կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-27 13:22
Քաղաքական

Մենք էլ պետք է այնպիսի բանաձևեր առաջարկենք, որ ԵԽԽՎ-ի համար դժվար լինի դրանք մերժելը. Կիրո Մանոյան

Մենք էլ պետք է այնպիսի բանաձևեր առաջարկենք, որ ԵԽԽՎ-ի համար դժվար լինի դրանք մերժելը. Կիրո Մանոյան

Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանն անդրադարձավ ԵԽԽՎ-ում հակահայ զեկույցների քվեարկությանը և դրանց ազդեցությանը: Հիշեցնենք, որ երեկ ԵԽԽՎ-ն քննարկեց երկու հակահայ զեկույցներ, որից մեկը՝ բրիտանացի Ռոբերտ Ուոլթերի հեղինակած` «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում»  զեկույցը մերժվեց, մյուսը՝ բոսնիացի Մելիցա Մարկովիչի հեղինակած` «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից»  զեկույցն ընդունվեց:

Լրագրողների հարցին` արդյո՞ք երկրորդ հակահայ զեկույցի ընդունումը չի ազդի ԵԱՀԿ ՄԽ աշխատանքների արդյունքի վրա, Կիրո Մանոյանը պատասխանեց, որ եթե Ադրբեջանն է նման բանաձևեր առաջ քաշում, և Ադրբեջանի նախագահն է հայտարարում, որ Հայաստան-Ադրբեջան նախագահների հանդիպումն անիմաստ է, ուրեմն  բանակցություններից հաջողություն ակնկալելու հիմքեր չկան:

«Զեկույցի ընդունումը կխոչընդոտի այնքանով, որ երբ Ադրբեջանը տեսնի, որ հաջողության է հասնում ԼՂ հարցն այլ ատյաններ տեղափոխելու ջանքերի մեջ, միշտ էլ դա կշարունակի անել: Իհարկե, Ադրբեջանը ապտակ ստացավ Ուոլթերի զեկույցի մերժումով: Մենք իսկապես պետք է վերանայենք մեր աշխատաոճը: Ավելորդ չի լինի ասել, որ լավագույն պաշտպանությունը հարձակումն է. մենք էլ պետք է այնպիսի բանաձևեր առաջարկենք, որ ԵԽԽՎ-ի համար դժվար լինի դրանք մերժելը: ԼՂ հիմնահարցի կարգավորման վրա այս զեկույցի ընդունումը չի կարող ազդել, ԵԽԽՎ-ն չի կարող որևէ մեկին ինչ-որ բան պարտադրել, բայց նաև ճիշտ չէ ասել, թե զեկույցի ընդունումը օրենքի ուժ չունի և այլն: Եթե նման հակահայ զեկույցներ ընդունվեն, ապա, գումարվելով իրար, կարող են ստեղծել որոշակի մտայնություն, տրամադրություն փոխել»,- ասաց Կիրո Մանոյանը:

Հարցին` արդյո՞ք այդքան ընչաքաղց են ԵԽԽՎ պատգամավորները, որ հնարավոր է, նրանց կաշառելով, հասնել որոշ զեկույցների ընդունման, նա պատասխանեց, որ պատգամավորներից ոմանք կարող են ընչաքաղց լինել, որովհետև այդ պատգամավորների մի մասը վճարվում է այն գումարի չափով, ինչպես վճարվում են իրենց երկրների խորհրդարաններում: