Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2017-ի վերջին բյուջեի ներկայացման ժամանակ, երբ Վարդան Արամյանն էր ֆինանսների նախարար, բերեցին նոր տրամաբանություն՝ հարկաբյուջետային կանոնը, որով արդեն սահմանափակում էր դրվում արտաքին պարտքի ներգրավման վրա, բայց, ի հակակշիռ դրան, կապիտալ ներդրումների ծավալն էապես մեծանում է. այսօր խորհրդարանում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Նա նշեց. «Բայց այն ծավալը, որ նախատեսված էր 2018-ի կապիտալ ներդրումների ավելացման համար, ճիշտ այդ ծավալով թերակատարվել է՝ 80 մլն դոլար: Չգիտեմ` սա համընկնո՞ւմ է, թե՞ տրամաբանություն կա»:
Մելքումյանի համոզմամբ` եթե երկրում քաղաքացին պահանջում է անվտանգություն, արդարություն և աշխատանք, ապա կոնկրետ բյուջեի կատարողականի մասով պահանջվում է արդյունավետություն, արտադրողականություն, ինչպես նաև շահութաբերություն։
«Ես այդպես էլ չտեսա, որ կապիտալ ներդրումների տնտեսական կամ սոցիալական արդյունավետությունը համակողմանի ներկայացնեք։ Սրա մասին՝ զրո տեղեկատվություն, մենակ ասել եք` արտահանելի ոլորտում 8%-ով շահութաբերությունն ավելի ցածր է, քան մյուս ոլորտում, բայց ոչ մի խոսք, թե ինչպես է համադրվում ներքին շուկայի խնդիրների հետ»,- ասաց նա։
Մելքումյանն անդրադարձավ նաև արտահանումների քանակի հարցին: Նա մասնավորապես շեշտեց, որ հունվարին արտահանումը կրճատվել է 16,2%-ով, փետրվարին՝ 8,2%-ով, մարտին՝ 2,2%-ով, ապրիլին աճել է 9,9%-ով: «Ընդհանուր 4,1% արտահանման անկում ունենք չորս ամիսներին, ընդ որում՝ մարտ-ապրիլ ամիսներին արտահանման թվերը բացարձակ թվերով նույնն են՝ 207 մլն դոլար, այսինքն՝ սա նշանակում է` բազան կրճատվել է, քանի որ հեղափոխության բազան սկսել է կրճատվել»,- պարզաբանեց պատգամավորը` միևնույն ժամանակ ընդգծելով, որ այս պահին չունենք ներդրումների ընդունման հստակ համակարգ։
Նա նշեց, որ խոշոր ներդրողները գալիս են, հանդիպում վարչապետի, նախարարների, փոխնախարարների հետ և դուրս գալիս, քանի որ հստակ չէ, թե ներդրումներն ինչ մեխանիզմներով են կատարվում։ «Պետք է օրենքով ընդունվի ներդրումներ ընդունելու, նաև մերժելու պատասխանատվությունը, ոչ թե քննարկեն, դուրս գան, ու այդպես էլ ճակատագիրը չիմանանք»,- կարծիք հայտնեց ԲՀԿ-ական պատգամավորը: