Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Ի՞նչ ծրագիր ունեք»,- հարցրեց մեկ ուրիշը։ «Արդեն մի քանի տարի է, որ կուզեմ արվեստանոց բացել,շատ շնորհալի յոթ մանչ եւ աղջիկ գիտեմ,որ կրնան մեծ դերասան դառնալ,կուզեմ դարձնել,բայց ձեր մինիստրը չի ուզեր,ոչ ոք չի ուզեր, ինչո՞ւ կնայիք,գացեք ըսեք թող ուզեն»։ «Մեզ ի՞նչ կցանկանայիք»։ Պատասխանեց. «Ես կուզենայի,իմ երթալեն ետքը,հիմա դուք դասը թողուք,երթաք քաղաքեն դուրս ու երկար,ուշադիր զննեք բնությունը,նայե՛ք,բայց տեսե՛ք… Ցտեսություն»։
Ու՝ գնաց։ Մենք,իհարկե,ոչ մի տեղ չգնացինք՝ ո՛չ քաղաքից դուրս,ո՛ չ էլ մինիստրություն,իսկ դասախոսներից մի երկուսը,խղճալով իրենց Փափազին,հասցրել էին զանգահարել մինիստրին խնդրել, որ ընկեր մինիստրը Փափազի այս «խայտառակությունը» ընթացք չտա. «Փափազն է էլի,մասնավոր արվեստանոց,հողից կտրված արվեստ,էլ չենք ասում՝ դասը լքեք,փչացրեք,կիսատ թողեք ու ելեք գնացեք»։ Իսկ բնության մասին՝ ոչ մի խոսք։ Վախեցել էին, ճիշտ է, մինիստր է,բայց մեկ էլ տեսար գլխի ընկավ,որ բնությունը լավ բան է։ Ու այսպես էլ մինչեւ կյանքի վերջը Վահրամ Փափազյանը չունեցավ ո՛չ իր արվեստանոցը,ո՛չ յոթ երիտասարդներ,ո՛չ էլ մտավ ինստիտուտ։ Խելքդ սիրեմ մինիստր։
Երանելի ժամանակներ էր ապրում Մայր թատրոնը։ Ամբողջ խաղացանկը հսկաների ուսերին էր։ Խաղում էին «Դիմակահանդես»,«Կենդանի դիակ»,«Համլետ», «Օթելլո»։ Ամեն մի դերի վրա երեքն էին, չորսը։
Փափազյանը շատ էր հարգում եւ գնահատում իր կոլեգաներին,բայց նրա միակ թուլությունը, ինչպես ասում են,որի համար խելքը իրենը չէր,Հրաչյա Ներսիսյանն էր՝ Հրաչը։ Ես չեմ հիշում նրան Հրաչին շոյելիս,գովելիս,ընդհակառակը՝ միշտ լսել եմ՝ էլի ի՞նչ ըրավ Հրաչը,ուրկե՞ կուգա Հրաչը,ո՞ւր կերթա,ի՞նչ ըսավ,ինչո՞ւ ըսավ,եւ այլն,մի օր էլ,թե՝ «Հրաչյային պիտի սիրել քնած ժամանակ՝ ինքը չիմանա»։ Եվ այսպես էլ սիրում էր։ Կյանքում նրանց հարաբերությունները դերասանների չէր,պարզ էին,հասարակ,մեծի եւ «պզտիկի»,նույնիսկ եթե միմյանց փոխարինողներ էին։ Ահա պատմեմ մի սրտառուչ դեպք,որ ես շատ եմ սիրում։ Խաղում էինք «Կենդանի դիակ» ներկայացումը։ Պրոտասովի դերում միմյանց փոխարինում էին Փափազյանը, Ներսիսյանը, Վաղարշյանը եւ Ջանիբեկյանը։ Այդ օրը խաղում էր Հրաչյան։ Ինչպես միշտ,դահլիճը լեփ-լեցուն էր,ինչպես ասում են՝ ասեղ գցելու տեղ չկար։ Մթան մեջ տեսա Փափազյանին՝ օթյակում նստած։ Ներկայացումը թողած՝ շարժվեցի դեպի նա ու մոտ տարածությունից սկսեցի հետեւել, թե ինչպես է նայում փոխարինողը փոխարինողին, ու, ա՛յ քեզ բան,Փափազյանի երեսին գույն չէր մնացել։ Նա զայրույթից դողում էր,նայում էր չորս կողմը ու ինչ-որ բան էր մռթմռթում, հետո հանեց թաշկինակը,քրտինքը սրբելով ուզեց տեղից վեր թռչել,չստացվեց։ Մի կերպ իրեն զսպեց ու շարունակեց մռթմռթալ։ Գործողությունը վերջանալուն պես վեր թռավ տեղից ու արագ իջավ բեմ, ես էլ նրա հետեւից։ Բեմում բանվորներ էին աշխատում։ Աղոտ լույսերի տակ մի մութ անկյունում ես տեսա,որ Հրաչյան գլուխը քարշ գցած,աշակերտի պես մի ոտքը քսելով գետնին, արդարանում էր. «Է,վնաս չունի,համբերե,պանդոկը նայե»։ «Ի՞նչ պանդոկ,պանդոկս ո՞րն է։ Ծո Բոսֆորի ջուրը խմած չե՞ս,ըրածդ կվայելե՞։ Միջերկրականը անցած չե՞ս,այդպես խաղալ կըլլա՞ »։ Հրաչը,թե՝ ըսինք՝ կխաղամ,պանդոկի տեսարանը նայե,կխաղամ նե… «Է,կնայիմ,պանդոկով ի՞նչ պիտի ըլլա,նայե՝ չխաղա՞ս նե,հիմա կելլեմ՝տուն կերթամ,վասսայլամ,գացի նայեմ»։
Եկավ պանդոկի տեսարանը։ Եվ,էլ ի՞նչ եւ… Սուտ է։ Ես գտնում եմ,որ ամեն մարդ կարող է հասկանալ,թե բեմում մեծ դերասանը ինչ կարող է անել եւ ինչու,բայց նկարագրել, թե ինչպես է անում,իմ կարծիքով՝ անհնար է, եթե չասեմ՝ անհեթեթություն։ Դա նույնն է,թե Հրաչյային նայելով,փորձեմ նկարագրել, թե ինչ կատարվեց սրահում գտնվող հանդիսատեսից յուրաքանչյուրի հետ։ Էլ չեմ ասում՝ Փափազյանի,որ, վարագույրը դեռ չփակված,դուրս գցեց իրեն օթյակից ու վազեց բեմ։ Իջնելով նրա ետեւից՝ ես տեսա մի ցնցող տեսարան։ Նույն մութ անկյունում գրկախառնվել էին երկու հսկաներ ու, գլուխները մեկը մյուսի ուսին գցած,ծիծաղ ու արցունք իրար խառնած,երեխայի պես հեկեկում էին։ «Աս ի՞նչ ըրիր, Հրաչ,սա ի՞նչ ըրիր»։ «Է,քեզի ըսի,չէ՞,ըսի՝ պանդոկը նայե,ես կըսեմ՝ պանդոկ,դուն կըսես՝ Բոսֆոր»։ «Հրաչ, ի՞նչ ըրիր,աս ի՞նչ մեծ ես,Հրաչ»։ «Պարապ բաներ մի խոսիր,ամենեն մեծը դուն ես,Փափազ,ամենեն ահռելին ես,որովհետեւ դուն մեր …,- ու հանկարծ տեսավ ինձ։ -Ի՞նչ կնայես,ծո,ղուռումսաղ,մեծ մարդ չե՞ս տեսել։ Փափազյանը չե՞ս տեսած,քաշվե՛»։ Փափազն էլ մյուս կողմից. «Քաշվե սկե,փեզեվենգ»։ Ե՞ս ինչ արի, չհասկացա։
Դեռեւս ակումբից իմ մեջ քայքայված հեքիաթ-մշուշը սկսել էր փարատվել,ու կամաց-կամաց ես տեսնում էի մի մարդու,որը սիրել գիտեր եւ խոհեմաբար,եւ սաստիկ ուժգին,մի մարդ,որ վագրի հայացքը հառելիս կրակ էր թափում,մի մարդ,որ սպիտակ ատամնաշարով,կարմիր երախով սարսուռ էր ազդում,մի մարդ,որ դյուրավ խանդոտացող չէր,բայց երբ որ խանդեց,անչափ մոլորվեց ու ավելի առատ արտասուք թափեց,քան Արաբիո արմավենին իր բուժարար խեժը։ Վերջապես մի մարդ,որ մի օր կտրեց կոկորդը մի փաթթոցավոր շան, թլփատված տաճիկ շան,որ հայհոյել էր մեր պետությունը,ցեղն ու հավատը։ 1959 թվականին, մեկ տարի ուշացումով (1958-ին վախճանվել էր Վաղարշյանը), տեղի ունեցավ Փափազյանի յոթանասունամյա հոբելյանը։ Ռուբեն Զարյանի հիանալի բացման խոսքից հետո եղան ելույթներ։ Այս ողջույնի ելույթները ընդհատվում էին գեղարվեստական համարներով՝ երաժշտություն,երգիծանք,հումոր եւ այլն։ Մի հետաքրքիր «պարոդիա» էլ մտածել էինք մենք՝ թատրոնի երիտասարդներս։ Մեր միջից ընտրել էինք ամենաբարձրահասակ, թիկնեղ,գեղեցիկ «Փափազյաններիս» հագել էինք Օթելլոյի զգեստներ,դաշույն,ականջներիս՝ օղեր,ձեռք -ոտք-գլուխ սեւ ներկած՚՝ մտանք բեմ ու սկսեցինք կրքոտ վիճել (նմանեցնելով Փափազի խռպոտ ձայնին) թատրոնի դերացանկի՝ փոխարինողների համակարգի,ռեժիսուրայի,երիտասարդ կադրերի եւ այլ խնդիրների շուրջ։ Կամաց-կամաց վեճը փոխվեց կատաղության,որը վերածվեց տուրուդմփոցի,օթելլոներից մեկը սկսեց խեղդել մյուսին,այսպես խեղդեցինք իրար,վերջապես դուրս քաշելով դաշույններս՝ սկսեցինք իրար կոկորդ կտրել,բեմը լցվեց դիակներով։ Ընդունելությունը բացառիկ էր։ Ծափ,ծիծաղ,ծափահարություն,իսկ Փափազյանը, քահ-քահ խնդալով,փորը բռնած,մոտեցավ,մեկ-մեկ համբուրեց. «Ծո,ապրիք,աս ի՛նչ սքանչելի տղաք եք»։ Մենք շատ գոհ էինք,այնքան գոհ,որ քթներս տնկած հարցրինք. «Վարպետ,էլ ինչ են ասում՝ Օթելլո,Օթելլո,մենք Օթելլո չենք,ի՞նչ ենք»։ Այս անգամ խնդաց ավելի բարձր. «Ամեն սեւ բան Օթելլո չէ,ծո»։
Հոբելյանը շարունակվեց,վերջում խոսքը տրվեց Փափազյանին։ Հրաշալի էր խոսում։ Հանկարծ ընդհատեց խոսքը եւ շուռ եկավ դեպի սրահում նստած ղեկավարներն ու ասաց. «Թողեք,որ երթամ Անգլիա,երթամ Ստրետֆորդ,յոթանասուն տարեկան եմ, հիսունը կթողնեմ հոս,քսանով կերթամ,քսանհինգով կվերադառնամ, հոս վերմակը պզդիկ է,կքաշեմ վրաս՝ ոտներս դուրս կմնան,որ սեղմեմ պատին՝ պատը կավերվի»։ Հիշենք,որ Անգլիայում շեքսպիրյան օրերի մեկնելու համար խումբ էր կազմվել,որի մեջ Փափազյանը չկար։
Հոբելյանը ավարտվեց,մեկ-երկու օր հետո պարզվեց,որ «վերեւում» քննել էին Փափազյանի ու թատերագետ Ռուբեն Զարյանի գնալու-չգնալու հարցը եւ երկուսին էլ մեղադրելով նացիոնալիզմի մեջ,վճռական արգելել էին Անգլիա մեկնել (հապա ինչպե՞ս,ոտներս դուրս կելլա,պատը սեղմենք քանդենք, պատերազմ,հողեր…)
Այ քեզ ժամանակներ… Խելքդ սիրեմ,«վերեւ»։
Շարունակելի