Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վառելիքի գնի, իսկ առավելապես՝ բենզինի եւ հեղուկ գազի գնի անհավանական բարձրացումը բողոքի ալիք է հասունացրել։ Գազալցակայաններում պատասխան չունեն այն հարցին, թե ինչպես եղավ, որ հեղուկ գազի գինը 160 դրամից դարձավ 280 դրամ։
Տնտեսագետ, ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադեւոս Ավետիսյանը Yerkir.am-ի հետ զրույցում շեշտում է՝ տրամաբանական բացատրություն չկա, բարձր շահույթ ապահովող ոլորտ է, հարստանալու հնարավորություն կա, ինչո՞ւ չօգտվել։
«Քաղաքական խմբակը լիուլի օգտվում է գերշահույթ ապահովող, մենաշնորհային դիրքը չարաշահող ոլորտներից։ Վայրենի կապիտալիզմի մեջ չենք, որ ամեն ինչ որոշեն տնտեսվարողները՝ ուզեն՝ բերեն, ինչ գին ուզեն՝ սահմանեն։ Դրա համար ստեղծվել է ՏՄՊՊՀ-ն, եւ նրա գործառույթն է պարզել՝ ունի՞ այս գնաճը որեւէ հիմք։ Ամենամտահոգիչն այն է, որ պետական մարմինը, որը բոլորիս հարկերից ստանում է աշխատավարձ, չի արձագանքում այս երեւույթին, չի իրականացնում կանխարգելիչ միջոցառումներ»,- պարզաբանում է տնտեսագետը։
Ավետիսյանը վառելիքի գնի աննախադեպ աճը պայմանավորում է գերիշխող դիրքի չարաշահմամբ։ «Ներկրողներից մեկի՝ հայտնի գործարար, ՔՊ-ական Խաչատուր Սուքիասյանի «Run oil» ընկերության՝ շուկայում հայտնվելուց հետո իշխանությունները փորձեցին գեղեցիկ փաթեթավորված ցույց տալ՝ տեսեք բենզինի գինը նվազել է, իսկ փաստն այն է, որ շատ կարճ ժամանակ անց կրկին համատարած նույն գինը դարձավ։ Երբ մտավ շուկա, ղեկավարությունը ասաց՝ հիմա ականատես կլինենք մրցակցության, գնանկման, մենաշնորհային շուկայի փոխարեն կունենանք ազատ մրցակցություն, եւ դա կբերի իր տնտեսական արդյունավետությունը։ Մենք տեսանք թատրոն, մի կարճ ժամանակահատված գնային տարբերություն եղավ, որից հետո համահարթեցվեցին գները, եւ աճի տեմպերը շարունակվում են»,- նշում է տնտեսագետը՝ հավելելով՝ բավականին բարձր տեմպերով աճում են հեղուկ գազի, բենզինի, դիզվառելիքի գները, եւ սա այն դեպքում, երբ ունենք դրամի արժեւորում։
Ըստ նրա՝ հեղուկ գազի գնի թանկացումը տարբեր պետական մարմիններ հիմա էլ բացատրելու են միջազգային շուկաներում թանկացմամբ։ Ո՛չ բենզինի, ո՛չ էլ դիզվառելիքի մասով այդպիսի թանկացում միջազգային շուկայում, ըստ Ավետիսյանի, չկա։
«Փոխարենը կրկնակի արագ գները բարձրանում են Հայաստանում։ Ի՞նչ է նշանակում, որ չկա գազ, միանգամից դեֆիցիտ ստեղծվեց, գները բարձրացան։ Որպես կանոն՝ մեր երկրում վերջին շրջանում ամեն ինչի գներն արագ աճում են։ Գերիշխող դիրքի չարաշահման օրինակ է։ Տրամաբանական բացատրություն չկա, շատ պարզ բանի մասին ենք խոսում․ ներմուծվող ապրանքը գնում ենք կայուն արժույթով՝ դոլարով, հիմա դրամը արժեւորվել է։ Եթե նույնիսկ միջազգային շուկայում գնաճ կա, այն չի կարող անմիջապես ազդել մեր շուկայի վրա։ Խմբաքանակը գնում են, մոտ 6 ամիս մատակարարվում է, հետո մյուս խմբաքանակն են ներմուծում»,- մեկնաբանում է տնտեսագետը։
Մանրամասները դիտեք տեսանյութում։
Լիանա Սարգսյան