ամեն ինչի հետ՝անչափ գեղեցիկ։ Այստեղ են Բախը,Բեթհովենը,Մոցարտը,մեծ Էյնշտեյնն ու Չապլինը,Միքելանջելոն, Նապոլեոնն ու Շեքսպիրը։ Մահկանացուներ, որ մարդ են կոչվում,քիչ,բայց հանճարեղ»։

«Տեր իմ,- ասացի,- ծնունդն ու մահը մի վայրկյանի մեջ տառապել,այնքան տառապել, որ հասնես Մոցարտների հավիտենականության,մեղա քեզ,Տեր իմ,բայց անիմաստ է»։

Ու ժպտաց Տերս բարի ժպիտով. «Դե՛, որ այդպես է,քեզ մի բան կասեմ,որ դու մի վայրկյան էլ չես վարանի։ Մայրդ է այստեղ»։ Ու ես, ա՛յ քեզ բան, դուրս նետեցի ինձ,«հավիտենական ծննդականս» մի կողմ նետելով, ու սավառնեցի դեպի մթնոլորտ,ու երբ շնչեցի, դուրս թռավ հոգուս խորքից մի սուր ճիչ՝

Մաա… մա… մաա… մամա…

Ու հայտնվեցի այս փոքրիկ գնդի ծննդատանը,ծննդականս արդեն հիմա նոր սեղմած թմփլիկ թաթիկներիս մեջ,մերկ ու անօգնական։ Այսպես ապրեցի,մաքառեցի միշտ,եւ ինչի համար… Հավիտենական այս վայրկյանի մեջ, ծնունդից մահին հասնելու համար։

Զանգս ղողանջեց՝ վախճան է արդեն,անչափ ուրախ եմ,բայց ախր այնքա՛ն,այնքա՛ն հոգնած եմ, որ վախենում եմ քնով ընկնեմ ու… չվախճանվեմ։

Այս երազը միշտ գալիս է ինձ,ու նորից … Ու նորից…. Ու նորից ես հայտնվում եմ այս հողագնդի վրա եղած Լենինականի ծննդատանը։   

Շարունակելի