Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երկուսուկես տարի է անցել 21-ամյա երիտասարդի մահվան պատճառ դարձած վրաերթի դեպքից: Հետիոտն Հրայր Զաքարյանը վրաերթի էր ենթարկվել 2015թ. նոյեմբերի 26-ին` ժամը 21.50-ի սահմաններում, Երևան քաղաքի Գ. Չավուշ փողոցում և հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել:
Yerkir.am-ի խմբագրությանը դիմած` տուժածի մայրը` Զարուհի Մակարյանը, պնդում է, որ այս գործով որևէ տեղաշարժ չկա: Նրա խոսքով` մինչ օրս վրաերթի ենթարկած անձը դեռ պատասխանատվություն չի կրել:
Հիշյալ դեպքն առանձնանում է նրանով, որ հետիոտնը վրաերթի է ենթարկվել երկու ավտոմեքենայի կողմից: Համաձայն քննության տվյալների` տուժողին նախ հարվածել է «Ռենջ-Ռովեր» մակնիշի ավտոմեքենան, որի վարորդը դեպքից հետո դիմել է փախուստի, ապա` «Օպել» մակնիշի ավտոմեքենան։ Պարզվել է «Ռենջ-Ռովեր» մակնիշի ավտոմեքենայի համարանիշը, հայտնաբերվել` մեքենան։ Տուժողի մոր խոսքով` «Ռենջ-Ռովեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդն իր ունեցած կապերի շնորհիվ խուսափել է պատասխանատվությունից, արդյունքում` ամբողջ մեղքը բարդել են «Օպել» -ի վարորդի վրա, ով էլ անհասկանալի պայմաններում փոխել է նախկինում տված ցուցմունքը:
Տուժողի մոր խոսքով` թեև կատարվածն անզգուշություն է եղել, սակայն իր համար ցավալի է այն հանգամանքը, որ վրաերթից հետո «Ռենջ-Ռովեր»-ի վարորդը ոչ միայն օգնություն ցույց չի տվել իր տղային, այլև դիմել է փախուստի:
Նշենք, որ հիշյալ գործը ներկայումս քննվում է Երևան քաղաքի քննչական վարչության քննիչ Տոնոյանի վարույթում: Գործով հսկողություն է իրականացնում դատախազ Ստեփանյանը:
Yerkir.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան, ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ այս գործով 2017 թվականի փետրվարին մեղադրանք է առաջադրվել «Օպել» մակնիշի մեքենայի վարորդին` օրենսգրքի 242 հողվածի 2-րղ մասով, նրա նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը։
Տուժողի մոր խոսքով` գործը քննող նախկին քննիչը` Գասոյանը, թեև սկզբնական փուլում պատշաճ ջանասիրություն է ցուցաբերել գործը բացահայտելու ուղղությամբ, սակայն հետո սկսել է գործը դեպի փակուղի տանել: «Քննիչը Գասոյանը մեզ համոզում էր հաշտվել «Օպելի» վարորդի հետ, սակայն այդ վարորդը դեպքից հետո չի էլ փորձել կապ հաստատել մեզ հետ կամ ընդունել իր մեղքը: Նա պնդում է, որ ինքը երկրորդն է հարվածել և մեղավոր չէ տղայիս մահվան մեջ: Սակայն փորձաքննությամբ տղայիս հագուստների վրա երկու մեքենաների հետքերն էլ հայտնաբերվել են»,- մեզ հետ զրույցում նշեց Զարուհի Մարկոսյանը:
Խոսելով նախաքննության ընթացքի մասին, տուժողի մայրը նշեց, որ անհասկանալի պատճառներով գործը ձգձգվում է: Զարուհի Մարկոսյանը դժգոհեց, որ գործով արդեն երրորդ փորձաքննությունն է նշանակվել, որի պատասխանները մինչ օրս չեն ստացել:
ՀՀ քննչական կոմիտեից մեզ հայտնեցին, որ քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դիակի դատաբժշկական, մեքենաների տեխնիկական վիճակների հետ կապված դատաավտոտեխնիկական, դատահետքաբանական, դատաքիմիական, մանրաթելային համալիր փորձաքննություններ, որոնց եզրակացություններով հստակեցված չեն հետիոտնին պատճառված մարմնական վնասվածքների առաջացման մեխանիզմը։ «Հրայր Զաքարյանին երկու մեքենաների կողմից վրաերթի ենթարկելու հանգամանքը պարզելու համար նշանակվել է լրացուցիչ դատահետքաբանական, դատաքիմիական, դատաբժշկական դատաավտոտեխնիկակաև համալիր փորձաքննություն»,- ասված է մեզ ուղարկված պատասխանում:
Որդեկորույս մայրը հույս ունի, որ գոնե լրացուցիչ փորձաքննությունից հետո գործը չի մտնի փակուղի, այլ կոնկրետ անձը կամ անձինք պատասխանատվություն կկրեն իրենց կատարած արարքի համար:
Թագուհի Մելքոնյան