կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-14 18:08
Մշակույթ

Մհեր Մկրտչյան. հավերժական մենախոսություն. մաս 10

Մհեր Մկրտչյան. հավերժական մենախոսություն. մաս 10

Թատրոնում տոն էր։ Բոլորը զուգված սպասում էին։ Հանկարծ մեկը բղավեց՝ բերին։ Ես հուզմունքից կծկվել էի միջանցքում,բեմի բանվորի կողքին։ Ճեմարանի աղմուկը ծափ ու ծիծաղով մոտենում էր… Հանկարծ ներս ընկավ մի պստիկ մարդ, մտնելուն պես ձեռքի փայտով ճռռացնում էր ջեռուցիչի վրա, ճռռացնում էր այնպես ռիթմիկ, որ, թվում էր,նվագում էր դաշնամուրի ստեղների վրա,նաեւ փորձում էր շվշվացնել ճռճռոցի հետ։ Աշխույժ մարդը գալիս էր համարյա թռվռալով։ «Աճեմյանը»,-  ականջիս շշնջաց կողքիս նստած բեմի բանվորը։ Նա արագ գալիս էր մեր կողմը եւ արդեն անցնում էր կողքովս,երբ նկարիչ կատարողը հեռվից հարցրեց. «Վարդան Նիկիտիչ, երկինքը  ի՞նչ գույն քսեմ»։ «Դեղին»,- առանց մտածելու ասաց նա։ «Շնորհակալ եմ»,- լսվեց նկարչի ձայնը։ Աճեմյանը աչքի տակով մի պահ նայեց ինձ ու,չգիտես ինչու, ասաց. «Օհո՛,օհո՛…», ու ծիծաղելով գնաց։ Երբ ուշքի եկա, հարցրեցի բանվորին. «Ինչո՞ւ ոտքի չկանգնեցիր»։  «Ես իրենից նեղացած եմ։ Մեզի թողել գնացել է,- եւ ծիծաղելով ավելացրեց,- դա նրա համար նշանակություն չունի»։

Արտաքուստ, կարծես, ոչինչ չասող այս աճեմյանական անցումը շատ բան էր պարունակում իր մեջ։ Նրան լավ ճանաչողը հասկանում էր, որ ջեռուցիչի չխչխկոցը կամ տաբատ կորցնելը կատակ չէին։ Նա աշխատում էր, փնտրում, անվերջ որոնումների մեջ էր ամեն տեղ,լիներ խնջույքի թե հրդեհի ժամանակ, գնացքում թե ցայտաղբյուրից ջուր խմելիս,բնության մեջ՝ քաղաքից դուրս, թե թատրոնում՝ կուսակցական ժողովի ժամանակ… Ո՛վ գիտե՝ երգ էր «լսել» գնացքի անիվների չխչխկոցի կամ հիմա՝ ջեռուցիչի չխչխկոցի մեջ։ Նա իր ամբողջ էությամբ տրված էր իմպրովիզացիային,իր անսպառ երեւակայությանը։ Դեղին թե կապույտ,անել թե չանել,լավ է թե վատ՝ նա դա ասում էր չափազանց վստահ։ Նկարչի շնորհակալությունը իզուր չէր,որովհետեւ մի քանի օրից Օստրովկու «Եկամտաբեր պաշտոն» -ի պրեմիերային խենթի պես ծափահարում էինք այդ դեղին երկնքի համար։ Նրան հավատում էին,հավատում էին բոլորը։ Իսկ երբ հավատում ես,ինքդ էլ անում ես հավատով։ Երեւի այստեղ էր Աճեմյան ռեժիսորի ուժը։

Ի՞նչ իմանաս՝ ինչ «հո,հո» էր,որ նա արձակեց՝ ինձ տեսնելով,բայց արի ու տես,որ պետք է իմանալ։ Չպետք է մոռանալ,որ նա հրաշալի ծաղրանկարիչ էր,եւ պատկերացրեք,թե ինչ կատարվեց նրա հետ՝ տեսնելով մի ավարտուն ծաղրանկար՝ դրած իր առջեւ։ Իհարկե «օհո»,ապա էլ ի՞նչ։

Լենինականի իմ շրջանում ես էլի մի քանի անգամ տեսա Աճեմյանին,երբ գալիս էր ներկայացում ընդունելու։ Ես բոլորի նման աշխատում էի հայտնվել նրա կողքին՝ տեսնելու,լսելու նրան։ Ամեն անգամ նա հանկարծ շուռ էր գալիս իմ կողմը ու. «Օ,դու դեռ էստեղ ես»։ «Հապա էլ ուր պիտի լինեի»,- զայրանում էի ես եւ ինձ հետ՝ բոլորը։ «Երեւանում,էլ ո՞ւր»։ Ծիծաղում էինք…. 1953-ին ավելի խիստ էր. «Դու ի՞նչ գործ ունես այստեղ։ Անմիջապես Երեւան։ Հանճարեղ տղա ես…» Ու նույն թվին ես հայտնվեցի Երեւանի թատերական ինստիտուտում՝ ընդունող հանձնաժողովի առջեւ։ Չգիտեմ ինչու՝ բոլորը զարմացած նայեցին ինձ,իսկ հանձնաժողովի անդամներից մեկը բազմիմաստ նայեց դռան կողմը եւ ասաց. «Հաջորդը»… Բայց հաջորդը ես էի։

«Քեզ ո՞վ է ուղարկել»,- զարմացած հարցրեց մեկը։ «Շերենցը»,- չգիտեմ ինչու վստահ պատասխանեցի ես։ «Ո՞վ, Շերե՞նցը»,- զարմանքը հասնում էր գագաթնակետին… «Ուրեմն դու ուզում ես դերասա՞ն դառնալ»,- հարցրեց մյուսը։ «Այո»,- հազիվ կարողացա ասել։ Սեղանի մոտ նստած գեղեցիկ,վառվռուն կինը այնպես շիկնեց,ասես անպատշաճ ինչ-որ բան լսեց։ Նա թեքվեց եւ ինչ-որ բան շշնջաց հարեւանի ականջին։ «Իսկ ի՞նչ կարող ես խաղալ մեզ համար»։ «Խլեստակով։ Մեկ հատ աթոռ կուտա՞ք,որ խաղամ»։ Աթոռը տվեցին, խաղացի Գոգոլի «Ռեւիզորը» պիեսի «Պուշկինի հետ մտերիմ եմ…» տեսարանը… Ընդունեցի՞ն… Ընդունեցին միանգամից երկրորդ կուրս… Երկար տարիներ աշխատում էի թատրոնում,երբ մի օր թույլ տվեցի ինձ բավարարել վաղեմի հետաքրքրությունս: Ես մոտեցա Հայկուհի Գարագաշին եւ հարցրեցի, թե ինչ շշնջաց նա իր հարեւանի ականջին քննության ժամանակ։  «Մենակ չնեղանաս։ Ես ասացի՝ էս տղեն իրան հայելու մեջ չի տեսե՞լ»։

Է,ինչ կա որ,չէի տեսել… Տեսած էլ լինեի՝ ի՞նչ օգուտ։ Ես տեսքիս մասին սեփական կարծիք ունեմ։ Մի օր մեծ հանդիպման ժամանակ ինձ հարց ուղարկեցին. «Դուք վատ չե՞ք զգում,որ Ձեր քիթը մեծ է»։ Երկտողը բարձրաձայն կարդացի ու ասացի. «Այ,ձեր՝ ամբողջ սրահի քթերը փոքր են։ Դուք շատ եք եւ ձեզ թվում է,որ դա է գեղեցիկ։ Պատկերացրեք,որ բոլորդ մեծ քթեր ունենայիք,իսկ ես՝ փոքր, ի՞նչ այլանդակ բան կլիներ…»։  Դերասանների քիթը,աչքերը,երեսը,մարմինը,ձայնը՝  այս ամբողջը գործիքներն են աշխատանքի,որոնք չի կարելի թաքցնել,այլ հարկավոր է ճիշտ օգտագործել։

Վաղարշ Վաղարշյանի կուրսում էի. երեք տարում Ստանիսլավսկու ողջ ուսմունքը սովորեցի…

Մինչեւ օրս պահում եմ ուսանողական դեղնած տետրակս, Գաբրիել Սունդուկյան, «Քանդած օջախ»,Փարսիղի դերը Արմեն Գուլակյանի բեմադրության մեջ։

Առաջին կտոր

Առաջին նախադասություն- Էս լավ է, ե՛ս  ու իմ հոգին, ե՛ւ կընձկընձալի ապրիմ,ու դուք էստի իմ փուղերով չրաղդան սարքիք։

Խնդիրս- Բարկությունս զսպելով՝ ուզում եմ բողոքս արտահայտել,թե ինչպես այս մարդիկ չեն հասկանում եւ ուրիշի փողով քեֆ անում։

Արարքս – Ներս ես մտնում շշմած, հայացքս զննողական է, հետաքրքիր նայում եմ շուրջս, գնում եմ առաջ,կպչելով նստարանին՝ մի կողմ հրում եւ առաջ գնալով՝ հետ եմ նայում լոտոյի սեղանին եւ աջ ձեռքով բեղերս հարդարելով՝ սկսում եմ դիմել Դարչոյին, հետո սեղանին։

Դարչոյի արարքը- Դարչոն ներս է մտնում իմ ետեւից, կարծես ուշացած, եւ ինձանից առաջ գնալով, ցույց է տալիս, թե մենք մեր փողի ետեւից են եկել, ու սրանք էստեղ, տես,թե ինչով են զբաղված,հետո գնալու ժամանակ օգնում է ինձ տալու նստարանը եւ կանգնելով կողքիս հավանություն է տալիս ինձ։

Երկրորդ նախադասություն- Ա՛յ, ես ձիզ կու շա՛նց տամ դո՛ւս արե՛քը։

Խնդիրս- Ուզում եմ սպառնալ,որ այսքան բանից հետո դեռ խոսում են եւ ուզում են դուրս հանել ինձ, իսկ ես քիչ հետո տես, թե ինչ եմ անելու ձեր գլխին։

Արարքս- Առաջին նախադասությունից հետո ես նայում եմ մոտ գտնվող աթոռի վրա եւ սկսում մոմակալի վրա եղած մոմերը հանգցնել եւ, մատներս թքոտելով, հանգցնում եմ մոմերը, վերջացնելով՝ արտասանում երկրորդ նախադասությունը, եւ միշտ հայացքս հառած մի կետի, կարծես բթացած, անտարբեր։

Դարչոյի արարքը- Երբ ես սկսում եմ դիմել դեպի աթոռը, նա վազ է տալիս եւ գլխարկով մաքրում աթոռը, այդ անելուց հետո կանգնում է քիչ հեռու եւ միշտ ինձ նայում, թե ես ինչ կասեմ։ Մոմերը հանգցնելու ժամանակ մոտ է գալիս Սալոմեն, որ չթողնի այդ անելու, բայց Դարչոն փախցնում է եւ սաստում նրան, իսկ երբ մոտ են գալիս ծառաները,որպեսզի ինձ դուրս անեն, նա նրանց վրա բարկանալով՝ հետ է քշում եւ նայում ինձ գոհունակությամբ։ Նրա դեմքը միշտ ուրախ տրամադրության մեջ է,ուզում է դուր գալ իր վարպետին՝ ամեն քայլափոխին։ Բարկանալիս միայն ատամների արանքից ձայն է հանում։

Շարունակելի