Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանն այդքան էլ լուրջ չի համարում Քաղաքացու օրը` հասարակության պառակտման տեսանկյունից, համենայն դեպս, իր դեպքում այն չի պառակտում, որովհետև, ըստ նրա, Քաղաքացու օրը կոչված է նշել զուտ իշխանափոխությունը:
«1945-ի հաղթանակից 20 տարի հետո են նշել այդ օրը և ոչ աշխատանքային դարձրել: Իսկ մեր այդ շտապողականությունը գալիս է միայն հաստատելու նոր եկած ուժի հաղթանակը նշելու ցանկությունը: Դեռ Խորենացին է ասել՝ ամենափոքր թերությունն իշխանության մեջ հազարապատիկ արտահայտվում է ժողովրդի մեջ: Եվ մեր անհանգստությունը գալիս է ոչ թե նրանից, որ Զարթոնքում մեկին հանել են, հիմա էլ ուզում են աղջկան հանել, այլ այն բանից, որ այդ մեթոդը խրախուսվում է: Եվ այստեղ շատ կարևոր է բառապաշարը, որն օգտագործվում է առաջին էշելոնի բոլոր մարդկանց կողմից: Եթե մենք սրան նշանակություն չտանք, եթե ինչպես «Իմ քայլից» շատ պատգամավորներ, արժանապատվությունը նսեմացնող ձևով արդարացնենք այդպիսի բառապաշարը, մենք ունենալու ենք ավելի մեծ խնդիր»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ի պատասխան yerkir.am -ի հարցին, նշեց Ալավերդյանը:
Նա անդրադարձավ նաև օրենքի առջև բոլորի հավասար լինելու անհրաժեշտությանը: «Ես այդտեղ խնդիրներ եմ տեսնում. մենք ամեն օր հանդիպում ենք ընտրովի մոտեցումների, որն ինձ համար խնդիր է: Կրկնում եմ՝ մոտեցումները լինում են տարբերակված, և դա շատ պարզ է երևում»,- ընդգծեց Ալավերդյանը:
Հանդիպմանը ներկա` «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Թեւան Պողոսյանն էլ հավելեց. «Եթե Քաղաքացու օրը սիրո և միասնության քարոզի հիմքի մեջ լինի, ոչ մեկի չի պառակտի: Ես կարծում եմ, որ դրա պակասությունը կա, որ մեր միասնականության վրա պետք է աշխատենք, բարություն, սեր և հանդուրժողականություն պիտի լինի, որովհետև ուժեղ մարտահրավերներին դիմակայելու մեր ռեալ ռեսուրսը սա է: Եթե մենք այս սիրով վերաբերվեինք, ապա ի սկզբանե կձևավորեինք քաղաքական համերաշխության բանակցային սեղան»: