Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դատարանների մուտքերը փակելու` ՀՀ վարչապետի կոչին հաջորդած միջազգային արձագանքները հիմնականում դրական են եղել: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Հայաստանում դեռևս անցած տարի մայիսին սկսված հեղափոխությունը, կարելի է ասել, մտել է երրորդ փուլ: Առաջին փուլում գործադիր իշխանությունում հեղափոխություն տեղի ունեցավ, երկրորդ փուլում` օրենսդիր մարմնում, և կարելի է ասել, որ փորձը ցույց է տալիս՝ երրորդ փուլի անհրաժեշտություն կա՝ դատական համակարգում հեղափոխություն անցկացնելու և ամբողջությամբ այն համապատասխանեցնելու համար: Կարծում եմ՝ ակցիան ծառայել է իր նպատակին, և ավելի ակտիվ խոսակցություններ են սկսվել այս ոլորտում բարեփոխումներ կատարելու մասին: Ստացել ենք միջազգային հանրության կողմից աջակցության մեսիջներ: Համոզված եմ, որ շուտով մենք կունենանք բարեփոխումներ այս ոլորտում»,- պնդեց նա:
Հարցին՝ ի՞նչ զգացումներ ուներ Արցախում` Սերժ Սարգսյանի կողքին կանգնած, երբ մեկ տարի առաջ նրան մերժում էր, Գրիգորյանն արձագանքեց. «Ես նրա կողքին չէի կանգնած, միջոցառում էր, որին երկուսս էլ ներկա էինք: Բնականաբար, զգացողությունները ոչ ստանդարտ էին: Նրա ձեռքը չեմ սեղմել»:
Պատասխանելով մեկ այլ հարցի՝ վարչապետի ակնարկած դավադրությունն արտաքին ուժերի՞ կողմից է նախատեսվում, թե՞ ներքին, ԱԱԽ քարտուղարը պատասխանեց. «21-րդ դարում դավադրության ներքինն ու արտաքինը տարանջատելը մի քիչ դժվար է, որովհետև դրանք որոշակի չափով փոխկապակցված են, կարելի է և՛ արտաքին դիտել, և՛ ներքին: Շատ հաճախ ներքին գործընթացներն արտաքին ազդեցություն են ունենում, այդ առումով շատ բան ասելու անհրաժեշտություն չկա այս պահին, ինչ կարողացել ենք, ասել ենք»:
Հարցին՝ իսկ արդարացա՞ն ԱՄՆ այցից Ձեր սպասելիքները, Արմեն Գրիգորյանը, ընդհանուր առմամբ, այն դրական գնահատեց. Սպիտակ տանը հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ օգնական Ֆիոնա Հիլլի հետ, որի հետ խոսել են հայ–ամերիկյան հարաբերությունները զարգացնելու, գոյություն ունեցող հնարավորություններն ավելի արդյունավետ օգտագործելու շուրջ։
«Միացյալ Նահանգների կողմից պատրաստակամություն կա ՀՀ–ում բարեփոխումներին աջակցելու, մասնավորապես` ոստիկանությունում կատարվող բարեփոխումներին։ Բացի այս` հնարավորություն է եղել հանդիպելու հայ համայնքի հետ, եղել եմ Կալիֆոռնիայում, այնտեղ «Ինովեյթ Արմենիա» միջոցառումն է եղել, որի շրջանակներում հնարավորություն է եղել համայնքի հետ համագործակցությունն ավելի ակտիվացնելու: Արդյունքները շուտով տեսանելի կլինեն»,- մանրամասնեց նա:
Արմեն Գրիգորյանը տեղեկացրեց, որ ԼՂ հարցը չի քննարկվել, բայց Սպիտակ տանը ևս մեկ անգամ կարևորել է ԱՄՆ-ի դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի և խաղաղությանն աջակցող երկրի:
Նա անդրադարձավ նաև վարչապետի այն կոչին, որ պետք է ԱԺ-ում քննիչ հանձնաժողով ստեղծել՝ քննելու համար ապրիլյան պատերազմի բոլոր հանգամանքները: Ըստ Գրիգորյանի՝ մինչև 2016 թվականի ապրիլը Հայաստանում կարծիք կար, որ գոնե անվտանգության հարցում մենք մեծ խնդիրներ չունենք, բայց ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ մենք ունենք այդպիսի խնդիրներ, որոնք լուրջ են:
«Հանձնաժողովի հետաքննությունը հնարավորություն կտա բարձրացնելու այն բոլոր խնդիրները, որոնք եղել են ապրիլյան պատերազմի ընթացքում, լուծում տալու դրանց և այնպես անելու, որ հետագայում այլևս չհայտնվենք այդ իրավիճակում: Այսինքն՝ դա ավելի շատ նպատակ ունի, որ մենք կարողանանք բարձրացնել մեր պաշտպանողական և անվտանգության համակարգերի արդյունավետությունը, որ ունենանք առավել լավ անվտանգության համակարգ»,- եզրափակեց ԱԱԽ քարտուղարը: