կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-24 20:00
Քաղաքական

Անունները փոխելուց ինչ-որ բան չեմ ակնկալում. Միքայել Մելքումյան

Անունները փոխելուց ինչ-որ բան չեմ ակնկալում. Միքայել Մելքումյան

Անունները փոխելուց ինչ-որ բան չեմ ակնկալում, կարևորը բովանդակությունն ու գործառույթներն են. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը` անդրադառնալով նախարարությունների փոխված անվանումներին: «Կարևորը բովանդակությունը և գործառույթներն են: Չնայած անուններն էլ են կարևոր. այնտեղ, որտեղ նախարարությունների անունները ենթադրում են, որ  ապագայում ներդրողները, շահառուները ուղղորդվելու են դրանով, այսինքն` անվանումը ուղղորդելու է` դրական առումով, այդտեղ համաձայն եմ»,- նշեց մեր զրուցակիցը:

Մելքումյանը նորմալ համարեց, որ էկոնոմիկայի նախարարությունը դառնում է ներդրումների և ձեռնարկատիրությանն աջակցման նախարարություն: «Պետք է ուղղակի հասկանալ` ի՞նչ գործառույթներ են այդտեղ տեղի ունենալու»,- ասաց նա` հավելելով, որ կցանկանար, որ ներդումների պաշտպանության առանձին կառույց լիներ:

Ինչ վերաբերում է էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը, ըստ պատգամավորի` վատ է, որ մինչև հիմա ենթակառուցվածքները չեն մտել նախարարության ֆունկցիաների մեջ: «Ենթակառուցվածքներ` նշանակում է սպասարկող համակարգ: Ենթակառուցվածքները ոչ թե արտադրությունն է, այլ սպասարկող կառույցներն են, ասենք` էներգետիկ հզորությունները: Լավ է, որ ավելանում են»,- շեշտեց Մելքումյանը:

ՏՏ-ն էկոնոմիկայի նախարարության ոլորտում էր, սակայն հիմա անցնում է տրանսպորտի և կապի նախարարությանը: Այդ կապակցությամբ մեր զրուցակիցը նշեց. «Եթե շղթան ամբողջականանում է, ապա կարելի է դիտարկել, բայց ես չեմ ուզում շտապել, շատ բաներ ասել, պետք է նայել դրանց հիմնավորումներին»:

Ինչ վերաբերում է քաղաքաշինության նախարարությանը, Մելքումյանն ասաց, որ նախկինում նման բան եղել է: «Քաղաքաշինության մասով նախկինում եղել է նման մի բան: Ռոմեո Ջուլհակյանը եղել է քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ, խոսքը 90-ական թվականների սկզբի մասին է»,- նշեց նա` հավելելով` եթե խոսքն այն մասին է, որ մենք հատուկ նախարարություն չունենանք, որովհետև ծավալով ավելի փոքր է, բայց գործառույթը չգիտես` որն է, ուրեմն պետք է քննարկել:

Վերջում պատգամավորը նշեց, որ ինքը կողմնակից է, որպեսզի մեր նախարարությունները ավելի մեծ շղթա կարողանան իրենց մեջ ընդգրկել, և որ միջգերատեսչական բախում չլինի:  Նա հավելեց, որ տեղեկացված չէ պաշտոնական հիմնավորումներին: