|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Անհանգստացնող հանգամանք է մեր դատական համակարգի ոչ միայն դրական միտում չունենալը, այլ այնպիսի երևույթները, որոնք ակնհայտորեն բոլորի համար չբացահայտված կամ կասկածելի հանգամանքներում են տեղի ունենում: Yerkir.am-ի հարցին ի պատասխան` նման կարծիք հայտնեց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ-ի գործադիր տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը «Մարդու իրավունքները 2018-ին. տարվա ամփոփում» թեմայով հանդիպման ժամանակ:
«Մասնավորապես` մենք ունենք աղմկահարույց մի քանի գործեր, դրանք վերաբերում են Սամվել Մայրապետյանին, Ռոբերտ Քոչարյանին և Մանվել Գրիգորյանին: Այն ժամանակացույցը, որ տեղի են ունեցել այդ ձերբակալությունները, իրավական ճշգրիտ քայլեր պահանջող գործողությունները, մեծ կասկած են առաջացնում՝ արդյո՞ք դրանք զուտ իրավական են, թե՞ քաղաքականացված են: Պատկան մարմինների բարձրաստիճան պաշտոնյաների կողմից տարածվում են ոչ իրավական բանաձևերով և այնպիսի բառապաշարով տեքստեր, որոնք հարիր են լրագրողներին: Երկրորդ՝ այն, ինչ տեղի է ունենում պատկան մարմինների բարձրաստիճան չինովնիկների կողմից, դրանք ես համարում եմ կոշտ ուղղորդում ոչ միայն դատարանների, այլև դատախազների և նախաքննական մարմինների: Մի քանի անգամ ասել եմ՝ անկախ անձի որակից, նրա հանդեպ կարծիքից և ժողովրդի ակտիվ մասի հնչեցրած` արժանապատվությունը նսեմացնող ու դատապարտող արտահայտություններից, այդ ամենը պետք է կանխվեր իշխանությունների կողմից, պետք է ստանար համապատասխան գնահատական: Ի դեպ, այսօր ոչ թե սոցցանցերն են ազդում իշխանությունների վրա, ինչը շատ անգամ արվում էր, այլ հակառակը՝ իշխանությունն է իր հռետորաբանությամբ ամբողջովին ազդում, ինչը դատապարտելի է»,- նշեց Ալավերդյանը:
Ըստ նրա՝ պետք է ոսկերչական աշխատանք տարվի բոլոր դեպքերում՝ անձը լինի քաղաքական, պետական, հասարակական, գործիչ, թե` շարքային քաղաքացի: «Պատկան մարմինները պետք է լինեն վերին աստիճանի կոռեկտ և չհեռանան օրենքի տառից»,-ընդգծեց ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպանը՝ ակնարկելով, որ դատավորներին ուղղորդելու փորձեր են արվում:
«Եթե այս ամենը մնա առանց պատշաճ գնահատականի, դա մեծ ահազանգ է, և մեզ խոստանում է բավականին վատ իրավիճակ իրավապահ մարմինների և հասարակության հարաբերություններում»,- ընդգծեց Ալավերդյանը:
ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպանն անդրադարձավ նաև լրատվամիջոցների նկատմամբ անընդունելի վերաբերմունքին: «Ամենաճչացող դեպքերը տեղի են ունեցել այս օրերին, երբ 3 լրատվամիջոցի գրասենյակներ մտան, երբ անհասկանալի և անհիմն պատճառներով հանդես եկավ ոստիկանությունը: Ամենախորշելին այն էր, որ դրան բացատրություն եղավ, ինչը խոսում է նրա մասին, որ ոստիկանության ղեկավարությունը չի տիրապետում ամենապարզ նորմերին, որոնք վերաբերում են խոսքի ազատությանը, նյութերի հրապարակմանը, թե ով և ինչպես պետք է պատասխանատվություն կրի դրա համար: Ես միշտ ասել եմ, որ մեր նվաճումը խոսքի ազատության դաշտում է, եթե այստեղ ունենանք հետընթաց, պետք է ահազանգել: Դատապարտելի էր, որ սրա արձագանքն ուշացավ: Ի՞նչն է խանգարում մեզ այսօր ազատությունները պաշտպանել նույն խորությամբ, ինչպես դա արվել է նախկին իշխանությունների ժամանակ: Ես հորդորում եմ բոլոր հասարակական կազմակեպություններին, ԶԼՄ-ներն, կուսակցություններին, որ հստակեցնեն իրենց վերաբերմունքը մարդու ազատությունների և իրավունքների ոտնահարմանը: Այլապես ստացվում է, որ հանդուրժողականություն է դրսևորվում անհանդուրժելի երևույթների նկատմամբ: Մենք չպետք է միայն հեռացվողների հետ կապված հարցերում ուրախանանք, այլ հասարակությունը պահանջատեր պիտի լինի այն հարցերում, երբ մարդու իրավունքների և ազատությունների ոտնձգություններ են նկատվում»,- ասաց Լարիսա Ալավերդյանը: