կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-05 17:29
Հասարակություն

Ստարթափերի ստեղծում, գրադարանների թվայնացում. ֆրանսահայ գործարարը ներդրումներն ուղղելու է ՏՏ ոլորտ

Ստարթափերի ստեղծում, գրադարանների թվայնացում. ֆրանսահայ գործարարը ներդրումներն ուղղելու է ՏՏ ոլորտ

Ֆրանսահայ գործարար, MUSCARI ասոցացիայի նախագահ, «Ֆինեկո» ինժեներական կազմակերպության հիմնադիր Մանուել Մանուկ Փամոկջյանի աջակցությամբ հաջորդ տարի Հայաստանում երկու գրադարան կթվայնացվի: Այս մասին Լիոնում Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Փամոկջյանը:

Ըստ նրա` հայաստանյան երկու գրադարաններում նախատեսվում է կիրառել Լիոնի գրադարանի փորձը, որը Google-ի հետ համատեղ թվայնացրել է ամբողջ գրադարանը: «Մենք արդեն իսկ համագործակցում ենք Ազգային գրադարանի և Խնկո-Ապոր ազգային մանկական գրադարանի հետ»,- հայտնեց գործարարը:

Փամոկջյանը նշեց, որ շատ ծրագրեր կան, որոնք հիմնականում կապված են երիտասարդների հետ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում զարգացած են ճշգրիտ գիտությունները, նա փորձել է ներդրումներն ուղղել հենց այդ բնագավառի զարգացմանը:

Գործարարի ուշադրության կենտրոնում է մասնավորապես «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը: «Հայաստանում ես միշտ աշխատել եմ քաղաքացիական հասարակության և երիտասարդների հետ: Մեր խնդիրն է համագործակցել «Թումո»-ի հետ, որպեսզի նպաստենք Հայաստանում ստարթափերի ստեղծմանը և առաջխաղացմանը։ Այս ամենը ցանկանում ենք իրագործել ֆրանսիական փորձի և գիտելիքների փոխանցման միջոցով»,- ասաց նա:

Անդրադառնալով հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերություններին` Փամոկջյանը մտահոգություն հայտնեց, որ այս ուղղությամբ զարգացման միտում չի նկատվում: «Ֆրանսիայից դեպի Հայաստան ներդրումների շարժը նվազել է: Հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերություններում ես չեմ տեսնում բավականին մոտիվացիա, էներգիա»,- ասաց նա՝ ցավով արձանագրելով, որ բավականին մեծ ֆրանսիական ընկերություններ հեռացել են Հայաստանից. «Ինչպես գիտենք` Հայաստանից հեռացավ ֆրանսիական «Orange» ընկերությունը: Այնքան էլ լավ չեն նաև «Քարֆուր»-ի գործերը»:

«Հայաստանում խոշոր բիզնեսում գործ ունենք հայաստանյան օլիգարխների հետ: Դա է պատճառը, որ մենք համագործակցում ենք փոքր և միջին ձեռնարկությունների, ստարտափների հետ: Մենք վստահում ենք երիտասարդներին»,- ասաց գործարարը և հավելեց. «Երիտասարդներն են, որ պետք կառուցեն Հայաստանի ապագան, դրա համար մենք պատրաստ ենք օգնել նրանց»:

Մանուել Փամոկջյանը մեզ հետ զրույցում խոսեց նաև իր ղեկավարած MUSCARI ասոցացիայի ծրագրերի մասին: «Ասոցիացիայի խնդիրն է Ֆրանսիայում և եվրոպական մյուս երկրներում ցուցադրել հայկական մշակույթը, քանի որ այստեղ մարդիկ տեղյակ չեն հայկական մշակույթից: Մյուս կողմից` մեր նպատակն է ներկայացնել Ֆրանսիան և ֆրանկոֆոն մշակույթը Հայաստանում»,- ասաց նա:

Նշենք, որ վերջին 5 տարիների ընթացքում Փամոկջյանն ու նրա ընտանիքը մեծ ներդրումներ են իրականացնում Գյումրիում՝ միջոցներ ուղղելով Գյումրու պատմական-ճարտարապետական կառույցների վերականգնմանը:

Փամոկջյանը նաև «Հրանտ Դինք» հիմնադրամի անդամ է: Այս տարիներին նրա նախաձեռնությամբ հայապահպանման ու Ցեղասպանության ճանաչմանը նվիրված տարբեր միջոցառումներ են անցկացվել ներկայիս Թուրքիայում գտնվող հայկական տարբեր քաղաքներում: