Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մանչուկ էի… Ակումբի մուտքի դռանը մի չտեսնված իրարանցում էր,մարդիկ գլխների վրայով մի կերպ լցվում էին ներս,հրդե՞հ էր, թե՞ երկրաշարժ,չհասկանալով՝ ես վազեցի գրիմանոցի պատուհանի կողմը,որ ներս խցկվեմ,բայց ապշելու կռիվ էր լսվում պատուհանի ներսից,գոռգոռոց. «Դա իմ բեղերն է: Տուր բեղերս,մորուքս էլ տուր,թե չէ կպոկեմ»,- ի՞նչը կպոկի։ Ես ապշեցի՝ մարդու բեղ-մորո՞ւքն էլ ուրիշի վրա լինի.. Շփոթված՝ ես վազեցի մուտքի կողմը։ Միլիցիոներ Խուրշուդյանին մի կերպ դուրս հանեցին,որ բան չպատահի։ Ակումբի վարիչ Նիկոլը դեռ չէր հասցրել բղավել՝ «Դռները փակեք», երբ ոտքերի արանքից սողոսկեցի ներս։ Քրտինքի մեջ կորած դահլիճը ոտքի վրա էր։ Մեր հարեւան վարորդ Հրաչի թեւի տակից տեսա լույսերի մեջ կորած բեմը, որի վրա մի ահավոր պատերազմ էր,սրերի զարկից կայծեր էին թռչում,տարօրինակ մարդիկ՝ պսպղուն գլխարկներով,երկաթե զգեստով,իրար էին մորթում,գետնի տակից ելավ մի սեւ մարդ,դահլիճը սարսռաց՝ կռիվը պրծավ։ Հետո երկնքից իջավ մի հրեշտակ՝ ապակու նման թափանցիկ,քնքույշ իր սերը,սեւ մարդը սկսեց օրորել հրեշտակին,դահլիճն էլ օրորեց։ Հետո մի չար մարդ խանգարեց,դահլիճը ջղայնացավ,ես էլ ջղայնացա,հետո սեւ մարդն ու հրեշտակը նեղացան՝ մահացան։ Դահլիճը լաց եղավ ու մնաց թատրոնում, ես էլ լաց եղա ու մնացի ընդմիշտ։ Լենինականը ծափահարում էր Վահրամ Փափազյանին… Իսկ ես, թաքնված մեր խոհանոցի անկյունում, մաշված սավանը թիկնոց դարձրած, հեթանոսական կրքեր էի մորմոքում։ Իմ միակ երախտագետ հանդիսատեսը իմ փոքրիկ քույրիկն էր,որը ճոճվում էր օրորոցում ու հանգիստ ննջում։
Հեքիաթ է,որը տարիների հետ ավելի կախարդական է թվում։
Բայց ո՞վ է տեսել ու մոռացել Փափազյանի գալը Լենինական։ Ցուրտ էր քաղաքում,սառնամանիք,քամին թրատում էր մարդկանց երեսները, բուքը սառույցով փակել էր շենքերի մուտքերը, երբ գործարանի ներսում,հետո շենքից շենք,տնից տուն տարածվեց մի «սոսկալի» լուր։ Իսկ տեսնող է եղել, որ կոբինատի մոտ ցցված ազդագրի վրա գրված է եղել (լեզուս չի դառնում ասելու) «Օթելլո» Վահրամ Փափազյան,ոչ ավել,ոչ պակաս։ «Հիսում Քրիստոս,պատերազմը նոր ի վերջացե, հիմա էլ Փափազյան…տեքստիլ… ցուրտ»,- հենց այսպես էլ փնթփնթաց տոմսավաճառ լաչառ Քնարը։
Հարձակումը սկսվեց երեկոյան,ինքնագործ թատերական խմբի փորձի ժամանակ,երբ իսկական (պրոֆեսիոնալ) թատրոնից եկած դերասանը երկար-բարակ «էքսպլիկացիա» էր անում,ինչպես ինքն էր ասում՝ Ստանիսլավսկու սիստեմով։ Սկզբում ռումբի պես պայթեց տոմսավաճառի դժժոցը՝ «Էլ տոմս չկա,ռադ եղեք»։ Հետո փշրվեցին բոլոր պատուհանների ապակիները,հետո տեղաց քարերի կարկուտը։ Մենք դուրս թռանք,դռները բացվեցին՝մենք մնացինք դուրսը,մեզ հետ էլ՝տոմսավոր շատ մարդիկ։ Հետո իմացանք,որ Փափազյանին հետեւի մուտքով փախցրել են ներս։ Աղմուկ,ճիչ,լաց,հետո… հոգնեցինք,էլի մրսեցինք,հետո նորից գոռացինք,հուսահատվեցինք։ Այսպես մի ժամ,երկու,հանկարծ Կյաժ Վիտկան եկավ։ Ժողովուրդը ուրախացավ։ Վիտկան ասաց. «Դռները բացեք»։ Բացեցին։ Նրան շատ էին հարգում,որովհետեւ մայրը ռուս էր,հայրը՝գերմանացի,ինքը՝ հայ։ Շատ հայր՚ենասեր էր։ «Էդ Փափազյանը մեր ազգի պարծանքն է,չխանգարեք»,հետո դարձավ ինձ՝ «դերասան, արի հետս» ու ինձ տարավ։ Վիտկայի պոչը բռնած գնացի ու շատ չանցած հայտնվեցի քրտինքի մեջ կորած սրահում։ Լռություն էր,սարսափած, աչքերը արցունքների մեջ կորած կին ու տղամարդ։ Մարդիկ հիպնոսացված նայում էին առաջ,բայց՝ ու՞մ,ինչի՞,չէի տեսնում։ Ուզեցի մի բան ես էլ,Վիտկան բամփեց գլխիս. «Քիչ ըմ ուսուլ,յաբանի»։ Մի կերպ բարձրացա թաթերիս վրա ու էլ ոչինչ չեմ հիշում։ Երեխա էի,աչքերս մթնեցին,գլուխս պտտվեց,ցնորք էր,զառանցանք՝ մի հսկա սեւ մարդ խեղդեց հրեշտակ կնոջը։ «Այ կնիկ,քելե,քելե,բոզի վերջն էլ էս է»,- ասաց Ճուճուլ Կարոն։ «Ախր անմեղ էր, Կարո ջան»։ «Էշ-էշ մի խոսիր,Վահրամ Փափազյանը անտեղի կնիկ չի խեղդի»։
Հետո շողաց սեւ մարդու դաշույնը,կտրեց իր կոկորդը ու սկսեց երկար-բարակ մեռնել։ Այս բոլորը՝ ոնց որ երազում։ Հեքիաթ էր երեւի։ Երեւի … Մի բան հաստատ էր, որ այն,ինչ տեսա,չլսված,անմոռանալի մի բան էր։ Այնքան էի տպավորվել,որ մի քանի տարի մտքիցս դուրս չէր գալիս։ Մինչեւ 1947 թիվը,երբ արդեն «իսկական» թատրոնում էի, մի օր այգու պահակն ասաց. «Է՛, քաշելիք ունինք,Փափազյանն է եկել, գյոզալ ծաղիկներս պիտի ոտի տակ երթան»։ Ու սկսվեցին հյուրախաղերը։ Ես ցնծության մեջ էի։ Խաղում էր Օթելլո եւ Կորադո։ Խաղում էր ամեն օր՝ առանց հանգստի։ Ավելի ցնծալի, երբ ասացին Վահրամ Փափազյանի հետ պիտի խաղաս… Օ՛, տեր Աստված,ես ի՞նչ պիտի անեմ… Ասին. «Նա որ պիտի գա սենատ,դու լինելու ես դոժերից մեկը՝ նստած Վենետիկի դոժերի պալատում»։ «Լա՛վ,խոսք ունե՞մ»… «Չէ՛, ոչ մի խոսք,միայն թե գրիմը պիտի անեն Արտավազդ Փաշայանը եւ Ժան Էլոյանը՝ Լենինականի թատրոնի հեղինակավոր …»։ Բռնեցին մի գրիմ արեցին, որ… Երբ ինձ բեմ էին տանում,մի ակնթարթ ես ինձ հայելու մեջ տեսա։ Զարհուրելի բան էր… Հոնքերս՝ զարմացած,աչքերիս տակը բացել էին … Մի այլակերպ բան…Մի մորուք են կպցրել,երկար էծի մորուք ու ինձ նստեցրել Վենետիկի սենատում… Դու մի ասա Վահրամ Փափազյանը բեմի վրա չի ծիծաղում,բայց որ ծիծաղեց,այնպիսի մի անհույս ծիծաղ է,որ վարագույրը պիտի փակեն… Ես էլ անտեղյակ,վախեցած երեխա… Նստել եմ սենատորների միջեւ։ Փափազյանին դեռ չեմ տեսել,իր գրիմանոցում էր… Ու հանկարծ… ներս մտավ… Վահրամ Փափազյանը… Լենինականի հանդիսատեսի խանդավառության մասին պատմել եմ։ Իսկ գիտե՞ք ինչպես էին նայում ներկայացումը, էլ Օթելլո,Յագո, բան չկա … Փափազ. երբ Օթելլոն հարձակվում է Յագոյի վրա՝ «Փափա՛զ, խեղդե իդոր… Դեզդեմոնա՛, փախի»,- այսպիսի մի ժողովուրդ… Ու հիմա որ մտավ… ծափահարություններ, «բռավո» չկա… «Փափազն է… Իշտե, լենինականցի է… Չէ ջանըմ,լենինականցի չէ,ի՞նչ լենինականցի … Ծո,ի՞նչ կխոսիս… Լենինականն է…», ու այսպես բղավում, կանչում են… Ինքը ներս մտավ… Փափազյանը… Սեւ… Մավրի զգեստներով… Դաշույնը գոտին խրած… Կանգնել է բեմի վրա… Քանդակ… Արձան… Կանգնել սպասում է,որ ծափահարությունը՝ եա-աայ,աայ,հաաայն,վերջանա։ Հետո ծափահարությունը կամաց քչանում է… Հենց որ տեսնում է՝ քչանում է, ասում է. «Բավական է ծափ թաք»։ Իսկ դահլիճի համար բավականը նշանակում է էլի… Ու ժողովուրդն էլ շարունակում է էլի՛…էլի՛ Հետո վերջապես ժպտում է… Տեսարանն այս է՝ սենատորները նստած են,գալիս են Օթելլոն, Բրաբանցիոն ՝ Դեզդեմոնայի հայրը եւ ուրիշները, Օթելլոն պետք է բացատրություն տա։ Սենատորներից մեկը ասում է՝
Խոսի՛ր Օթելլո,
Իրավ է արդյոք, որ բռնադատող, ծուռ միջոցներով
Այս մանկամարդի զգայարանքը հաղթահարել ես…
Ինչին Օթելլո-Փափազյանը պատասխանում է՝
Ռազմաշունչ,վեհ հոգի եւ բարձր դուքս,
Որ առեւանգել եմ,այդ ճշմարիտ է,
Բայց ճշմարիտ է նաեւ այն,
Որ ես նրա հետ ամուսնացել եմ…
Սենատորը ասում է իր խոսքը,ու Օթելլո-Փափազյանը ծուռ՝հանդիմանող-կշտամբող-բացատրող հայացքով նայում է Դեզդեմոնայի հորը՝ Բրաբանցիոյին՝թե այդ ինչեր եք ասում,ու սկսում է իր խոսքը. «Ռազմաշո՛ւնչ (մեզ չի էլ նայում դեռ),վեհ հոգի եւ բարձր դուքս,որ ես առեւ… (ու հանկարծ տեսավ)… Ծո՛,սա ո՞վ է … Որ ես առեւանգել եմ այս … Դո՛ւրս տարեք ասոր… Որ ես առեւանգել եմ … Դու-դու-դուրս տարեք ասոր…Որ ես առեւանգել եմ… Ըսի…»։ Դուք պատկերացրեք, թե ինչ կարող էր կատարվել ինձ հետ,երբ հանկարծ զգացի,որ շփոթության պատճառը ես եմ։ Վախս ավելի ծիծաղելի էր դարձրել ինձ։ Օթելլո –Փափազյանը շարունակում է. «Բայց պատճառն այն է,որ… Հա՛,հա՛,հա՛»,- ու սկսվեց Փափազյանի ծիծաղը… Նստածս տեղից ետ եմ նայում,բեմի հետեւի աստիճանների արանքից տեսնում եմ՝ Էլոյանն ու Փաշայանը ծիծաղից ընկած գետնին,գոռում են ինձ. «Այ տղա, փախի…»։ Երբ գործողությունը վերջացավ,ես իմ մորուքով փախած-մտած հնոցապանի տեղը, լսեցի Փափազյանի բարձր ձայնը. «Ո՞ւր է… ո՞ւր է չոջուխի աչքերով այն ծերունին… »:
Շարունակելի