Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Փափազյանի համար ամեն մի ներկայացումը բեմի ու սրահի միջեւ տեղի ունեցող կռիվ էր, փրկության կռիվ, ճակատամարտ։ Եվ իսկապես, մեծ զորավարը հրաշալի էր տիրապետում այս պատերազմի ստրատեգիային։ Նրա ամբողջ ռազմական զինանոցը իր հետ էր եւ մարտ էր մղում շատ ճիշտ։ Այսպես,օրինակ,հենց առաջին մուտքից բեմ մտնելուն պես նա գործի էր դնում իր հմայքը։ Ու նրա «ծանր հրետանին» էր հմայքի հրետանին,որը հենց սկզբից տեղահան էր անում հանդիսատեսին՝ խուճապի մատնելով նրա շարքերը։ Այս հրետանիով նա տակնուվրա էր անում անտարբերների եւ թերահավատների դոտերն ու դզոտները, փոքրիկ ժպիտով ու ձեռքով ուղարկված թեթեւ համբույրով ռմբակոծում էր քննադատների գործող տանկերը՝ դարձնելով անզոր ու անօգնական, եւ այս բոլորը՝ Փա՛-փա՛զ-յա՛ն,վանկ-վանկ,կշռութավոր ծափի տակ։ Հմայքի հրետանին հանկարծ լռում էր,տիրում էր քար լռություն,արդեն կարող էր սկսել,անցնել հարձակման ու շարժվում էին հզոր գնդերը իրենց զինվորներով, 1600 տարի մարզված,հղկված,թռծված հայոց տառերով շարժվում էին,դառնալով խոսք,բառ,դառնալով իմաստ, դառնալով ոգի։ Նա իր կերպարի վշտոտ պահերին կամ ողբերգական սուր վիճակներին կարողանում էր երկինք նետել նավատորմիղն իր ազատ օդային,որը հռնդյունով կխուժեր սրահ ու սարսափ կազդեր։ Հանկարծ կարող էր անսպասելի նավատորմիղի շարժիչն անջատել ու լռության մեջ մարդկանց զմայլող վիրաժներ անել (մենք ասում ենք՝ «խաղաղ լռություն», «խաղաղ պաուզա»),միշտ նոր խոչընդոտ,միշտ նոր օգնություն, մինչեւ ավարտը այս գոտեմարտի, մինչեւ փրկություն,մինչեւ շքերթը։
Լենինգրադում (Սանկտ Պետերբուրգում),Նեւսկի պողոտայում օրը ցերեկով բղավեցի. «Ժորա, Ռուբեն Վարոսիչ…» Բարեկամներս էին՝ թատերագետ Ռուբեն Զարյանը, դերասան Գեւորգ Աբաջյանը։ Շատ ուրախացա,վաղուց մենակ էի՝ կինոնկարահանումներ, աշխատանք … «Փափազյանը էլ չկա,չի լինելու»։ Ո՞վ էր ասողը՝ ձայնը դողաց։ Գնացինք։ Ճանապարհին չխոսեցինք… «Ո՞ւր ենք գնում»,-հարցրեցի։ Ասացին՝ չլսեցի,խլացել էի,ինձ լսեցի, իրենց՝ ոչ։ Վարորդն էլ չէր խոսում,բայց ռուս էր։ Նա չգիտեր,որ «էլ չկա,չի լինելու»,բայց լուռ էր… Այս անտառն ի՞նչ էր,շարան-շարան փայտե տներ… Լենինգրադ…
Քաղաքից դուրս։ Վարորդն ասաց. «Ваша дача, Ольгино»։ Մի սովորական տան առաջ հիշեցի. «Շուտով կերթամ Օլգինո,բալես, դուք դաչա կըսեք»։ Հետո հիշեցի այգու պահակին՝ «ով գիտե ինչքան սիրուն է մարմարե արձաններ, ֆանտան,այգի,ծաղիկներ»… Մի փայտյա տուն էր,մի քանի ծառեր,մի մաշված աթոռ՝ ծառի տակ ընկած, փոքրիկ մի այգի՝ առանց ծաղիկների,վաղո՛ւց,շա՛տ վաղուց արդեն մոռացված։ Դարձյալ հիշեցի. «Ես մի ծառ եմ,որուն արմատները պապերուս այգին է, իսկ ճյուղերս երկարած մտած են դրացիներուս այգիները,եւ չեմ կարծեր,որ անոնք համտես ընելով իմ պտուղներս փառք չպիտի տան պապերուս. Կուտան, վստահ եմ, քանզի պապերս աղվոր այգեպաններ եղած են»։ Նրա պապերի այգին,տունը,շալեն, ծաղիկները,արձաններն ու շատրվանները թատրոն էր։ Օրհնվի՛ ծնունդդ, Վահրամ Փափազյան։
… Երբ եկա եւ ընդմիշտ մնացի թատրոնում, երբ ինքս ինձ հարցնում եմ՝ կարո՞ղ էր իմ կյանքը այլ ձեւով դասավորվել,պատասխանը չեմ գտնում։ Հետաքրքիր է,եթե տեքստիլ գործարանի ակումբը մեր տան կողքին չլիներ,եթե ես հեռու լինեի… երեխա ժամանակ ակումբի ներկայացումները նայում էինք դահլիճի դռան բանալու անցքից։ Ես հիշում եմ, թե ի՞նչ տառապանք էր դա. հոգիներս դուրս էր գալիս։ Դերասանի ձայնը հազիվ լսվում էր, խոսքից էլ ոչինչ չէինք հասկանում, մարդիկ շարժվում էին, գոռում, ինչի՞, պարզ չէր։ Բեմում լցված էին ծուռումուռ բաներ,հետեւում պատուհա՞ն էր, թե՞ դուռ՝ չէր երեւում, բեմի լույսերը քիչ էին, բանալու անցքից չէր երեւում ոչինչ։ Պատերի փոխարեն՝ կախված փալասներ… ճիշտ է,չարչարվում էինք,բայց հետաքրքիր էր, ախր բեմում շատ բան էր կատարվում՝ գոռգոռում էին, ծիծաղում, լռում էին… Քրտինքի մեջ կորա՝ մենք նայում ու նայում էինք բանալու անցքից, այդպես էլ ոչինչ չհասկանալով: Իսկ երբ դահլիճի ծափահարություններից հետո դուռը բացվելով շրխկում էր մեր քիթ ու մռութին,մենք՝ գետնին թավալված,հասկանում էին միայն մի բան՝ ներկայացումը վերջացավ։ Բայց եթե ես հեռու լինեի… Դժվարանում եմ հիմա ասել՝ինչ կլիներ: Ես աշխատել եմ գործարանում՝ մեխանիկական ցեխում,եղել եմ կոշկակարի աշակերտ,բայց հիշում եմ,որ դեռեւս երեխա ժամանակ իմ շուրջը միշտ մարդ կար, ես միշտ ուշադրության կենտրոնում էի՝ ե՛ւ իմ տեսքով,ե՛ւ իմ խոսքով,ավելի ուշ՝ նաեւ իմ սրամտություններով, պատմություններով… Դրանք երեւի ուզած-չուզած ինձ կտանեին թատրոն… Իմ նման մարդու համար ուրիշ ինչ անլուրջ տեղ կար… Ու պատկերացրեք՝ տարան… Կինոմեխանիկը,որի օգնական էի աշխատում,տարավ ինքնագործ խումբ… Այնտեղ ես հասկացա,որ մարդու բեղ-մորուք իրոք կարող է լինի ուրիշի վրա։ Ուրիշին նմանվում են… Դառնում են ուրիշ… Եվ ամբողջ հինգ տարի ինքնագործ խմբում ես փորձում էի նմանվել ընդամենը ուրիշին… Մանկական խաղի նման էր…
Դրանից հետո 1947 –ին Ժան Էլոյանը ինձ տարավ արդեն պրոֆեսիոնալ թատրոն։ Այն թվականներին ինքն էր ղեկավարում Լենինականի թատրոնը։ Մեզ հավաքեց ու սկսեց վարժեցնել լուրջ փորձերով, ուսումնասիրած խաղարկություններով։ Օգտագործելով Ստանիսլավսկու համակարգը՝ մեզ բացատրում էր,թե ինչպես դերասանը պետք է գտնի ու խաղա այս կամ այն ապրումը։ Իհարկե,մենք վարժված չէինք։ Միաժամանակ մեզ հետ սկսեց բեմադրել «Սկապենի արարքները» պիեսը։ Մենք մասնակցում էինք փորձերին,բայց նույն ժամանակ մեր ինքնագործ խմբի հետ արդեն խաղում էինք այս պիես՝ մեր սովորությամբ արագ անպատրաստ ձեւով։ Եվ երբ եկավ պրեմիերայի օրը, պետական թատրոնում,պարզվեց,որ չի մնացել հանդիսատես, որը տեսած չլիներ այս ներկայացումը մեր ակումբում…
Լենինականի պետական թատրոն… Այստեղ ես հանդիպեցի մեծ, տարիքով մարդկանց հետ։ Վաթսուն-յոթանասուն տարեկան մարդիկ զբաղված էին… մանկական խաղով… Ես զգացի,որ դա արդեն մի քիչ լուրջ բան է։ Այս թատրոնում սովորել եմ,դաստիարակվել,այստեղ ստուդիա եմ անցել։ Ուսուցիչս էր Լեւոն Զոհրաբյանը. տարբեր իրեր էր լցնում տոպրակի մեջ,ասում էր. «Վերցրու մատիտն ու նկարիր»։ Թատրոնում իմ առաջին ուսուցիչը եղել է Աբարյանը։ Երբ ես եկա Լենինականի թատրոն,շատ ծիծաղելի էի,հիմիկվա պես սիրուն չէի՝ նիհար էի… Փողոցում իմ ետեւից ինչ-որ բաներ էին բղավում՝ ֆրի՛ց… Կանտիբա՛յ… Շահե՛ն…Սինբինո՛… Տրյուֆալդո՛… Սաղաթե՛լ.. Բահի՛ր… Կո՛ն…. Երբ քսան տարեկան էի,խաղացել եմ 80 տարեկան ծերունու դեր… Ինչ դեր որ տանում էի, ինձ համար դառնում էր փորձանք…
Լենինականի Մռավյանի անվան թատրոնը իր դերասաններով՝ մեծ,որոնց թվում՝ Ցոլակ Ամերիկյանը, Արծրուն Հայրապետյանը,Արտավազդ Փաշայանը,երիտասարդ եւ,վերջապես,փոքր պողոսակ,որոնց անունը չի հիշվում,բայց առանց որոնց չի կարող գործել ոչ մի թատրոն, ապրում էր ամենօրյա կյանքով,երբ հայտնի եղավ,որ Երեւանից գալու է Վարդան Աճեմյանը իր ուսանողի բեմադրությունը՝ Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոնը» շտկելու։ Շուտով լինելու էր պրեմիերան։ Առավոտյան քաղաքում արդեն խոսում էին՝ եկել է … Հասա թատրոն՝ պատմեցին… Երեկ գնացել էինք կայարան Աճեմյանին դիմավորելու,բայց նա գնացքից դուրս չէր եկել։ Բարձրացել էին ու տեսել,որ նա նստած է առանց տաբատի։ Զարմացել էին։ Պարզվեց,որ տաբատը կորել է։ Մարդ էին ուղարկել նոր տաբատ բերելու։ Բերել էր, Աճեմյանը տեսել էր ու ասել էր՝ վրաս մեծ է։ Բերողը արդարանում էր՝ մեռա փնտրելով,փոքրը չկար։ Աճեմյանը կատաղել էր՝ պիոներպալատից բերեիր։ Բոլորը ծիծաղել էին, իսկ ամենից շատ՝ Աճեմյանը։ Հետո մտել էր այդ մեծ տաբատի մեջ, եւ իրեն բերել էին հյուրանոց…
Շարունակելի