կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-05 17:57
Մշակույթ

Մհեր Մկրտչյան. հավերժական մենախոսություն. մաս 22

Մհեր Մկրտչյան. հավերժական մենախոսություն. մաս 22

Մի անգամ «Պաղտասար աղբար» ներկայացմանը Սունդուկյանի անվան թատրոնում ներկա է եղել Վիլյամ Սարոյանը,որը հանկարծ օթյակից բղավել է՝ ինչո՞ւ կխնդաք,ասիկա լալու բան է։ Դա մի անգամ եւս ապացուցեց,որ իմ փնտրումները ճիշտ ուղու վրա էին։ «Պաղտասար աղբարը» պետք է ներկայացնել իբրեւ ողբերգություն։ Այս տեսանկյունից էլ ես մոտեցա պիեսին նաեւ իբրեւ բեմադրիչ։ Հիմնականում պահպանելով Վարպետի՝ Աճեմյանի միզանսցենները,ես,իմ մեջ պահելով կատակերգությունը, մեկնաբանեցի  «Պաղտասար աղբարը» իբրեւ  ողբերգություն։ Իմ մոտեցումը միմիայն ողբերգության տեսանկյունից է,ինչը որ դասական ստեղծագործության բեմադրության պատմության մեջ առաջին անգամ էր։ Պաղտասարը բարի է,միամիտ։ Այդ մարդը համաշխարհային կերպար է,որովհետեւ խաբվելը եւ անարդարության զոհ գնալը ամեն մեկի գլխին կարող է գալ կյանքի զանազան իրադարձություններում։ Գիտակցաբար կամ նույնիսկ անգիտակ մարդը հաճախ Պաղտասար է կյանքում։ Ներկայացման մեջ իսկական մշտական տարրը ժամանակն է՝ աղճատված,այլասերված։ Այս տեսանկյունից այնքան էլ կարեւոր չէ Պաղտասարի պոլսեցի լինելը, հետաքրքրականը իր կերպարի ինքնությունն է՝որեւէ մարդ որեւէ տեղ… Իսկ մյուս կերպարները՝ դատաստանական խորհրդի անդամները,կանայք, արտաքուստ լուրջ մարդիկ են եւ ոչ թե խամաճիկներ, ժամանակն ու պայմաններն են,որ նրանց դարձնում են խնդալու չափ դատարկ։ Բոլոր կերպարները միջավայրի եւ ժամանակի զոհերն են։

Իմ մոտեցումը իրականացնելու համար անհրաժեշտ եղան եւ որոշ շեղումներ բնագրից։ Պարոնյանը որպես թատերագիր՝ Շեքսպիր չէ։ Իսկ Պաղտասար մարմնավորող դերասանի համար սուր վիճակները այնքան կուտակված են, որ շունչ քաշելու ժամանակ չկա։ Երբ ներկայացումը սկսվում է. Պատղասարը սրտաճաք վիճակի մեջ է, որովհետեւ գտած է,թե կինը սիրեկան մը ունի: Անմիջապես հետո կպարզվի,որ սիրեկանը իր բարեկամն է՝ Կիպարը։ Ավելի սուր վիճակ կստեղծվի,երբ շանտաժ կգործադրեն նրա դեմ։ Սողոմեն կմեղադրի նրան բռնաբարության,իսկ Անուշը՝ խեղդելու հանցանքի մեջ։ Կիպարը կփորձի պարտադրել իր բարոյականությունը։ Վիճակը եւս ավելի կսրվի,երբ դատաստանական խորհրդի անդամները նրան խենթ կճանաչեն եւ կստիպեն հաշտվել կացության հետ,նույնիսկ երբ Պաղտասարը կփաստի իր կնոջ անհավատարմությունը։

Այսպես Պաղտասարը անընդհատ բեմի վրա է։ Այդ բոլորը խաղալ եւ ավելացնել Մարթայի եւ Թագուհիի տեսարանները կամ Անուշի ծպտված երեւալը՝ մոլիերյան ոճի խախտումներն են։ Դրանից ելնելով՝ որոշ տեսարաններ մկրատվեցին։ Նաեւ անհրաժեշտ էր խտացնել գործողությունը,ժամանակավրիպումը սրբագրել,թուլությունը ամրացնել եւ այլն…

Այս բոլորը,ինչի մասին խոսում եմ,իմ մեկնաբանության սկզբունքներն են,սակայն ամեն մի ներկայացման հետ գոյանում է նոր բեմադրություն։ Ես չեմ պատկերացնում դերասանի աշխատանքը առանց իմպրովիզացիայի։ Լինում են աննշան փոփոխություններ,լինում են նաեւ էական… Այսպես,Մոնրեալում ներկայացման ժամանակ մտավ ու մնաց բեմադրության մեջ Պաղտասարի խաղը պարանի հետ։ Դա հնարավորություն է տվել ներկայացման վերջում խաղալ լռություն, պաուզա,որը դարձավ Պաղտասարի կերպարի զարգացման բարձրակետ։ Լոս Անջելեսում ներկայացումից հետո ինձ մոտեցավ 80 տարեկան մի մարդ՝ Ռիչարդ Բեյլին՝ հայտնի ամերիկացի բեմադրիչ,դերասան,թատերագիր,որ երկար ժամանակ Եվրոպայում է աշխատել այնպիսի մեծությունների հետ,ինչպիսիք են Ֆերնանդելը,Բուրվիլը,Բեկետը, Ուիլյամսը… Թարգմանչի միջոցով նա ասաց՝ ինչպե՞ս դուք լռեցիք,որ ես հասկացա։ Խնդրեցի,որ թարգմանեն նրան՝ ես լռեցի անգլերեն։ Հիացավ ու պատասխանեց՝ ես հասկացա հայերեն…

Ես անընդհատ կկրկնեմ,որ «Պաղտասար աղբարը» ինձ համար ողբերգություն է,իսկ կինոբեմադրիչ Գ. Մելիք-Ավագյանը նույն պիեսի հիման վրա նկարահանեց մյուզիքլ։ Ես մտածում եմ՝ այս կատակերգությունը այնքան հարուստ դասական ստեղծագործություն է,որ կարելի է այն բեմադրել իբրեւ օպերետ,ֆարս,դրամա,բալետ,երգիծաբանություն։

Պաղտասար աղբարից առաջ եւ հետո շատ դերեր եմ խաղացել Սունդուկյանի անվան թատրոնում՝ տարբեր տարիներին բեմադրված ներկայացումներում,նրանցից հիշում եմ Շիրվանզադեի «Նամուսը», «Պատվի համարը»,Սունդուկյանի  «Քանդած օջախը», «Խաթաբալան»,Լավրենեւի «Բեկումը»,Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է»-ն։ Բեմ եմ բարձրացել այնպիսի տարբեր կերպարներով,ինչպիսիք են Գվիդոնը (Ժորա Հարությունյան «Սրտի արատ»), Մերկուցիո  (Շեքսպիր «Ռոմեո եւ Ջուլիետ»),Եզոպոս  Գ. Ֆիգեյրեդու,«Աղվեսն ու խաղողը»)։ Իմ պրոֆեսորի՝ Վաղարշ Վաղարշյանի դուբլյորն էի,մեր կերպարները շատ տարբեր էին,եւ գիտեք,թե ինչո՞վ,նրանով,որ Վաղարշյանի Եզոպոսը Վաղարշյանինն էր,իսկ իմը իմն էր։ Երբեք չեմ մոռանա Ղազարին (Ժորա Հարությունյան, «Ղազարը գնում է պատերազմ») Սիրանո դը Բերժերակին։ «Նույն հարկի տակ» Գ. Բորյանի պիեսի մեջ բոլորովին անխոս դեր եմ խաղացել,որի համար նույնիսկ մրցանակի եմ արժանացել։ Բոլորը չես էլ հիշի։ Բայց բոլոր դերերս սիրում եմ,թերի կամ անթերի՝ նրանք իմն են,ավելին,երբ կերպարը լիարժեք չի ստացվում ինչ-որ կարեկցանք է առաջանում իմ մեջ նրա նկատմամբ,որը հետո փոխարինվում է սիրով, չէ՞ որ նրանք բոլորը իմ զավակներն են,հաճախ խոսում եմ ինձ հարազատ,խաղացած կամ չխաղացած կերպարներիս հետ։ Հաճախակի հանդիպում եմ իմ վաղեմի բարեկամին՝ Սիրանո դը Բերժերակին։ Վերջերս նա փոքր-ինչ շփոթված էր,ես նրան ասացի՝ սինյոր,այ, եթե դու ուրիշ կերպ ապրեիր,այժմ կունենայիր ե՛ւ փառք,ե՛ւ պատիվ,- բայց ի՞նչ միջոցով։

Դժվար է այսօր նկարագրել բոլոր այն զգացումները, որոնք ապրում էի ռուս բեմադրիչ Մորոզովի հետ «Սիրանո դը Բերժերակը» բեմադրելու ժամանակ։

Շարունակելի