Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ամեն մարդ կյանքում իր երազանքն ունի։ Բայց ամենավառ երազանքները կապված են մանկության հետ, սակայն մանուկները չեն երազում,մանուկները ուզում են։ Ես էլ էի ուզում, գիշեր-ցերեկ ուզում էի… Ես պատրաստ էի ամպի չափ բան տայի,միայն թե մի հատ հեծանիվ ունենայի… էլ ինչ մանկություն առանց հեծանիվի։ Եվ երբ վերջապես ինձ խելոք պահելուց տանջահար էի եղել,ինձ խոստացան,որ երազանքս կգնեն։ Ահա եւ հանդիսավոր օրը, մեր ողջ ընտանիքը,Սանամի գլխավորությամբ,որը հագել էր իր տոնական զգեստը,ճանապարհ ընկավ դեպի խանութ։ Առջեւից գնում էր մայրս,ետեւից ես՝ նայելով ձեռքի պայուսակին,խորհելով՝ կհերիքի՞ նրա մեջ եղած ամբողջ գումարը։ Իմ ետեւից գալիս էին քույրերս ու մեր բակի բոլոր երեխաները՝ փոքր եղբորս՝ հպարտ քայլող Աբոյի գլխավորությամբ։ Նա, երբեմն առաջ ընկնելով, քծնանքով նայում էր աչքերիս եւ աղերսում. «Ապեր,հեծանիվդ կտա՞ս քշեմ»: Ես խորիմաստ լռում էի,քանի որ չէի սիրում ավելորդ խոստումներ։ «Ապեր,հեծանիվդ կտա՞ս քշեմ»,- կրկնում էր եղբայրս։ «Խոսում է Մոսկվան,խոսում է Մոսկվան»,- ռուսերեն կրկնում էր բարձրախոսը՝ պատերազմն էր։ «Ապեր հեծանիվդ կտա՞ս քշեմ»: «Խոսում է Մոսկվան, խոսում է Մոսկվան», եւ այսպես չորս ու կես տարի շարունակ…
Մեծ եմ, ամենատարբեր քաղաքներից տուն վերադառնալիս ես բերում եմ տղայիս համար գույնզգույն հեծանիվներ։ Որդիս,մի պտույտ անելով,մի կողմ է նետում եւ, վերցնելով ատրճանակը, դուրս է թռչում՝ կռիվ-կռիվ խաղալու։ Մնում եմ ես ու իմ հեծանիվը։ «Ապեր, հեծանիվը դե քշի,է՛»։ Մի օր ես նստեցի … եւ վրեժս լուծեցի, թեպետ մարդուն ամեն ինչ ժամանակին պետք է տրվի։
Հեռավոր Բեյրութում ես լսեցի մանչուկի զրնգուն մի ձայն,որը նապաստակների եւ միամիտ գայլերի մասին ոտանավորներ արտասանելու փոխարեն իր նախնիների լեզվով կարդում էր այս պարզ թվացող,բայց իմաստուն տողերը.
Հայ եմ ես,հայ եմ ես
Քաջ Վարդանի թոռն եմ ես,
Նրա քաջ զինվորն եմ ես։
Իսկ կողքին կանգնած էր պապը՝ խոշոր թախծոտ աչքերով… եւ ինձ հանկարծ թվաց,որ նրա մանկությունն էլ առանց հեծանիվի է անցել։
…Ախ ինչպե՞ս, ո՞նց մոռանալ
Արհավիրքն այն օրերի…
… Գառնարած-հովիվ-նախրորդ
Ետ չեկան սար-ձորերից…
… Հնձվորը արտում մորթվեց
Իր ձեռքի սուր մանգաղով
… Ձկնորսը Վանա ծովում
Չփրկվեց ճարպիկ լողով…
…Երկրի մեջ մարդ չմնաց,
Մարդ թաղեր մարդու նման…
Ախ մնար մեկը գոնե
Ու կանչեր.
–Դլե յամա՛ն
Շատ եմ շրջել… այցելել եմ բազմաթիվ քաղաքներ,բայց որտեղ էլ եղել եմ,ամենուր ես ինձ հյուր եմ զգացել,որովհետեւ ամեն մարդու կյանքում կա մի փողոց,մի տուն, մի հանդիսատես։ Կարող ես հեռանալ քո քաղաքից,բայց չես կարող փախչել ինքդ քեզանից։ Ես անցնում եմ իմ դպրոցի մոտով ու հիշում եմ…
Հիշում եմ օրվա դասերի վերջի սոսկալի զանգը։ Ինչո՞ւ սոսկալի,որովհետեւ Վռամը պիտի թռնի իմ շալակը,որ իրեն տանեմ մինչեւ «Ձորի մայլեն»՝ իրենց տուն։ Ես վախենում էի Վռամից ու միշտ իրեն շալակած տանում էի։ Ես մանկուց վախկոտ էի։ Հիշում եմ՝ երեխաները կռիվ-կռիվ խաղալուց հարցնում էին. «Ո՞վ ես՝ սպիտա՞կ,թե՞ կարմիր», ես զգուշությամբ (միջինը ընտրելով) պատասխանում էի՝ սեւ եմ,կամ էլ սկսում էի հազալ, եւ հազում էի այնքան,մինչեւ ձեռ էին քաշում ինձնից։ Սկսվում էր կռիվը, իսկ ես շվարած մնում էի առանց կռվի։ Հետաքրքիր է,երեւի դեռ մանկուց ես չեմ սիրել «օպոզիցիա»։ Մի բան պարզ է՝ եթե չես կարող մեղադրել,ապա ամբողջ հոգով արդարին պաշտպանել պարտավոր ես։
Անցնում եմ Լենինականի փողոցներով… Մտնում եմ այն ակումբը,որտեղ Հայկազ Սվասյանը,մտրակը ձեռին,ստիպեց խաղալ աշխարհի մոտավորապես բոլոր օպերետները եւ նույնիսկ «Անուշ» օպերան։ Հանդիպում եմ կինոմեխանիկ Ուստա Պատվականին,որի մոտ 13 տարեկան աշակերտ էի,երբ որ կինոխցիկի անցքից առաջին անգամ տեսա «Ալեքսանդր Նեւսկին»,«Մինին ու Պոժարսկին»… Դրանք հեքիաթ էին ինձ համար… Խալով մարդուն տեսա՝ Դավիթ Մալյանին՝ Կակուլիին, տեսա Պեպոյին,տեսա Հրաչյային,որը Բոսֆորով անցավ Միջերկրականը ու մի հսկա նավ երջանկություն բերեց իրեն եւ մեզ համար։ Անցնում եմ ու անցնում… Գեւոն ասում է. «Քաղաքում կխոսին, թե Ֆրունզը քանի վաստակավոր էր որ Լենինական կուգար,կերթար Կզմո Խաչիկենց տունը,հմի որ ժողովրդական է, կերթա Չախալ Պարույրենց տուն… Ֆրունզ, իմացա՞ր ինչ է եղել,կըսեն Տեքստիլի Հասեի ոտը կտրել են, ինքը տարել գերեզմանոցը թաղել է: Ամեն օր ծաղիկ կտանի,որ հետո հավիտյան երկու ոտով մնա»… Սուրիկը, Կառլենը, Մուջին, Լուսիկը, Լիլին, Մժոն, Վաչիկը, ես ծառատունկին մի ծառ տնկեցինք,մենք բաժանվեցինք, մնաց՝ կանգնած այդ կանաչ հուշը։
Տեքստիլ 16,շենք 2,մուտք 1։ Ես բարձրացա ծանոթ աստիճաններով,թակեցի դուռը։ Մեր ընդհանուր բնակարանում,որտեղ ժամանակին երեք ընտանիք էր ապրում,հիմա միայն մեկն էր։ Այն րոպեներին,որ անցկացրի այս բարի մարդկանց հետ, նրանք պահում էին իրենց հյուրի պես, կարծես ես էի իմ հեռավոր մանկության տանտերը։ Նրանք ինձ տարան պատշգամբ,բացեցին խորդանոցի դուռը,ցույց տվեցին անունս՝ Ֆրունզ,գրված իմ ձեռքով, եւ մի մեծ սիրտ՝ նետը մեջը։ Շնորհակալություն այս ընտանիքին,որ ներկով չէր ծածկել իմ հեռավոր հուշը։ Հուզվեցի, կողք կողքի շարված էին պահածոները խորդանոցում… Իսկ իմ հիշողության մեջ,ինչպես էկրանի վրա, մի ակնթարթ կենդանացավ մուրաբայի այն միակ ամանը, որը մեր տանը պահում էին հատկապես հանդիսավոր հյուրերի համար։ Մենք երկար սպասեցինք նրան, իսկ հետո տեսնելով,որ չի գալիս, Աբոյի հետ միասին դատարկեցինք այն (անուշ արեցինք),ամանի բերանը խնամքով կապեցինք եւ նորից դրեցինք…
Ամեն անգամ, երբ խոսք է բացվում իմ կորած մանկության մասին,այն ներկայանում է ինձ հեծանիվ քշող փոքրիկ տղայի կերպարով… Խաղալիք չեմ ունեցել,մեղավորը պատերազմն էր։ Այսօրվա պես հիշում եմ ամբողջ մանկապարտեզում,ուր հաճախում էի ես,միայն մի աղջիկ ուներ տիկնիկ,այն էլ գիպսից,կոպիտ,հաստ ոտքերով պատրաստված տիկնիկ էր։ Երբ մի անգամ շատ խնդրելուց հետո աղջիկը այդ տիկնիկը տվեց ինձ, ձեռքիցս անզգուշորեն վայր ընկավ ու կոտրվեց։ Աղջիկն անընդհատ լաց էր լինում։ Ես շփոթությունից ինձ կորցել էի, մեծ ողբերգություն էի ապրում, գուցե հենց այդ վայրկյանին էլ իմ մեջ ծնվեց այն մեծ սերը դեպի հասարակ խաղալիքը, որ մինչեւ հիմա էլ ապրում է իմ մեջ։ Ես այսօր կարող եմ ամեն տեսակի խաղալիք նվիրել երեխային,բացի շարժվող,աշխատող խաղալիքից։ Ինչո՞ւ,որովհետեւ ամեն անգամ վատ եմ զգում ինձ, երբ նվիրածս խաղալիքը փչանում է, եւ երեխան այլեւս չի կարողանում խաղալ նրանով,զրկվում է այն հաճույքից,որ կարող է պարգեւել այդ խաղալիքը։ Խաղալիքի հանդեպ ունեցած իմ պաշտամունքը պետք է անկեղծորեն խոստովանեմ՝ ամեն անգամ,երբ հեռուներից տուն եմ գալիս,ինձ հետ անպայման տուն եմ բերում որեւէ խաղալիք։
Ճանապարհին ինքնաթիռի ուղեւորները միշտ զարմանքով են նայում ինձ եւ թաքուն ծիծաղում՝ տեսնելով ինձ խաղալիքով հրճվելիս։ Պատահել է,որ այս կամ այն խաղալիքը կորել է,մեծ աղմուկ եմ բարձրացրել, տունը տակնուվրա եմ արել մինչեւ որ գտել եմ… Երեւի դա է պատճառը,որ մանկական աշխարհը շատ եմ սիրում, այն հարազատ է իմ հոգուն։ Երեխաների հետ կարող եմ ժամերով դիտել մուլտիպլիկացիոն կինոնկարներ եւ չձանձրանալ։
Շարունակելի