կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-07 18:28
Մշակույթ

Մհեր Մկրտչյան. հավերժական մենախոսություն. մաս 5

Մհեր Մկրտչյան. հավերժական մենախոսություն. մաս 5

Չգիտես ինչո՞ւ մարդուն հանդիպելիս նրան միշտ պատկերացնում եմ երեխա,աշխատում եմ նրա մեջ տեսնել մանկականը,մաքուրն ու զուլալը։ Զարմանալիորեն չեմ կարող պատկերացնել,որ կարելի է այս կամ այն երեխային չսիրել,որքան էլ նա տարօրինակ լինի, չար ու խենթ։ Երեխաներին պարզապես պետք է ընդունել եւ վերջ։ Սիրում եմ ոչ միայն հարցեր տալ երեխաներին,այլեւ պատասխանել նրանց հարցերին։ Երեւի բնավորության իմ այդ գիծն է պատճառը,որ երեխաներին հանդիպելիս անմիջապես մտերմանում եմ, դառնում նրանց ընկերն ու հասակակիցը։ Միշտ ուզում եմ նմանվել երեխայի,որը ազատ է հուշերի,հիշողությունների բեռից։

Իմ կարծիքով՝ մարդու մեջ դեռ փոքր հասակից են արմատավորվում բնավորության ե՛ւ լավ,ե՛ւ վատ գծերը։ Պատմեմ մի դեպք։ Երբ սովորում էի դպրոցում, մի անգամ դասի ժամին նստարանի վրա դանակով փորագրեցի՝ Սասունցի Դավիթ։ Կողքիս նստած դասընկերս՝ Ռուբիկը,ցածրաձայն ասաց. «Չի կարելի փորել սեղանի վրա»։ Տարիներ անցան,մի անգամ ինքնաթիռով գալիս էի Երեւան։ Հանկարծ ուղեկցորդուհին մոտեցավ ինձ եւ ասաց,որ անձնակազմի հրամանատարը կանչում է իր մոտ։ Գնացի,բարեւեցի։ «Բարեւ,մենք դասընկերներ ենք,չճանաչեցի՞ր»,- ասաց անձնակազմի հրամանատարը։ Որոշ ժամանակ զննելուց հետո մտաբերեցի. «Այ,այդ դու էիր,որ երբ ես փորում էի նստարանի վրա,ասացիր՝ չի կարելի»,«Այո, ես էի,ո՞նց էլ հիշեցիր»,- զարմացավ նա։ Այդ ժամանակ միայն զգացի,թե որքան ճիշտ էր ընտրել նա իր մասնագիտությունը,դեռ փոքր հասակից նրա մեջ կար այնպիսի մի կարեւոր գիծ,ինչպիսին է կարգապահությունը։ Այսօր նա դարձել էր ամբողջ մի անձնակազմի հրամանատար,որին էլ վստահվել էր մարդկանցով լի ինքնաթիռի բախտը որոշող ղեկը։ Մասնագիտության բերումով իմ կյանքում առնչվել եմ բազմաթիվ երեխաների հետ։ Նկարահանվում էր «Նահապետ» կինոնկարը։ 5-6 տարեկան մի երեխա ուշադիր հետեւում էր կինոնկարահանման մեր խմբի աշխատանքներին։ Երբ հայտարարվեց ընդմիջում, հանկարծ այդ երեխան վազեց գնաց եւ,փեշի մեջ լցրած լիքը կաղին, վերադարձավ,մոտենալով՝  նա ամբողջ փեշի կաղինը մեկնեց ինձ։ Երբ ես վերցրեցի,նա ասաց. «Մի հատ էլ ինձ կտա՞ս»։ Մինչեւ օրս էլ չեմ կարողանում հասկանալ, թե նրա մտքինն ի՞նչ էր,ինչո՞ւ այդպես վարվեց։

Երբ Լենինականում նկարահանվում էր «Հին օրերի երգը» կինոնկարը,հանկարծ մի փոքրիկ երեխա,ոտաբոբիկ ու գլխաբաց,եկավ,կանգնեց ուղիղ իմ դիմաց,ուղիղ նայեց աչքերիս ու ձեռքերը միմյանց խփելով, ծիծաղելով ասաց. «Վայ չմելնիս դուն, Ֆրունզիկ»։ Արտասահմանում, մի անգամ,երբ այցելում էի հերթական հայկական մանկապարտեզը, ուշադրությունս անմիջապես գրավեց սեւորակ աչքերով մի տղա։ Երբ մոտեցա,նա հարցրեց. «Դուն անուն ունի՞ս»։ Ասացի. «Ես ունիմ,իսկ դու ունի՞ս»։ «Հա,իմ անունը Տիգրան է,իսկ քո՞նը»։ «Իմը՝ Ֆրունզիկ»,- պատասխանեցի ես։ «Քոնը խենթ անուն է»,- ասաց նա ու հեռացավ։   

Հայաստանի Հոկտեմբերյան անունով շրջանի գյուղերից մեկում ներկայացում էինք խաղալու։ Դեռ բավականին ժամանակ կար ներկայացման սկսվելուն,եւ գյուղացիներից մեկը տուն հրավիրեց դերասաններիս։ Երբ վերջապես մոտեցավ ներկայացման սկսվելու ժամը,եւ մենք պատրաստվեցինք ակումբ գնալու,հանկարծ տանտիրոջ փոքր երեխան խնդրեց հորը,որ իրեն էլ տանի ակումբ։ Իմ միջնորդությամբ վերջապես հայրը համաձայնեց,ես գրկեցի երեխային,եւ մենք ուղեւորվեցինք դեպի ակումբ։ Ճանապարհին հանկարծ երեխան շրջվեց դեպի ինձ եւ զարմացած հարցրեց. «Քեռի դո՞ւ էլ ես գալիս Ֆրունզիկ Մկրտչյանին նայելու»։

Մի օր Լենինականում ներկայացում ունեի … Վարագույրը իջնելուց հետո դուրս եկանք,դրսում գերի ընկանք տասնյակ ուրախ հետաքրքրասեր երեխաների,որոնք հավաքվել էին իմ ավտոմեքենայի շուրջը։ «Դուք ո՞վ եք»,- հարցնում է Գուրգեն Ջանիբեկյանը։ «Մենք Ֆրունզի մայլի երեխաներն ենք»,- բղավում են բոլորը։ «Ի՞նչ լավ երեխաներ եք»,- ժպտաց Ջանիբեկյանը։ «Ֆրունզ,Սաշիկը ավտոյիդ կալյոսները չորսն էլ փսցրել է»։ «Սաշիկն ո՞վ է»,- լեղաճաք եղա ես։ «Ես եմ»,- հերոսի նման կուրծքը դեմ տվեց հինգ տարեկան Սաշիկը։ Հետո իմացա Սաշիկի դիտավորության պատճառը՝ չէր ցանկանում, որ հեռանամ իրենց թաղից։

Եվ այսպես՝ շարունակ… Հուշերը բազմաթիվ են, բոլորն էլ թանկ ու հարազատ իմ հոգուն,բոլորի մեջ էլ պահպանվում է իմ կորած մանկությունից թանկարժեք մասունք,բոլորի մեջ էլ ես փնտրում եմ իմ մանկության շարունակությունը, այսինքն՝ ինքս ինձ։ Ամեն մի մարդ եւ հատկապես արվեստագետը ինքն իրեն չմոռանալու համար կարիք ունի վերադառնալու իր ամենաթանկ ժամանակներին ու իրեն դիտելու մանկության ու պատանեկության զուլալ հայելու մեջ։ Դա այն կախարդական հայելին է,որը իր ստեղծագործական կյանքում, պատանեկան շրջանից մինչեւ խորը ծերություն, իր մտքի ու սրտի արվեստանոցում ունենում է ամեն մի ճշմարիտ արվեստագետ՝ լինի դերասան թե նկարիչ,լինի կոմպոզիտոր,քանդակագործ թե դրամատուրգ,արձակագիր թե բանաստեղծ։ Հայելի,որի մեջ կարելի է տեսնել մարդու եւ բնության երեկը,այսօրն ու վաղը։ Այս հեքիաթի հայելին,որը հենց ինքն է,արվեստագետը,կարողանում է անմնացորդ վերցնել ժամանակի գեղեցիկն ու տգեղը՝ չար ու բարի, թույլ ու հզոր, ընդունելի ու մերժելի կողմերով,վերցնել ու կանխագուշացել նմանը՝ ինքնամոռացության մեջ, ինչին մենք ասում ենք ստեղծագործական ընթացք, հանել մշակել մարդկանցից ու բնությունից վերցվածը եւ իր հայելու միջոցով վերադարձնել հենց իրեն՝ մարդուն, ավելի հստակ,անիմաստը՝ իմաստավորված,եւ,ամենակարեւորը,դարձնելով տեսանելի։

Այսպիսով հայելու մեջ տեսանելի են դառնում առաքինությունը, մոլությունը, սուտը,կեղծիքը,վախկոտությունը,տգիտությունը,անգործելիությունը,եւ այս բոլորն էլ իրենց սեփական դեմքով։ Այս ամենը ճիշտ է։ Հարց է առաջանում,իսկ ի՞նչ հայելու մեջ է նայում արվեստագետ մարդը ինքն իրեն ճանաչելու համար։ Եվ իսկապես, որքան ճանաչում ես քո հնարավորությունները,քո ներսում եղած հարստությունը,այնքան շատանում են ու հզոր են դառնում քո միջոցները մեծ գործեր ստեղծելու համար։ Այսինքն՝ դու դառնում ես անհատ,  իսկ քո ստեղծագործությունը՝ քոնը ու միայն քոնը եւ ոչ ուրիշինը։ Իսկ ի՞նչ հայելու մեջ է նայում արվեստագետը,եթե ոչ իր կորցրած մանկությունը արտացոլող։ Դերասան դառնալ երբեք չեմ երազել, չեմ հասցրել։ Միգուցե այն պատճառով,որ իմ մանկության տունը թատերական ակումբին մոտ էր … Միգուցե՝ որ ես 13 տարեկան սկսեցի աշխատել կինոմեխանիկի օգնական եւ նույն տարիքում արդեն խաղում էի ինքնագործ խմբում … Միգուցե… Ինչպես ծայր առավ այս ամենը,ինչպես սկսվեց իմ թատրոնը… Երեւի մանկական հեքիաթից։ 

Շարունակելի