կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-06 14:32
Հասարակություն

ԱԱԾ, ՊՎԾ պետերը, ոստիկանապետը ստանալու են ավելի քիչ աշխատավարձ, քան քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը. Խաժակյանը՝ Երևանի բյուջեի մսխման մասին

ԱԱԾ, ՊՎԾ պետերը, ոստիկանապետը ստանալու են ավելի քիչ աշխատավարձ, քան քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը. Խաժակյանը՝ Երևանի բյուջեի մսխման մասին

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ Երևանի քաղաքապետարանի հաստիքացուցակներին:

«Երբ քաղաքապետարանից ասում էին, որ օպտիմալացման արդյունքում կարող է հաստիքացուցակն ավելանալ, մտածում էի, որ բառախաղ կա, քանի որ գիտեմ, որ մեծ քանակությամբ հաստիքներ կան, որոնք պարզապես անարդյունավետ է քաղաքում ունենալը։ Հիմա փոփոխություն է տեղի ունեցել, և այդ հաստիքացուցակների թիվն էլ ավելի է մեծացվել»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացմանը, «Լույս» խմբակցության ղեկավարը նշեց. «Երբ վերլուծում եմ, թե ինչ համամասնությամբ են քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը բարձրացրել, արձանագրում եմ հետևյալը` միջին և ստորին օղակները, որոնք մասնագիտական որոշակի ունակություններ, համայնքային ծառայողի ստաժ են պահանջում, ինչ-որ ցենզ ունեն, նրանց աշխատավարձերը բարձրացել է միջինը 25-30 տոկոսով։ Բայց քաղաքապետի, տեղակալների, թաղապետերի, թաղապետերի տեղակալների, թաղապետարանների աշխատակազմի քարտուղարների աշխատավարձը կրկնպատկվել է, 100 տոկոսով աճել է»:

Ըստ Խաժակյանի՝  սրանով մեծ բևեռացում է տեղի ունենում աշխատակազմերի միջև, ինչն անթույլատրելի է։ «Քաղաքապետարանը որոշել է նոր պաշտոն ստացածների, որոնք հայեցողական հիմունքներով են զբաղեցնում այդ պաշտոնը, աշխատավարձը կրկնապատկել: Ես ուզում եմ հասկանալ՝ քաղաքապետին ինչու է պետք 7 խորհրդական, 4 օգնական։ Ես այս թվերը համեմատում եմ վարչապետի աշխատակազմի հետ, վարչապետն ունի վճարովի 5 խորհրդական: Եթե մի ժամանակ Տարոն Մարգարյանին էինք ասում, որ` այդքան օգնական ունես, այդքան խորհրդական ունես, օպտիմալացման տեղ կա... Ի դեպ, ամեն խորհրդականի հասնում է մեկ գործավար, մեկ վարորդ, մեկ մեքենա, բնականաբար, այս ամենը մի մեծ թիվ է կազմում քաղաքի համար», - մանրամասնեց Խաժակյանը։

Նա հայտնեց, որ հաստիքացուցակի փոփոխման արդյունքում Երևանի քաղաքապետի աշխատավարձը 575 հազար դրամից դարձել է 1 միլիոն 200 հազար դրամ։

«Պարզվում է, որ ԱԱԾ, ՊՎԾ պետերը, ոտիկանապետը, ՊԵԿ-ի ղեկավարը ստանալու են ավելի քիչ աշխատավարձ, քան քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը, երբ աշխատանքի բնույթների սարերի ու ձորերի տարբերություն կա»,- ընդգծեց Խաժակյանը: