Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ոսկե ծիրան» 15-րդ փառատոնի հյուրերի շարքում է նաև ամերիկացի ռեժիսոր Շոն Բեյքերը: Բեյքերի հետ այսօր տեղի ունեցավ հանդիպում-զրույց. ռեժիսորի խոսքով՝ իր ֆիլմաշխարհ մուտքը հեշտ չի եղել: Բեյքերը մորն է պարտական՝ կինոյի ոլորտ մտնելու համար: Վերջինս հիշեց, որ առաջին անգամ 6 տարեկանում մայրը ձեռքը բռնած տարել է տեղական գրադարան, որտեղ տեսահոլովակներ էին ցուցադրում: «Տեսահոլովակներից մեկն ինձ շատ հետաքրքրեց, ես տպավորված էի ու հաջորդ առավոտ ծնողներիս ասացի, որ ես էլ եմ ուզում կինո նկարել: Այդպես սկսեց իմ՝ ընտանիքիս չարչարելու փորձերը: Ես բոլորին ստիպում էի, որ խաղան իմ «ֆիլմերում», հատկապես՝ քրոջս, ով համբերատար տանում էր իր դերը: Այդպես էլ հասա Նյու Յորք՝ սովորելու»,-ասաց ռեժիսորը:
Նրա խոսքով՝ մինչև համալսարանում սովորելը՝ կինոյի մասին պատկերացումները սահմանափակվում էին միայն դասական ֆիլմերով.«Ես կինոսեր էի, բայց միայն համալսարան հասնելուց հետո իմ առջև կինոյի աշխարհը բացվեց: Համալսարանաում ես ոգեշնչվեցի անկախ կինոյով՝ հատկապես Ջարմուշի ֆիլմերով: Հետո սկսեցի ուսումնասիրել տարբեր ուղղություններ ու շատ ֆիլմեր նայել: Այդ շրջանում ինձ շատ էին դուր գալիս հեղինակային ֆիլմերը, և ես հասկացա, որ իմը դա է»:
Առաջին գեղարվեստական ֆիլմը միշտ ինքնակենսագրական տարրեր են պարունակում՝ սա Բեյքերի համար է ասված: Նրա խոսքով իր առաջին՝ «Չորստառանի բառեր» ֆիլմն իր ամենաինքնակենսագրական ֆիլմն է: Սակայն կինոռեժիսորի առաջին ֆիլմը «կուտ է գնացել», քանի որ 20 տարեկան էր, երբ այն կյանքի է կոչել, իսկ այդ տարիքում դեռ լուրջ չէր վերաբերվում կինոյին: Բեյքերը նշում է, որ, մի կողմից, առանձնապես ջանքեր չի գործադրել, որպեսզի ֆիլմը հաջողության հասնի, մյուս կողմից, նաև հիասթափություն է ապրել, բայց որոշել շարունակել կինոյի ոլորտում իր անելիքը: «Հետո կատակերգական սերիալի հեղինակ դարձա: Այնպես չէ՝ դա որակով բան էր, ուղղակի այն ինձ օգնել մնալ ջրի երեսին՝ տան վարձս վճարել ու կինոյի ոլորտում քայլեր անել: Երբ սկսվեց «Դոգմա 95» շարժումը, այն ինձ հնարավորությւոն տվեց փոքր տեսախցիկով ֆիլմ նկարել ու եթե այն հաջողված ֆիլմ լիներ, կգնահատեին: Այդ տարիներին ընկերուհուս հետ ես վարձով էի ապրում չինական ռեստորանի վերևի հարկում ու որոշեցի նկարել՝ ներքում ինչ է կատարվում: Ռեստորանում ապրանք ներկրողները ներգաղթյալներն են, որոնք հազար ու մի տուն են մտնում, տարբեր մշակույթի մարդկանց հետ շփվում: Մի խոսքով՝ խայծը կար և ես գործի անցա»,-ասաց ռեժիսորը:
Նրա նկարագրմամբ՝ այդ ժամանակ պատկերացում չուներ փառատոների մասին և, առհասարակ, երիտասարդ ռեժիսորներին խուրհուրդ է տալիս շատ չխորանալ փառատոների ներքին խողովակների վրա՝ ովքեր են գնահատում, ինչ փուլեր է անցնում ֆիլմերը: Բեյքերի խոսքով՝ իր երկրորդ ֆիլմի՝ շվեյցարական կինոփառատոնի մասնակցությւոնը պատահականությւոն է եղել.«Ես կինոփառատոների մի գրքույկ վերցրի ու մատս դրեցի մի փառատոնի վրա՝ դա դուրս եկավ: Վատ կինոփառատոն չէր, լավ պանիր էին հյուրասիրում, չնայած մեր ֆիլմը ոչ մի մրցանակի չարժանացավ: Սակայն փառատոնին մասնակցությունը անունս շրջանառվելու հնարավորություն տվեց: Ես մազերս սկսեցի պոկոտել, գոռգռալ ու շարունակել սերիալում աշխատել»:
Կինոռեժիսորին հաջողություն է սկսել բերել իր «Բրոդվեյի արքայազնը ֆիլմը /2008թ./, սակայն այնպես չէ, որ հետագայում ֆիլմեր նկարահանելու համար ֆինանսական խնդիրների առաջ չի կանգնել: Բեյքերը նշում է, որ երբեք ֆիլմի համար հատկացված գումարը հաշվարկով չեն ծախսել՝ որքան «կպցնում», այնքան էլ ծախսում էին՝ փորձելով լավագույն կադրերը ստանալ: Իսկ մեծ ճանաչում կինոռեժիսորին բերել է նրա «Աստղիկ» և «Ֆլորիդա» ֆիլմերը և, նրա խոսքով, ֆիլմն իր առջև բացեց փողի դռները: «Դրանից հետո պրոդյուսերները իմ դուռը թակում ու հարցնում էին՝ չե՞ս ուզում այսքան գումարով մի լավ ֆիլմ նկարել: Հիմա լավ ֆիլմ նկարողներ կան, այո, բայց հոլիվուդը լիքն է անորակ ֆիլմերով, ու կամ էքշըն են նկարում կամ էլ «դեմքիդ թռնող» քաղաքական ֆիլմեր: Իսկ ես ցանկություն ունեմ 70-ականների ֆիլմերին վերադառնալու»:
Սցենարների մասին խոսելով՝ Բեյքերը նշեց, որ դրանց վրա երկար ժամանակ կարող է ծախսվել: Նրա խոսքով՝ մեկ ֆիլմի նախագծի վրա աշխատելը կարող է 1 տարի տևել, ինչը նորմալ է, քանի որ տնային աշխատանքը կինոյի հանդեպ քո հարգանքի մասին է խոսում:
Ինչ վերաբերվում է դերասանների հետ համագործակցությանը, նրանց փնտրել-գտնելուն, ապա այն իրենից մեծ դժվարություն չի ներկայացնում ռեժիսորի համար, քանի որ վերջինս սիրով աշխատում է ոչ միայն պրոֆեսիոնալ դերասանների հետ, այլ նաև անփորձների: Բեյքերն ասում է, որ կարևոր է սկսնակին անվանել ոչ թե ոչ պրոֆեսիոնալ, այլ ուղղակի սկսնակ, քանի որ մի քանի ֆիլմում խաղացած դերասանն էլ կարող է լինել ոչ պրոֆեսիոնալ: «Իրականում ինձ համար հաճույք է սկսնակների հետ աշխատեը: Իհարկե, պրոֆեսիոնալ դերասաններին տեսքտը տալիս ես ու իրենք գործի են անցնում, քեզ միայն մեկ-երկու ուղղում է մնում, սակայն սկսնակների դեպքում ինձ դուր է գալիս այն, որ փորձում են լավագույն դրսևորվել: Բացի այդ՝ ես սիրում եմ խառնել, միքսեր անել՝ պրոֆեսիոնալ դերասաններին սկսնակների հետ նույն ֆիլմում նկարելը կարող է լավ արդյունքի բերել: Բայց մի բա էլ կա՝ մարդ կամ դերասան է, կամ չի կարող խաղալ: Դու չես կարող մեկից «զոռով» լավ դերասան ստանալ, ինչ է թե՝ արտաքինը լավն է: Չկա նման բան՝ մարդու մոտ կամ ստացվում է, կամ ոչ: Այո, կարելի է ինչ-ինչ բաներ հղկել, բայց չեղած տեղից չես կարող դերասան սարքել»:
Բեյքերը խոստովանեց նաև, որ տանը թղթի վրա մնացած մի քանի նախագծեր ունի, որոնց համար անգամ հիմա, երբ ճանաչում է ձեռք բերել, չի կարողանում ֆինանսավորում գտնել:
Նշենք, որ Բեյքերի «մշտական» դերասաններից է Կարեն Կարագուլյանը, ով, ռեժիսորի խոսքով՝ ասել է, որ եթե իր ֆիլմերից մեկում չխաղա, այդ ֆիլմը կձախողվի: