կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-12 20:40
Տնտեսական

Փաշինյանին «ֆռռացրել են». Ձկնարտադրողների ասոցիացան սխալ է համարում քննարկումների ուղղությունը

Սոցիալական բունտ է կանխատեսում Ձկնարտադրողների և ձկնարտահանողների ասոցիացիան. Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասոցիացիայի նախագահ Արթուր Աթոյանը մտահոգություն հայտնեց, որ ՀՀ կառավարությունում այս ոլորտի բարեփոխման մասին քննարկումները սխալ ուղղությամբ են ընթանում:

Նա հավաստիացրեց, որ 1 լիտր ջրի հաշվով տարեկան 700 կգ իշխան, 800 կգ թառափ ծավալ սահմանելը ոչ միայն որևէ գրամ ջուր չի խնայելու, այլև հարվածելու է  փոքր և միջին ձկնաբուծությանը՝ սպառնալով մենաշնորհացնել ոլորտը:

«Աշխարհում չկա այնպիսի մեթոդաբանություն, որ ծախսված ջրին համարժեք պետք է ձուկ արտադրվի: Ընդհակառակը՝ կա միջոցառումների շղթա, երբ մարդը ստիպված է քիչ ջուր ծախսել շատ արտադրանք տալու համար, որպեսզի արտադրանքի ինքնարժեքը իջեցվի: Իսկ եթե մենք ասում ենք այսքան ջուր ես ծախսել, ուրեմն պետք է քո արտադրանքը կազմի այսինչ քանակությունը՝ սա խոշորներին է ձեռնտու»,-ասաց նա:

Հենց խոշորներն էլ ուղղորդում են կառավարությանը ա՛յդ ուղղությամբ տանել քննարկումները, քանի որ կառավարության հետ աշխատող ակտիվ դերակատարները սեփական խոշոր ձկնաբուծարաններ ունեն՝ ասում են մանր ձկնաբուծարանների սեփականատերերը:

«Վարչապետին ֆռռացրել են, ասել են` այդպես կարելի է պայքարել անապատացման դեմ, բնապահպանական խնդիր լուծել, այնինչ` այդ մեթոդաբանությամբ նույնքան ջուր է ծախսվում, փոխարենը փոքր ու միջին ձկնաբույծները դառնում են գործազուրկ, և սոցիալական խնդիրը սրվում է»,- ասացին նրանք:

Փոքր և միջին ձկնարտադրողներն ի վիճակի չեն մեծ ներդրումներ անել, տեխնիկական հագեցվածություն ապահովել, որպեսզի ջրի շրջապտույտ ապահովեն և քիչ ջրով շատ արտադրանք տան:

Բացատրում են, թե ինչու. «Որովհետև մեկ խորքային հոր ունի՝ ցածր ջրատվությամբ, նա ընդամենը օրվա հացի խնդիր է լուծում՝ գոյատևման խնդիր, մեծ շուկայական հարաբերությունների մեջ լուրջ դերակատար չի հանդիսանում, նա նվազ հզորություն ունի, նրան պետք է մենք խնայենք, խնամենք, փաղաքշենք, գուրգուրենք, որպեսզի չդադարեցնի իր գործունեությունը, ոչ թե այսպիսի միջոցառումներով հաշվի չառնենք փոքր և միջինի շահը»:

Նրանց օգտագործած ջրի ծավալն այնքան քիչ է, որ նույնիսկ երկրի ջրի պաշարների վրա բացասական ազդել չի կարող, նրանք ընդամենը գոյատևում են և մի քանի աշխատատեղ են ապահովում:

Կառավարությունը, որն այդ քանակի սխալներ է անում, հեղինակազրկվում է՝ զգուշացնում են ձկնարտադրողները:

Մանրամասները՝ տեսանյութում.