Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազգային ժողովն այս օրերին կրկին վերածվել է օլիմպիական մարաթոնի. Նիկոլ Փաշինյանի կողմից երեկ հայտարարված աննախադեպ ռեկորդներից հետո, այսօր նոր ռեկորդների մասին արձանագրումներ է արել նախարար Վահան Քերոբյանը:
«Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալն առաջին անգամ կազմել է 1 միլիարդ դոլար»,- Ազգային ժողովում բյուջետային քննարկման ժամանակ հայտարարել է էկոնոմիկայի նախարարը:
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը 168.am-ի հետ զրույցում նախարարի այս բարձրագոչ հայտարարությունը պարզաբանեց հենց պաշտոնական վիճակագրության համատեքստում՝ նկատելով, որ իրական հատվածում ներդրումները նվազել են:
«Պաշտոնական վիճակագրությամբ 2022 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների ընդհանուր թիվը, 2021 թ. համեմատ, նվազել է 12.1 միլիարդ դրամով: Ուղղակի ներդրումներն աճել են 53 միլիարդ դրամի չափով, որը հիմնականում ապահովել են գազամատակարարման և էներգետիկ համակարգերը՝ «Գազպրոմը», ՀԷՑ-ը:
Այս երկու հիմնական ձեռնարկություններն են, որոնք ուղղակի ներդրումներ են բերել ՀՀ իրական հատված (ֆինանսական հատվածում, օրինակ՝ բանկերը կարող են իրենց ակտիվներն ավելացնել, բայց իրական հատվածը, որն ապահովում է տնտեսության համար կենսական նշանակության ապրանքների, ծառայությունների մատուցումը, այս իրավիճակում են)»,- մանրամասնեց տնտեսագետը:
Սուրեն Պարսյանն արձանագրեց նաև, որ կառավարությունը 2022 թվականի ընթացքում ձախողել է վերամշակման, արդյունաբերության ոլորտում ներդրումային քաղաքականությունը:
«Այս դեպքում ևս բավականին լուրջ անկումներ ունենք. օրինակ, խմիչքի արտադրության դեպքում՝ օտարերկրյա ներդրումները նվազել են 1.3 միլիարդ դրամի չափով, բուսաբուծության, անասնաբուծության ոլորտում՝ մոտ 3.2 միլիարդ դրամով, նույնիսկ հանքարդյունաբերության ոլորտում են ուղղակի ներդրումները նվազել 11 միլիարդ դրամի չափով:
Այսինքն՝ ունենք մի իրավիճակ, որ օտարերկրյա ներդրումներն իրական հատվածում կրճատվել են: Երբ Քերոբյանը հայտարարում է այդ թիվը, նկատի ունի բոլոր տեսակի ծախսերը. ենթադրենք՝ Համաշխարհային բանկը, Արժույթի Միջազգային հիմնադրամը ՀՀ-ում ֆինանսավորում է ճանապահի կառուցում, դա ինքը դիտարկում է օտարերկրյա ներդրում: Բայց մենք պետք է խոսենք իրական հատվածում ներդրումների մասին, որտեղ ունենք մտահոգիչ իրավիճակ և որով պետք է զբաղվեր հենց էկոմոնմիկայի նախարարությունը»,- նշեց նա:
Քանի որ այս օրերին սա միակ ցուցանիշը չէր, որ փողփողում էին կառավարությունից, տնտեսագետից հետաքրքրվեցինք նաև Նիկոլ Փաշինյանի մատնանշած «ռեկորդների» մասին՝ երկնիշ տնտեսական աճ, գործազրկության կրճատում, հիփոթեքային վարկի գծով շահառուների թվի աճ և այլն:
Արձանագրելով երկնիշ տնտեսական աճն ու դրանից բխող տնտեսական միտումները՝ ի պատասխան՝ մեր զրուցակիցը հիշեցրեց, որ դրանք պայմանավորված են հիմնականում արտաքին գործոններով և, մասնավորապես, ռուս-ուկրաինական հակամարտությամբ:
«Մեծ քանակությամբ տրանսֆերտներ են գալիս Հայաստան. անցյալ տարի՝ մոտավորապես 5.2 միլիարդ դոլարի չափով, այս տարի՝ միջինը ամսական 600-700 միլիոն դոլարի չափով տրանսֆերտներ, որոնք խթանում են ծառայության, առևտրի ոլորտները: Հենց այս երկու ոլորտներն են հիմնականում ապահովում մեր տնտեսական աճը (անցյալ տարի տնտեսական աճի 12.6 տոկոսի 9.3 տոկոսն այս ոլորտների աճն էր):
Իսկ արդյունաբերության, գյուղատնտեսության ոլորտները, որոնց զարգացումը կարող է ՀՀ տնտեսության համար ապահովել որակական փոփոխություններ, կենսամակարդակի էական բարելավում, բավականին հետ են մնում:
Կառավարությունը, անուշտ, իրավունք ունի այս բարձր տնտեսական ցուցանիշներն իրեն վերագրել, քանի որ ինքն է պատասխանատու, բայց հետագայում, երբ այդ արտաքին գործոնները վերանան, և մենք ունենանք 2009 թվականի նման մեծ ճգնաժամ, դրա համար ևս պետք է պատասխանատվություն կրեն ու այդ ժամանակ չհիշեն, որ դա արտաքին գործոններով է պայմանավորված, և իրենցից կախված չէ:
Իսկ այդ ճգնաժամը ուշ թե շուտ գալու է, երբ ռուսների հոսքը դադարի, երբ տրանսֆերտների հոսքը դադարի»,- ամփոփեց Սուրեն Պարսյանը:
Աղբյուրը՝ 168.am